
Հայաստանի կառավարությունը 29.3 միլիարդ դրամ՝ ավելի քան 80 միլիոն դոլար կուղղի Առողջապահական համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ քաղաքացիների ապահովագրության սուբսիդավորման համար։ Այդ գումարը կներառի մինչև դեկտեմբեր ապահովագրավճարների սուբսիդավորման պարտքը։ Այդ մասին հայտնում է Ազատությունը։
Համապատասխան որոշման նախագիծը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Կառավարությունը սուբսիդավորման այս պարտքը հիմնադրամին մտադիր է հատկացնել՝ նվազեցումներ կատարելով Ֆինանսների նախարարությունից ու Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։ Մասնավորապես, Ֆինանսների նախարարության պետական պարտքի սպասարկման գումարներից ապահովագրության սուբսիդավորմանը կուղղվի 10 մլրդ դրամ։
Ավելի քան 19 մլրդ դրամ էլ կվերաբաշխվի Աշխատանքի և բարեկեցության նախարարության միջոցներից, մասնավորապես կրճատումներ կլինեն անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցության, ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված, զբաղվածության, անհուսալի վարկային պատմություն ունեցող անձանց աջակցության ծրագրերից և կուղղվեն ապահովագրությանը։