
44-օրյա պատերազմի ավարտի վեցերորդ տարեդարձի առթիվ օկուպացված Ստեփանակերտում ելույթ ունենալով՝ Ալիևը հայտարարեց, որ ադրբեջանական բանակը «հաղթել է», քանի որ ադրբեջանցի զինվորները չեն լքել մարտադաշտը և կռվել են մինչև վերջ։ Միևնույն ժամանակ, Ալիևը պնդել էր, որ հայկական բանակն ուներ 12,000 դասալիք, ինչը խոստովանել է նաև Հայաստանը, և որ հայերը չեն կռվել, այլ փախել են, այդ պատճառով էլ Հայաստանը պարտվել է։
12,000 դասալիքների պատմությունը պատերազմից հետո «պատմել» է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որը փորձել է դրանով պնդել, որ Արցախը հանձնել է ոչ թե իր ամուսինը, այլ Արցախի ժողովուրդը և հայկական բանակը։ Նրա հայտարարությունից հետո հարյուրավոր գործեր են հարուցվել հազարավոր մարդկանց դեմ, որոնք տարիներ շարունակ անորոշ հետաքննության, շատերը՝ կալանքի տակ են մինչ օրս։
Նիկոլ Փաշինյանը ևս փորձել է արդարացնել իր գործողությունները 2023 թվականի սեպտեմբերին՝ պնդելով, որ արցախցիներն իրենք են «փախել», և ինքը անզոր էր որևէ բան անել դրա հետ կապված՝ ակնարկելով, որ եթե նրանք մնային, բոլոր խնդիրները կլուծվեին։ Հաջորդ տարիները բացահայտեցին, թե ինչպես «լուծվեցին» Ստեփանակերտում մնացած երկու տասնյակ մարդկանց խնդիրները։
Այժմ Ալիևն օգտագործում է «փախած արցախցիների» թեման՝ արդարացնելու համար իր ցեղասպանական գործողությունները, էթնիկ զտումները և Արցախի օկուպացիան։ Միաժամանակ, Ալիևը նաև «փրկում» է Փաշինյանին՝ «ակնարկելով», որ ոչ թե Փաշինյանն է հանձնել Արցախը, այլ պարզապես գովաբանված հայկական զորքերն ու արցախցիները փախել են։
Պատասխանելով արցախցի մի աղջկա հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները արցախցիներին ասում, որ նրանք “փախել են”, Փաշինյանն օրերս ասաց, որ արցախցիներին էլ իրեն մեղադրում են, որ նա ծախել է Արցախը։ Ավելի պարզ պատասխան չէր կարող լինել, և հասկանալի է, թե ինչու են իրենց “արդարացման” պատանդ պահում հազարավոր կռված տղաների։
Դասալիքների արհեստական թեման դեռ երկար ժամանակ կմնա որպես ազգային ամոթի և անպատվաբերության կնիք հայկական բանակի վրա։ Այս խարանը կարող է ջնջվել միայն արդար դատական որոշումներով, որոնք կվերականգնեն ոչ միայն քաղաքական արկածախնդրության զոհ դարձած մարդկանց պատիվն ու արժանապատվությունը, այլև քաջարի հայկական բանակի համբավը, որը հերոսաբար կատարեց իր առաքելությունը թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։