Բա դո՞ւք ուր էիք, երբ Ստեփանակերտը “Խանքենդի” էր ճանաչվում, թե՞ օգնում էիք

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 24-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաչափական անձնագրերում առանց մարդկանց կարծիքը հարցնելու «ծննդավայր» բաժնում գրում «Ադրբեջան»։

Նախարարը նշեց, որ ICAO-ն ընդհանուր առմամբ ունի ստանդարտ, որով անձնագրի դաշտերի լրացման կանոնակարգը նախատեսվում է, և «ծննդյան վայրը» դաշտի մասով ունի լրացման կոնկրետ կառուցակարգեր՝ կարող ես պետություն նշել, այո, կարող ես քաղաք նշել, այո, կարող ես բնակավայր նշել։

«Սրա կողքին մենք ունենք ISO ստանդարտ, որը միջազգայնորեն ընդունված, ճանաչված տեղանունների բավական մեծ ցանկ է հաստատված ստանդարտով։ Հիմա, մենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը՝ հաշվի առնելով նույն ICAO-ի փորձագետների հետ մեր կոնսուլտացիաները, ընթացս տարբեր իրավիճակներում տարբեր պետությունների համար ծագած խնդիրները։ Մենք որոշել ենք նշել պետությունը, այլ ոչ կոնկրետ քաղաքը, որովհետև քաղաքների կրկնությունների կամ քաղաքների՝ միջազգային ստանդարտներով նշված չլինելու տեսանկյունից կարող են սահմանին խնդիրներ առաջացնել։ Օրինակ՝ 2025 թվականին Ուրուգվայը որոշակի խնդիրներ ունեցավ Գերմանիայի և Ֆրանսիայի հետ, որովհետև սահմանահատումներ թույլ չէին տրվում այն տրամաբանությունից ելնելով, որ «ծննդավայր» դաշտը, օրինակ, չկար նախատեսված։ Եվ  հետո Ուրուգվայը փոփոխեց քաղաքականությունը՝ նախատեսեց ծննդավայրը»,- ասաց նա։

«Եթե մենք նույնիսկ որոշեինք, որ գնալու ենք բնակավայրը նշելու ճանապարհով, պիտի առաջնորդվեինք ISO ստանդարտով։ ISO ստանդարտում Ղարաբաղի մեր հայրենակիցների կողմից մատնանշված տեղանունները չեք գտնի այն անվանումներով, որոնք նրանք ցանկություն ունեն տեսնելու իրենց անձնագրերում։ Եվ եթե բացեք ISO ստանդարտը, կնկատեք, որ տեղանունները միջազգայնորեն ընդհանուր առմամբ ճանաչված տերմիններով են կոչվում, և այն անվանումները, որոնք մեր հայրենակիցներն ակնկալում են տեսնել անձնագրում, այդպիսի բան չէինք կարող իրականացնել։ Մենք գնացել ենք ավելի գլոբալ ճանապարհով, որպեսզի նշենք կոնկրետ պետության տարածքը։ Դրա համար նախատեսված է «Ադրբեջանի Հանրապետությունը» «ծննդավայր» դաշտի նշման համար»,- հավելեց նա։

Անդրադառնալով արցախցիներիկ բողոքին՝ Արփինե Սարգսյանն ասաց․ «Օրինակ՝ մեզ ասում են՝ դա կամարտահայտությամբ է՝ նշենք, թե չնշենք։ Ամենայն հարգանքով բոլոր հայրենակիցների կողմից ներկայացված փաստարկներին, բայց միջազգային ստանդարտը շատ հստակ է՝ դա ոչ թե անձի կամարտահայտությունն է՝ ուզել կամ չուզել իր անձնագրում նշվի, այլ դա պետությունների ցանկությունն է՝ «ծննդավայր» դաշտը նշվի կամ «ծննդավայր» դաշտը ինչպես նշվի։ Այսինքն՝ եթե մեկը այցելի գրասենյակ և ասի՝ ես չեմ ցանկանում «ծննդյան վայրը» դաշտում նշվի որևէ բան, այդպես լինել չի կարող, որովհետև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը առաջնորդվում է կոնկրետ միջազգային ստանդարտով»։

Ըստ նրա՝ ICAO-ի ստանդարտը մի փոքր նշում ունի, բայց նախատեսում է, որ երբ պետությունն ընտրում է «ծննդյան վայրը» դաշտում նախատեսել պետությունը կամ, օրինակ, այն տարածքը, որը որ պիտի նշվի, այստեղ պիտի հաշվի առնվի նաև քաղաքական առկա զգայունությունները կոնկրետ պետություններում, և նաև հաշվի առնվի՝ արդյոք տվյալ պետության կամ տարածքի անվանումը ճանաչված է այլ պետությունների կողմից, օրինակ, վիզային ընդհանուր քաղաքականության շրջանակներում, թե ոչ։

«Սա շատ կարևոր նյուանս է, որը, այո, ես հասկանում եմ, նաև էմոցիոնալ ընկալումներից ելնելով մի կողմ ենք թողնում, բայց ICAO-ն շատ հստակ նախատեսում է, որ դու չես կարող որպես պետություն քո ցանկություններից ելնելով նշել, թե «ծննդյան վայրը» դաշտում ինչ պիտի լինի։ Դու պիտի հասկանաս՝ կա քաղաքական զգայունություն, թե չկա քաղաքական զգայունություն, կամ տվյալ պետությունը ու տարածքը ճանաչված է միջազգայնորեն, թե՞ ճանաչված չէ։ Սա է պատճառը, որ մենք բոլոր խնդիրների հաշվառմամբ գնացել ենք այս լուծմանը»,- ասաց Սարգսյանը։

ՆԳ նախարարը լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց․ «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մեր հայրենակիցները վերցված են պետության ժամանակավոր պաշտպանության ներքո։ Եվ ես ուրախ եմ, որ շուրջ 50 000 անձ մինչ այս պահը դիմել է և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել։ Այս  հարցի պատասխանն ըստ էության տրվել է տեղահանումից հետո, երբ որ կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ Ես, անկեղծ ասած, մի փոքր չասեմ անակնկալի եկա, բայց տարօրինակ էր ինձ համար, որ հենց հիմա բարձրացվեց հարցը, որովհետև 2025 թվականի ապրիլին դեռևս մենք առնչվել ենք թեմային, նորից հարցադրումներ հնչել են, և դաշտը նշելու բովանդակությունը որևէ կապ չունի նախկին կամ ներկա իրողությունների հետ։ Կենսաչափական անձնագրի ուղղակի ներդրմամբ մենք որոշել ենք իսպառ բացառել բոլոր այն վարչարարական աղավաղումները, որոնք ընթացս տեղի են ունեցել «ծննդյան վայրը» դաշտի լրացման մասով, և մենք գնացել ենք միջազգային ընդհանուր ընկալելի մոտեցումներով»։

Նա ասաց, որ սահմանահատումների ժամանակ արցախցիներն իրենց են դիմում, երբ որևէ պետության հետ խնդիր է առաջանում սահմանին՝ այս կամ այն տվյալի ճշգրտման կամ այս կամ այն տվյալի՝ որևէ պետության համար ընդունելի չլինելու տեսանկյունից։ Նա ասաց, որ իրենք են այդ խնդիրները լուծում։ «Եվ հիմա աչք փակենք այդ բոլոր իրավիճակների վրա, ասենք՝ ոչինչ, թող գնան սահմանահատում իրականացնեն, խնդիր գեներացվի, ես չեմ կարծում, որ դա պատասխանատու մոտեցում է։ Ես նորից եմ ասում՝ անձնագիրը սահմանահատման փաստաթուղթ է, դու անձնագրով հայտնվում ես այլ պետության տարածքում։ Այն էլ մի բան, որն այլ պետությունները չեն ընկալում, չեն հասկանում և չեն կարողանա ճիշտ ռեակցիա տալ, դա կնշանակի ամբողջ իրավիճակին չտիրապետել և գնալ էմոցիոնալ ինչ-որ հարցի լուծման տարբերակով»,- հավելեց նա։

Հարցին, այսինքն ստացվում է՝ ՀՀ կառավարությունն այսպիսով սահմանում է, որ հայերը «օկուպանտնե՞ր» են, եթե արցախցիների անձնագրում նշվում է «Ադրբեջան», նախարարը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է բռնազավթմանը՝ քանի որ մեր հայրենակիցները փախստական են, և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, բռնազավթման մասին խոսք լինել ուղղակի չի կարող»։