Այվազովսկու «Վենետիկը գիշերը» կտավը Լոնդոնում վաճառվել է 1.3 միլիոն եվրոյով

DW

Հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերը։ Սուրբ Գեորգիո Մաջորե» կտավը վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, 1.08 միլիոն ֆունտ ստեռլինգով (համարժեք է 1.3 միլիոն եվրոյի): Աճուրդային տան կայքի համաձայն՝ աշխատանքի մոտավոր գնահատականը կազմել է 500,000-700,000 ֆունտ ստեռլինգ։

«Վենետիկը գիշերը։ Սուրբ Գեորգիո Մաջորե» կտավը Այվազովսկին նկարել է 1862 թվականին:

Էստոնացի հավաքորդ և անտիկվարը Այվազովսկու նկարը ձեռք է բերել Սանկտ Պետերբուրգում 19-րդ դարի վերջին: Այդ ժամանակվանից ի վեր նկարը մեկ դարից ավելի մնացել է նույն ընտանիքի մոտ: Ըստ Sotheby’s-ի կայքի՝ նկարը Ռուսաստանից տարվել է, երբ ընտանիքը վերադարձել է Էստոնիա՝ փախչելով բոլշևիկյան հեղափոխությանը հաջորդած խռովություններից և քաղաքացիական պատերազմից։

Նշվում է, որ սա առաջին անգամն է, որ «Վենետիկը գիշերը։ Սուրբ Ջորջիո Մաջորե»-ն առաջարկվում է աճուրդի։