
Արցախի դատական և դատախազական համակարգերում երկարամյա ծառայության հիմքով կենսաթոշակի անցած անձինք բռնի տեղահանությունից հետո կանգնել են նախկինում ձեռք բերած իրավունքները կորցնելու խնդրի առաջ։ Հայաստան տեղափոխվելուց հետո նրանց կենսաթոշակների վճարումը չի շարունակվել, իսկ որոշ դեպքերում նշանակվել են սովորական տարիքային աշխատանքային կենսաթոշակներ, որոնք էապես զիջել են Արցախում ստացած մասնագիտական կենսաթոշակներին։ Իրենց իրավունքները վերականգնելու համար նախկին դատավորներն ու դատախազները ստիպված են եղել դիմել դատարան։
Արդեն կան նախկին դատավորի օգտին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ և նախկին դատախազների հայցերի բավարարման դեպքեր։ Սակայն խնդիրը, ըստ զրուցակիցների, շարունակում է մնալ չլուծված համակարգային մակարդակում։
Նախկին դատավորի պատմությունը․ Արցախում նշանակված կենսաթոշակի փոխարեն՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ
Արցախի դատական համակարգում շուրջ 30 տարվա մասնագիտական ստաժ ունեցող նախկին դատավոր Աննա Մարտիրոսյանը (անունը փոխված է՝ զրուցակցի խնդրանքով) 2023 թվականի հունվարի 4-ից Արցախում կենսաթոշակ էր ստանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի օրենքով սահմանված կարգով։
2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո՝ Հայաստան բռնի տեղահանվելու և այստեղ մշտական բնակություն հաստատելու հետևանքով, նրա կենսաթոշակի վճարումը դադարեցվել է։
2024 թվականի փետրվարին նա դիմել է Միասնական սոցիալական ծառայություն՝ խնդրելով շարունակել կենսաթոշակի վճարումը 2023 թվականի հոկտեմբերից։ Սակայն ծառայությունը մերժել է դիմումը՝ նշելով, որ Հայաստանի օրենսդրությամբ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակ նշանակելու հիմքեր չկան։ Փոխարենը՝ նրան նշանակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ։
«Իմ դիմումի պատասխանով հայտնել են, որ հիմքեր չկան ինձ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելու համար։ Այդ պատճառով նշանակել են տարիքային աշխատանքային կենսաթոշակ»,– պատմում է նախկին դատավորը։
2024 թվականին նա դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Միասնական սոցիալական ծառայությանը վերականգնել Արցախում դատավոր աշխատելու համար ձեռք բերած կենսաթոշակային իրավունքը և այն տրամադրել նույն ծավալով՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած։ Գործով որպես երրորդ անձ ներգրավվել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Հայցի հիմնական իրավական հիմքերից մեկը 1951 թվականի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 3-րդ մասն էր, ըստ որի՝ պայմանավորվող պետությունը շարունակում է փախստականներին տրամադրել այն իրավունքներն ու արտոնությունները, որոնցով նրանք արդեն օժտված էին։
«Եթե ես արդեն օժտված եմ եղել այդ իրավունքով, ուրեմն նույն իրավունքը պետք է պաշտպանվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Կոնվենցիային միանալիս Հայաստանը այս հոդվածի վերաբերյալ վերապահում չի կատարել, հետևաբար պարտավոր էր պահպանել դրա դրույթները»,– բացատրում է նախկին դատավորը։
Դատարանը բավարարել է հայցը։ Վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարանում, սակայն հետագայում մտել է օրինական ուժի մեջ։
Նախկին դատավորի խոսքով՝ ինքը ստացել է կուտակված կենսաթոշակային գումարները, բացառությամբ երկու ամսվա վճարումների։ Այդ երկու ամիսների չվճարման պատճառը, նրա գնահատմամբ, դատարանի թույլ տված սխալն է․ կենսաթոշակի իրավունքի վերականգնման սկիզբը կապվել է 2023 թվականի նոյեմբերի 28-ի՝ փախստականի վկայականը ստանալու օրվա հետ, մինչդեռ նա պահանջել էր վճարումները սկսել հոկտեմբերի 1-ից։
«Ես ստացել եմ բոլոր գումարները՝ բացառությամբ այդ երկու ամսվա»,– նշում է նա։
Ինչո՞ւ են որոշ ծառայողների կենսաթոշակները վերականգնվել, իսկ դատավորներինն ու դատախազներինը՝ ոչ
Նախկին դատավորը խնդրի առաջացման պատճառներից մեկը տեսնում է հետտեղահանման շրջանում ընդունված օրենսդրական փոփոխությունների և տարբեր մասնագիտական խմբերի նկատմամբ կիրառված մոտեցումների մեջ։
Նրա խոսքով՝ Հայաստանի օրենսդրությամբ որոշում է կայացվել Արցախի մի շարք ուժային կառույցների աշխատակիցների կենսաթոշակային իրավունքները վերականգնելու և նրանց կենսաթոշակները Հայաստանի համապատասխան համակարգում ստացվող կենսաթոշակներին հավասարեցնելու վերաբերյալ։ Խոսքը ոստիկանության, փրկարար ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության և հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների մասին է։
«Ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության և հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների կենսաթոշակները հավասարեցվել են Հայաստանում կենսաթոշակ ստացողների կենսաթոշակներին։ Իսկ դատավորների և դատախազների մասով նման կարգավորում չի եղել։ Եթե մի խմբի համար այդ իրավունքը վերականգնում եք, իսկ մյուսի համար՝ ոչ, դա խտրական վերաբերմունք է»,– ասում է նա։
Նախկին դատավորը նշում է, որ իր գործով դատարանը հաշվի է առել նաև այս հանգամանքը և բավարարել իր պահանջը։
Նրա գնահատմամբ՝ խնդիրը միայն կենսաթոշակի չափը չէ։ Խոսքը նախկինում օրինական հիմքով ձեռք բերված իրավունքի շարունակականության և տարբեր խմբերի նկատմամբ հավասար վերաբերմունքի մասին է։
Նախկին դատախազների երեք հայցերից երկուսն արդեն բավարարվել են
Արցախի նախկին դատավորների խնդրին զուգահեռ՝ նմանատիպ գործերով զբաղվում է նաև իրավապաշտպան, փաստաբան Անուշ Շահրամանյանը։ Նա ներկայացնում է Արցախի դատախազության համակարգից երկարամյա ծառայության հիմքով կենսաթոշակի անցած անձանց շահերը։
Շահրամանյանի փոխանցմամբ՝ նախկին դատախազների կենսաթոշակային իրավունքների վերականգնման պահանջով իր կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված երեք հայցերից երկուսն արդեն քննվել և ամբողջությամբ բավարարվել են, իսկ երրորդ գործը գտնվում է դատաքննության փուլում։
«Բավարարված երկու վճիռներով դատարանը պարտավորեցրել է լիազոր մարմնին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Միասնական սոցիալական ծառայությանը, վերականգնել նախկին դատախազների՝ Արցախում ձեռք բերված կենսաթոշակի իրավունքը և վճարել այն բռնի տեղահանումից անմիջապես հետո՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած»,– հայտնում է փաստաբանը։
Առաջին վճիռը կայացվել է 2026 թվականի հոկտեմբերի 1-ին։ Դրանով վերականգնվել է նախկին դատախազի՝ ամսական 176 հազար դրամ կենսաթոշակի իրավունքը։ Մինչ այդ Հայաստանում նրան նշանակվել էր նախ 40 հազար 650, ապա՝ 50 հազար 650 դրամ տարիքային աշխատանքային կենսաթոշակ։
Փաստաբանի հաշվարկով՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի նոյեմբեր ներառյալ՝ 38 ամսվա համար, չվճարված կենսաթոշակի գումարը կազմում է 6 միլիոն 688 հազար դրամ։
Երկրորդ վճիռը կայացվել է 2026 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այս գործով վերականգնվել է նախկին դատախազի՝ ամսական 353 հազար 500 դրամ կենսաթոշակի իրավունքը։ Նույն ժամանակահատվածի՝ 38 ամսվա համար կուտակված չվճարված գումարը կազմում է 13 միլիոն 433 հազար դրամ։
Երրորդ հայցով պահանջվում է վերականգնել ավելի քան 31 տարվա մասնագիտական ստաժ ունեցող նախկին դատախազի՝ Արցախում նշանակված ամսական 511 հազար 855 դրամ կենսաթոշակի իրավունքը։ Փաստաբանի ներկայացմամբ՝ 38 ամսվա չվճարված գումարը կազմում է 19 միլիոն 450 հազար 490 դրամ։
Այսպիսով, երեք գործերով հաշվարկված չվճարված կենսաթոշակների ընդհանուր ծավալը կազմում է 39 միլիոն 571 հազար 490 դրամ՝ առանց հաշվի առնելու Հայաստանում վճարված տարիքային աշխատանքային կենսաթոշակները։
Շահրամանյանի խոսքով՝ վճիռներից միայն մեկն է արդեն մտել օրինական ուժի մեջ։ Մյուս վճռի վերաբերյալ բողոքարկման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է։ Հետևաբար նշված գումարները ներկայացնում են հաշվարկված պահանջները, այլ ոչ թե արդեն ամբողջությամբ վճարված գումարները։
Փաստաբանի իրավական հիմնավորումները
Անուշ Շահրամանյանը նախկին դատախազների գործերով դատարանում ներկայացրել է մի քանի իրավական հիմնավորում։
Առաջինը խտրականության արգելքն է։ Փաստաբանի խոսքով՝ Հայաստանի օրենսդրական փոփոխություններով Արցախի մի շարք ուժային կառույցների աշխատակիցների կենսաթոշակային իրավունքները վերականգնվել են, մինչդեռ դատավորներն ու դատախազները դուրս են մնացել այդ կարգավորումներից։
«Նույն իրավական կարգավիճակն ունեցող հանրային ծառայողների միջև նման տարբերակված մոտեցումն առանց օբյեկտիվ հիմքի է։ Մենք վկայակոչել ենք ՀՀ Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը»,– ներկայացնում է Շահրամանյանը։
Երկրորդը սեփականության իրավունքի պաշտպանությունն է։ Փաստաբանի դիրքորոշմամբ՝ օրինական հիմքով արդեն նշանակված կենսաթոշակը անձի գույքային իրավունքն է, և այն չի կարող կամայականորեն դադարեցվել։ Այս առնչությամբ վկայակոչվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը։
Երրորդը 1951 թվականի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 3-րդ մասն է, որի համաձայն՝ պետությունը պետք է շարունակի փախստականներին տրամադրել այն իրավունքներն ու արտոնությունները, որոնցով նրանք արդեն օժտված էին։
Շահրամանյանի գնահատմամբ՝ այս իրավական հիմքերն ամբողջությամբ կիրառելի են նաև Արցախի նախկին դատավորների նկատմամբ։
Դատական վճիռներ կան, բայց վարչական մոտեցումը չի փոխվում
Չնայած արդեն կայացված բարենպաստ դատական ակտերին՝ Անուշ Շահրամանյանի խոսքով՝ պետական մարմինների վարչական պրակտիկայում որևէ փոփոխություն դեռևս չի նկատվում։
«Ցավոք, պետական մարմինների՝ թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Միասնական սոցիալական ծառայության, թե՛ Ֆինանսների նախարարության վարչական պրակտիկայում և դիրքորոշումներում որևէ փոփոխություն դեռևս չի նկատվում»,– ասում է փաստաբանը։
Նրա փոխանցմամբ՝ պետական մարմինները շարունակում են դիմումներին տալ նույնաբովանդակ մերժումներ՝ պատճառաբանելով, որ անձինք պաշտոնավարել են ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ Լեռնային Ղարաբաղում։
«Ստացվում է, որ պետական մարմինները խնդրին համակարգային օրենսդրական կամ ենթաօրենսդրական լուծում տալու փոխարեն ստիպում են յուրաքանչյուր նախկին դատախազի ու դատավորի անհատական կարգով անցնել դատական քաշքշուկների միջով՝ իրենց օրինական ու սահմանադրական իրավունքը վերականգնելու համար»,– նշում է Շահրամանյանը։
Նա նաև հայտնում է, որ դատական նիստերին պետական մարմինների ներկայացուցիչները հաճախ չեն ներկայանում, իսկ գրավոր պատասխաններում շարունակում են կրկնել նույն մերժման հիմնավորումները։
Նախկին դատավորն էլ հաստատում է, որ իր գործով ձեռք բերված արդյունքը դեռևս չի հանգեցրել խնդրի ընդհանուր լուծման։
«Վարչական պրակտիկայի փոփոխություն չի կատարվել։ Պարզապես սպասում ենք, որ դատախազներն ու դատավորները դատարաններում տարիներ չկորցնեն, բայց առայժմ ոչ մի փոփոխություն չկա»,– ասում է նա։
Անուշ Շահրամանյանի ներկայացրած գործերն իրականացվում են անվճար իրավաբանական աջակցության շրջանակում՝ ՀՀ փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի համատեղ իրականացրած «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրով։
Այսպիսով, նախկին դատավորի և դատախազների գործերը ցույց են տալիս, որ Արցախի դատական և դատախազական համակարգերում երկարամյա ծառայությամբ ձեռք բերված կենսաթոշակային իրավունքների վերականգնումը առայժմ իրականացվում է հիմնականում անհատական դատական գործընթացների միջոցով։ Մինչդեռ հիմնական հարցը մնում է բաց․ ինչո՞ւ նախկինում ձեռք բերված իրավունքը վերականգնելու համար մարդիկ պետք է տարիներ շարունակ դատական գործընթացների միջով անցնեն, եթե նման դեպքերի համար հնարավոր է ընդհանուր իրավական լուծում սահմանել։
Մարիամ Սարգսյան