Կարող եք միայն ID-ն ստանալ․ Անուշ Շահրամանյանը ներկայացնում է նոր կարգավորումները

Անուշ Շահրամանյան

Սիրելի՛ արցախցիներ, նոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկած կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացի հետ կապված բազմաթիվ հարցեր էի ստանում՝ հատկապես 28,650 դրամ պետական տուրքի և նոր անձնագիր ստանալու պարտադիր լինելու վերաբերյալ։

Այս հարցերին հստակ պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցում էի ուղարկել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, և արդեն ստացել եմ պաշտոնական պատասխանը։

Ծառայությունից պարզաբանել են, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո պարտադիր է միայն նույնականացման (ID) քարտ ունենալը (որի պետական տուրքը 5,950 դրամ է), իսկ 28,650 դրամ արժողությամբ կենսաչափական անձնագիր ստանալը կամավոր է։

Այսինքն՝ եթե դուք չեք պատրաստվում դուրս գալ Հայաստանից (սահման հատել), ապա երկրի ներսում ձեր բոլոր իրավունքներից օգտվելու համար միայն նույնականացման քարտը լիովին բավարար է։

Ինչ վերաբերում է պետական տուրքի արտոնություններին, ապա կենսաչափական անձնագրի համար որևէ զեղչ կամ ազատում չկա։ Փոխարենը՝ նույնականացման քարտը տրամադրվում է անվճար՝ ընտանիքների անապահովության գնահատման համար դիմող անձանց, սոցիալապես անապահով ճանաչված և սահմանված շեմից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների անդամներին, ինչպես նաև առաջին անգամ ID քարտ ստացող այն քաղաքացիներին, որոնք 16 տարին լրանալուց հետո ՀՀ անձնագիր չեն ստացել։