Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հումանիտար կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
« 19 հազար մարդ է հատել Կոռնիձորի անցակետը։ Ինչպես նշեցի, 19 հազարից 2500-ը արդեն գտնվում է իրենց տեղակայման վայրերում, այն մարդիկ, ովքեր դիմել են կառավարությանը աջակցություն ստանալու համար։ Այս պահին Գորիսում գտնվում են 1200 մարդ, ովքեր դեռևս գտնվում են տեղավորման գործընթացում, դա հասկանալի պատճառներով որոշակի ժամանակ է պահանջում։ Մնացած մարդիկ ասել են, որ ունեն իրենց համապատասխան բնակության վայրերը։ Նրանք ասել են, որ մեր աջակցության կարիքը չունեն։ Հասկանալով, որ դա մարդկանց կամքն է և ընդառաջ գնալով այդ հանգամանքին, համաձայնել ենք, որ նրանք գնան այն հասցեներով, որտեղ իրենք նախապես որոշել են»,- նշեց Խաչատրյանը։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով, ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը նախապես գույքագրել էր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գտնվող հյուրատները և հյուրանոցները, որտեղ մարդկանց առաջին իսկ դիմումով կարող են մարդկանց տեղավորել։
« Մենք այս երեք օրերի ընթացքում արդեն իսկ 2500-ից ավելի անձանց կեցավայրով ենք ապահովել։ Նրանցից մոտ հազարը տեղակայված են Սյունիքի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում, 500՝ Վայքում, մոտ 500-ը՝ Գեղարքունիքի մարզում։ Եվ այս ժամերի ընթացքում շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում մարդկանց տեղակայումը։ Շարունակելու ենք այդպես շարժվել առաջ»,- ասաց Խաչատրյանը։