ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան արձանագրեցին՝ Ռուսաստանը հանցակից է Բաքվին

  • 11:58 27.09.2023

Lragir

Արցախի դեմ Ռուսաստանի առաջնորդությամբ Բաքվի լայնածավալ հարձակումից եւ բնիկ մեծամասնության տեղահանության մեկնարկից հետո Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ «Ռուսաստանն է աջակցել Բաքվին, Ռուսաստանը հանցակից է Բաքվին»։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը Արցախում ստեղծված իրավիճակի եւ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի համատեքստում հայտարարեց, որ «Ռուսաստանն անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ»։

Ռուսաստանի հանցակցության փաստը ավելի ու ավելի է ընդգծվում համաշխարհային, այդ թվում ռուսական, մամուլի հրապարակումներում եւ Եվրոպական խորհրդարանի քննարկումներում։ Ռուսաստանը ամուր կապվում է ազերբայդժանին եւ հռչակվում նրան հանցակից։ Հեռու չէ օրը, երբ Ռուսաստանին կարող է նեկայացվել ամբողջական մեղադրանքը՝ Հայաստանի (Արցախը ներառյալ) դեմ ահաբեկչական ռազմական արշավի եւ ցեղասպանական գործողությունների նախաձեռնող եւ երաշխավոր։

Սա վաղուց պետք է արվեր, եւ չի արվել բացառապես ՀՀ իշխանության մեջ ներդրված նիկոլ-քպ ագենտուրայի եւ նրա հենակ ռուսապատկան «ընդդիմության» ջանքերով՝ միջազգային հնարավոր ու անհնար ատյաններում հայկական իրավունքների եւ դրանց հիմքով Արցախի խնդրի քաղաքական կարգավորման հնարավորությունների հետեւողական չեզոքացմամբ։ Անտեսվել են միջազգային կառույցների բանաձեւերը, որոնցում արձանագրված է միջազգային երեք հիմնարար սկզբունքների հիման վրա Արցախի խնդրի կարգավորման անհրաժեշտությունը։

Քաղաքական խնդիրները նենգափոխվել են հումանիտարով, կոպիրկինյան խորհրդարանը հրաժարվել է հայկական իրավունքների հիմնարար խնդիրների շուրջ քննարկումներից ու որոշումների կայացումից։ Ամեն ինչ արվել է Հայաստանի դեմ Մոսկվայի ցեղասպան արշավի «օրինականացման» համար, այն պարագային, երբ իրավունքը ամբողջովին հայկական կողմում է, առավել եւս հիմա, որքան էլ տարօրինակ թվա։

Ռուսաստանի հեռանալու գինը Արցախը ու Հայաստանի պետականությունը չպետք է լինի ու չի լինելու, իսկ «Արցախի կորստի» վրա դիակապտությամբ զբաղվողները դաժան պատժի են ենթարկվելու։