Հայերը պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ․ Քննարկումներ Եվրախորհրդարանում

  • 11:06 04.10.2023

Եվրախորհրդարանի հոկտեմբերի 3-ի բանավեճի ժամանակ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է վերանայի իր հարաբերությունները ազերբայդժանի հետ և առաջ քաշի իր պայմանները։

«Մենք պետք է դադարեցնենք հանդարտեցման քաղաքականությունը, և Ալիևի վարչակարգի համար անհապաղ հետևանքներ պետք է լինեն», ընդգծել է նա։

Կալյուրանդը քննադատել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ով անցյալ տարի իր այցի ժամանակ կանգնել էր Ալիևի կողքին և գովել Բաքվին՝ նրան անվանելով «ԵՄ վստահելի գործընկեր»։

«Այսօր Հանձնաժողովը շատ հստակ հասկացրեց, որ ազերբայդժանի գործողությունները՝ սկսած ռազմական գործողություններից, ավարտվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմամբ, ինչը փաստացի էթնիկ զտում է», ասել է նա։

Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով՝ ԵՄ-ն արձագանքելու համար անհրաժեշտ լծակներ ունի, և նրա պատասխանը պետք է ներառի պատժամիջոցներ։

Իր հերթին, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, կոչ է արել չկրկնել անցյալի սխալները։ «Մենք պետք է ծառայենք մեր պատվին և ծառայենք Հայաստանին», ասել է նա։

ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը X-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Եվրախորհրդարանում տեղի ունեցած բանավեճը։

«Եվրախորհրդարանի անդամները միակարծիք են.

Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները դատապարտելու հարցում

Ալիևի ռեժիմը պետք է բախվի իր գործողությունների հետևանքներին.

Հայաստանին ԵՄ-ի բազմակողմանի աջակցության մեջ

Հայերը պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ՝ միջազգային երաշխիքների և ներկայության ներքո»։