Հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջ․ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է

  • 10:08 08.11.2023

2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջ․ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է` արդարացնող հիմքով։

Այդ մասին հայտնել  է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը:

«Շուրջ 306 էջանոց Ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ թվով 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվեց, որ Ջ․ Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։

Ցավոք, չնայած այն հանգամանքին, որ նույն վերոգրյալ փորձագիտական եզրակացության բովանդակությունից ակնհայտ է, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների մասով Ջ․ Հարությունյանի մեղքը առերևույթ բացակայում է, և որ դրա պատասխանատվությունը ամբողջությամբ Դ-20 դիվիզիոնի հրամանատարության վրա է, սակայն այս մասով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել, ինչը խիստ մտահոգիչ է»,- գրել է փաստաբանը։