ՀՀ պետական բյուջեից 2024 թվականին Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար չի հատկացվի։ Այս մասին Ազգային ժողովում ասել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը։ «Ես ունեմ տեղեկություն, որ այդպիսի գումարներ նախատեսված չեն եւ չեն լինելու»,- ասել է նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդրադարձել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման ծախսերի անհրաժեշտության հարցին։ Նա ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրել է, որ Արցախին տրամադրվող միջպետական վարկը ներառում էր նաեւ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը։ «Ակնհայտ է, որ պետական ինստիտուտներն ամբողջ ծավալով պահպանելու իմաստ չկա, բայց անհրաժեշտություն կա գոնե պահպանել Արցախի ընտրված իշխանությունների ներկայությունը ՀՀ-ում։ Հասկանալի է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության անեքսիայից հետո չի վերանում, եւ Արցախի ժողովուրդը գոնե քաղաքական առումով պետք է ունենա ընտրված ներկայցուցիչներ, որոնք պետք է առնվազն միջազգային հարթակներում ներկայացնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքները եւ պաշտպանեն նրանց շահերը»,- ասել է Արթուր Խաչատրյանը։
Ի պատասխան ֆինանսների նախարարն ասել է, որ հաջորդ տարվա բյուջեով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների վճարման ծախսերն են նախատեսված։ Նաեւ սոցիալական այլ ծրագրեր կիրականացվեն։