Ինչի՞ց սկսեց հացի աժիոտաժը․ երեկվանից հանգիստ է

  • 11:40 02.07.2023

Հանրապետությունում ալյուրի բավական պաշարներ կան բնակչությանը հացով ապահովելու համար։ Իսկ Ստեփանակերտի խանութներում վերջին մի քանի օրվա ընթացքում հացի պակասը պայմանավորված է մի քանի պատճառներով ու հանգամանքներով։ Շրջափակման հետևանքով առաջացած վառելիքի պակասը ստիպել է հացթուխներին հացը խանութներ հասցնել օրը մեկ, այլ ոչ թե նախկինի պես 3 անգամ։ Ոմանք օգտվեցին ստեղծված իրավիճակից՝ ապատեղեկատվություններ տարածելով, մարդկանց մեջ խուճապ սերմանելու և դիվիդենտներ հավաքելու համար։ Դե, սոցցանցերի օգտատերերն էլ կրակի վրա յուղ լցրին՝ չճշտված տեղեկություններ կամ մեկնաբանություններ տարածելով։

Դա հացի արտադրամասերում հերթեր է առաջացրել, մարդիկ սկսել են մեծ քանակությամբ հաց գնել։ Հուլիսի 1-ից հանդարտվել է արձագանքը, եթե խանութներին հաց դեռ չի հասցվել, հացի փռերըի մոտ լարվածություն չկա, Step1-ին հայտնեց Արցախի կառավարության աշխատակիցը։

Նա հիշեցրել է, որ տոտալ շրջափակման սկզբից՝ հունիսի 15-ից, Ադրբեջանը խոչընդոտում է մարդասիրական փոխադրումները Արցախի և Հայաստանի միջև։ Խնայելու նպատակով Արցախի կառավարությունը որոշել է փուռերին  ալյուր տրամադրել երեք օրը մեկ՝ ըստ նրանց հայտերի և արտադրության ծավալների։

Ստեփանակերտի Կամոյի փողոցի փուռերից մեկի աշխատակցուհին նկատել է, որ իր համար անակնկալ է եղել, երբ մի առավոտ հացի խանութի մոտ հերթ է գոյացել։ «Աշխատում էինք սովորականի պես, առավոտը մարդիկ գալիս էին  նախաճաշի համար թարմ հաց գնելու, ու այդ օրը կարծես բոլորը պայմանավորվել էին ու ավելի շատ հաց էին պահանջում։ Մինչ մենք հասկացանք, թե ինչ է կատարվում, ամբողջ հացը թռցրին։ Ես բացատրություն չունեմ, թե որտեղից է առաջացել այս խուճապը։ Գուցե պաշարված մարդկանց հոգեբանություն է։ Թող կոմպետենտ մարդիկ բացատրեն»,- կիսվեց հացի փուռի աշխատակիցը՝ հավելելով, որ «երեկվանից մարդիկ հանգստացել են՝ իրենց սովորականի նման են պահում»։

Step1

f