Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ

  • 08:49 28.11.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ։

Իլհամ Ալիեւի հետ Բլինքենի հեռախոսազրույցի մասին Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ ասված է.

«Պետքարտուղարը ողջունել է նախագահ Ալիեւի հանձնառությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն եւ պատվաբեր խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը: Պետքարտուղարն ընդունել է այն տառապանքները, որն այս երկարատեւ հակամարտությունը պատճառել է եւ՛ ադրբեջանցիներին, եւ՛ հայերին եւ ընդգծել է տարածաշրջանի համար խաղաղության օգուտները։ Պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ մեր ամուր հարաբերությունները, նշել վերջին մտահոգություն առաջացնող հարցերը, խոսել է համագործակցությունն ամրապնդելու հնարավորության մասին, հատկապես խաղաղ գործընթացի շուրջ, եւ բարձր մակարդակի ներգրավվածության կարեւորության մասին»:

Նիկոլ Փաշինյանի հետ Բլինքենի հեռախոսազրույցի մասին Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ ասված է.

«Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ պատվաբեր խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ նշել է Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ որպես աջակցություն բարեկեցիկ եւ ժողովրդավարական ապագայի նրա տեսլականին»: