Վլադիսլավ Ավագյանը ծնվել է Բաքվում։ 1988թ. նա հինգ տարեկան էր, երբ Ավագյանների ընտանիքը, ինչպես Ադրբեջանի ողջ հայ բնակչությունը, ենթարկվեց բռնի տեղահանման։ Նրանք ստիպված էին տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ։
Վլադիսլավի մոտ ծնված օրվանից ախտորոշվել է ուղեղային կաթված՝ մկանային ֆունկցիայի խանգարում։ Չորս վիրահատության է ենթարկվել։ 1990 թվականի սկզբին Վլադիսլավն ընտանիքի հետ տեղափոխվել է Արցախ, ինչպես ինքն է պնդում, արմատներն են ձգել դեպի հայրենիք։ Վլադիսլավի հայրը Մարտունու շրջանի Ննգի գյուղից է։
Ստեփանակերտում Վլադիսլավը երկար վերականգնողական շրջան էր սպասում։ Բաքվում բժիշկները պնդում էին, որ Վլադիսլավը ողջ կյանքում գամված է լինելու հաշմանդամի սայլակին, սակայն նրա մեծ կամքի ու վճռականության, ինչպես նաև Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետների ջանքերի և հարազատների հսկայական աջակցության շնորհիվ նա ոտքի կանգնեց։
Ավարտել է Ստեփանակերտի Գրիբոեդովի անվան թիվ 3 դպրոցը, միաժամանակ սովորել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի դասարանում, որն ավարտել է գերազանցությամբ։ Այնուհետև 2002-2007 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում՝ սոցիոլոգիայի, սոցիալական ոլորտում կառավարում մասնագիտությամբ։
Գրում է բանաստեղծություններ, երաժշտություն։ 2019 թվականից աշխատում է Վերականգնողական կենտրոնում՝ որպես սպորտային հրահանգիչ։ Վլադն իր դրական վերաբերմունքով վարակում է ոչ միայն կենտրոնի հաճածորդներին, այլեւ իր գործընկերներին։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: