Ոչ ոք չի ուզում պատասխանել մարդկանց հարցերին՝ ի՞նչ է բանակցվում, ի՞նչ է լինելու եւ ի՞նչ պետք է անել

  • 14:11 05.07.2023

Արցախում մի շարք հասարակական խմբերի ներկայացուցիչներ անհաջող փորձեր են անում իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու։ Խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նրանցից ստացած նամակներին ընթացք չի տալիս, իսկ Արցախի խորհրդարանում, կառավարությունում և նախագահի աշխատակազմում ընդհանրապես հրաժարվում են ընդունել դիմումները։

Ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ, ինչի՞ պետք է պատրաստվի 200 օրից ավելի տոտալ շրջափակման մեջ ապրող հասարակությունը։ Շրջափակումը ոչ միայն ֆիզիկական է, այլեւ քաղաքական ու դիվանագիտական։ Հանցավոր դավադրության և ահաբեկչական պատերազմի արդյունքում Արցախում ապրող 120 հազար բնակիչների ճակատագիրը իրենք չեն որոշում, այլ նրանք, ում համար մարդկանց կյանքն ու իրավունքները ոչինչ չեն նշանակում։

Այսօր Ստեփանակերտում հավաքվածները չգիտեն, թե ում դիմեն. ոչ ոք չի ցանկանում պատասխանել պարզ հարցերի՝ ինչ է կատարվում բանակցային գործընթացում, ինչ կարող է լինել և ինչ է պետք անել։

Չգիտես ինչու, դիմումներ են գրվում ռուս խաղաղապահների հրամանատարությանը, թեև ակնհայտ է, որ խաղաղապահները՝ զինվորներ են, որոնք կատարում են քաղաքական ղեկավարության հրամանները։ Հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանն ասել էր, որ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Պուտինին։ Դժվար թե Պուտինը Հարությունյանին պատասխաներ, այլապես Արցախի խորհրդարանում նա անկեղծ չէր խոսի, որ անցած տարվա աշնանը ռուսների ճնշման տակ են հանձնել Քաշաթաղի շրջանի երեք բնակավայր ։ Եվ չէր ասի, որ պետք է հույսը դնել միայն մեզ վրա։

Անվտանգության «ռուսական» համակարգը, որին հավատում էր Արցախը, սպառել է իրեն (իրականում դա ի սկզբանե հայկական նախաձեռնությունները զսպող համակարգ էր), իսկ հնարավոր նոր, միջազգային համակարգը տորպեդահարվում է բոլոր կողմերից՝ Բաքվից, Մոսկվայից, Երևանից և նույնիսկ Ստեփանակերտից։ Ոչ մի երկիր չի ցանկանում կամովին պարտավորություններ ստանձնել այլոց անվտանգությունն ապահովելու համար։ Ավելին, Ստեփանակերտը Ռուսաստանից բացի ոչ մեկին չի էլ դիմում.

Ալիեւն այսօր կրկին հնչեցրել է Արցախում բանակի «զինաթափման» պահանջը։ Օրերս Արայիկ Հարությունյանը խոսեց նաեւ այն մասին, ասելով, որ դա է հիմնական պայմանը։ Այսօր նա Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում։