Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի հերթական համերգը

  • 19:48 15.12.2023

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների համար դեկտեմբերի 14-ը կարևոր օր էր։ Նրանք համերգով ներկայացրին իրենց կրթօջախը։

85 տարվա պատմություն ունեցող դպրոցն այսօր տերերին չի պատկանում։ Ավանդույթներ դպրոցը շատ է ունեցել։ Այս անգամ Կոնստանտին Սարաջյանի անվան դպրոցն էր իր դռները բացել և աջակցություն ցույց տվել Կոմիտասի անվան դպրոցին։

Համերգը սկսվեց նահատակների հիշատակը մեկ րոպե հոտնկայս հարգելով։

«Դժվար է ուժ հավաքել, ուշքի գալ։ Մեր սաներից շատերի ընտանիքներում զոհեր կան, բայց նրանք այսօր էլ ցավը սրտներում բեմ են բարձրանում․․․ Մեծ հույս ունենք, որ մի օր կունենանք մեր անկյունը․․․», -ասում է որդուն պայթյունի հետևանքով կորցրած տնօրեն Զարինե Բաբայանը։

Վլադիմիր Գասպարյանը, որը 7 տարի սովորել էր դպրոցում, սեպտեմբերի իրադարձությունների պատճառով հայրիկին է կորցրել։ Նրա խոսքով՝ ինքն այլևս չի հաճախելու դպրոց, քանի որ սովորելու է Հրազդանում՝ Առնո Բաբաջանյանի անվան դպրոցում, բայց միշտ պատրաստ է օգնելու իր հարազատ կրթօջախին։

12 տարեկան Անահիտ Գրիգորյանը 7 տարի դաշնամուր է նվագել հարազատ դպրոցում։ Այս օրերին էլ հետ չմնալու համար ուրիշ դպրոց է հաճախում, բայց շատ է ուզում Արցախից ընկերների և ուսուցիչների հետ անցնել այդ ուղին։

Դաշնամուրի ուսուցչուհի Ալվինա Դանիելյանի խոսքով ՝սա իրենց առաջին համերգը չէ։ Նախորդ անգամ «Մխիթար Սեբաստացու» անվան կրթահամալիրում էին հանդես եկել։ Դպրոցի պահպանումը անձնակազմի և սաների առաջնային նպատակներից է։

«Հայրենիքի կարոտից խեղդվելով այսօր հավաքվել ենք այստեղ՝ միաբանված մեկ գաղափարի շուրջ՝ ապացուցել, որ մենք վկա, Արցախը կա․․․»,-այս խոսքերով ավարտեցին համերգը երեխաները։

Տաթև Ազիզյան

f