Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել՝ կտրուկ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։
Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահը քննադատել է Նեթանյահուին՝ հերթական անգամ համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։
«Էրդողանը, ով իրականացրել է քրդերի ցեղասպանությունը և ռեկորդակիր է իր վարչակարգին ընդդիմացող կալանավորված լրագրողների թվով, վերջինն է, ով կարող է մեզ դաս տալ», – ասել է Նեթանյահուն։
Նեթանյահուն չի հիշատակել Արցախում իր դաշնակից Ադրբեջանի կողմից հենց նոր իրականացրած ցեղասպանությունը, 100 հազար հայերի տեղահանությունը և հողերի զավթումը։ Նա չի հիշատակել նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որը ճանաչել են մի քանի տասնյակ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, իսկ Իսրայելը չի ճանաչել, թեկուզ ստեղծվել է ցեղասպանության հատուցման գաղափարով։
Չի հիշատակել՝ ի տարբերություն 2019-ի սեպտեմբերին, երբ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճում ելույթի ժամանակ մեղադրեց Իսրայելին պաղեստինցիներից բոլոր տարածքները խլելու ձգտման մեջ։
«Նա, ով չի դադարում ստել Իսրայելի մասին, ով սպանում է քրդերին իր երկրում, ով ժխտում է հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, նա չի կարող բարոյականություն քարոզել Իսրայելին։ Էրդողան, դադարիր ստել»,- ի պատասխան ասել է Նեթանյահուն։
Նեթանյահուի երեսպաշտությունը, մի մարդու, ով վերջին տարիներին զենք է մատակարարում Ադրբեջանին և աջակցում է Ալիևի ագրեսիային հայերի դեմ, սահմաններ չունի։ Թեկուզ ի սկզբանե հրեաների ցեղասպանությունը առանձնացվել է այլ ցեղասպանություններից և կոչվել Հոլոքոստ։