
«Հանուն միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» ներկայացուցիչ Դավիթ Վանյանը եթեր է դուրս եկել և խոսել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Լենցովի հետ հանդիպման մասին։ Նրա խոսքով, փակ ձեւաչափով հանդիպումը տեւել է ավելի քան 2 ժամ։
Դավիթ Վանյանի խոսքով, Շարժման անդամները հստակ բարձրացրել են իրենց հարցերը, սակայն հստակ պատասխաններ չեն ստացել.
«Մենք ասացինք, որ մեր հարաբերություններն ու գործողությունները պետք է հիմնված լինեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության վրա, և հարցրինք, թե ինչու խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները։ Երկար խոսեցինք այս մասին, հետո մեզ ասացին, որ խաղաղապահներն էլ ունեն վերադաս , ում հրահանգները կատարում են։ Հիմա վերադասն իբր այս հարցով զբաղվում է, շուտով հայտարարություններ կլինեն, հույս ունենք, որ արդյունք կլինի»,- ասաց Վանյանը։
Շարժման ներկայացուցիչներն էլ ասացին, որ չեն պատրաստվում ատելության սերմանել ռուսների նկատմամբ։ Ավելին, նրանք օգնություն են առաջարկել, սակայն պատասխան չեն ստացել։
«Եթե չեք կարողանում կատարել ձեր պարտավորությունները, ապա անկեղծ խոսեք այդ մասին»,- ասացին արցախյան հասարակական գործիչները։ Ինչին ստացել են պատասխան, որ խաղաղապահները կատարում են իրենց պարտավորությունները։ «Մենք դա հերքող մի շարք կետեր ենք ներկայացրել»,- ասաց Դավիթ Վանյանը։
Խաղաղապահների հրամանատարությունը խորհուրդ է տվել դիմել սեփական իշխանությունների հետ։ «Մենք ասացինք, որ ոչ մեր իշխանությունները, ոչ Երևանի իշխանությունները պատերազմից հետո պարտավորություն չեն վերցրել դառնալ կանանց ու երեխաների վերադարձի երաշխավորը, նախագահ Պուտինն էր, որ կոչ արեց՝ վերադարձե՛ք, ապահով կապրե՛ք։ Մարդիկ նրան հավատացին։ Ինչ է կատարվում հիմա․ Պուտինն իր խոսքի տերը չի՞, թե՞ խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները»,- ասաց Դավիթ Վանյանը։
Նա նաև մեջբերեց մի հետաքրքիր դրվագ. «Խաղաղապահների հրամանատարությունն ասում է, որ մենք խնդիր չունենք «ձեր խորհրդարանի» հետ»,- ասաց Վանյանը։ Չունեք, քանի որ պատգամավորների մեծամասնությունն համաձայնվում են այն ամենի հետ, ինչ դուք ասում եք, իսկ մենք միայն մեր շահերն ենք պաշտպանում, պատասխանել են Շարժման ներկայացուցիչները։
«Պետք է սկսել կոնկրետ քայլեր անել, մի երկու օր սպասենք, տեսնենք, թե ինչ հայտարարություններ են դրանք, և քայլերը կխստացնենք։ Մեր գործողություններն արդեն արդյունք են տալիս, և նրանք, ովքեր ասում են, թե ամեն ինչ մեր տեղ որոշված է, ու պայքարելու կարիք չկա, ապացույցներ են ստացել, որ այդպես չէ։ Մինչև մեր հարցերը չլուծենք, գնալու ենք մինչև վերջ»,- ասաց նա։