Ծանր տեխնիկան, որն ավելի վաղ բերվել էր Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածք, երեկ դուրս է բերվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հունվարի 8-ին ասել է ՀՅԴ Երուսաղեմի «Հայ դատի» կոմիտեի անդամ Հակոբ Սեւանը։
Նա տեղեկացրել է, որ տարածք են այցելել նաեւ Երուսաղեմի քաղաքապետարանի աշխատակիցները։ Սեւանն ավելացրել է, որ դեկտեմբերի 28-ին ցուցարարների դեմ վերջին հարձակումից հետո ոչ մի միջադեպ չի եղել։ «Առայժմ իրավիճակը հանգիստ է, նոր խնդիրներ չեն առաջացել»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին դիմակավոր անձանց մի խումբ՝ զինված մահակներով, արցունքաբեր գազի նռնակներով եւ այլ միջոցներով, հարձակվել էր հայերի վրա, որոնք գտնվում էին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածքում։
Նշենք, որ Երուսաղեմի պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը ավելի վաղ հրեա գործարարին 99 տարվա վարձակալությամբ հանձնել էր «Կովերի այգու» տարածքը։ Այս որոշումը բավական աղմուկ էր առաջացրել, եւ երկար պայքարից հետո հաջողվել էր չեղարկել գործարքը։ Բայց ավելի ուշ ընկերության (որին վարձակալությամբ տրվել էր տարածքը) բուլդոզերները սկսել են քանդել վիճելի տարածքի մի մասը։ Երբ ցուցարարները փորձել են կանգնեցնել այդ գործողությունները, հայտնվել են զինված հրեա վերաբնակները եւ փորձել ցրել ցուցարարներին, բայց անհաջող։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: