Հայկական կողմը հայտարարել է, որ եւ Ռուսաստանը, եւ Ադրբեջանը չեն կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Այսօր հրավիրած ասուլիսում հարց հնչեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանը շարունակում հավատարիմ մնալ այդ փաստաթղթին եւ ինչո՞ւ հետ չի կանչում ստորագրությունը։
«Դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով չի գործում։ Կամ ինչի՞ մասին է խոսքը, երբ երեք ստորագրող կողմերից երկուսը մի շարք կետերով խախտել են այդ հայտարարությունը։ Հայաստանի Հանրապետությունը համենայնդեպս մշտապես հավատարիմ է եղել պարտավորությունների այն հատվածին, որն ինքն է ստանձնել եւ այսօր էլ հավատարիմ է։ Կրկնում եմ, մյուս երկու կողմն այդպես չեն վարվել, եւ ապացույցներն առավել քան տեսանելի ու շոշափելի են, այդ թվում՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի մասով»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ ցանկանում է նորից ասել՝ որեւէ միջանցքի ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ չի ստանձնել ոչ նոյեմբերի 9-ի 9-րդ կետով, ոչ էլ հաջորդ հայտարարությամբ, որը եղել է 2021 թվականի հունվարի 11-ին։