Ակնան կբացվի, Բերձորը՝ ոչ. նոր պայման` իշխանության մարմինների լուծարում

Ասում են, որ այսօր ռուսական բեռնատարը Ասկերանով կհասնի Ստեփանակերտ։ Դա շատ նման է  ռուսական մուլտին՝ «прилетит к нам волшебник в голубом вертолете и бесплатно покажет кино»։

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նախաձեռնությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու՝ կապված մեր հանրապետությունում հումանիտար ճգնաժամի հետ։ Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող ամբողջական շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլատրել Ասկերան քաղաքով ռուսական ապրանքների ներմուծումը մեր հանրապետություն։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Լաչինի միջանցքով մարդասիրական բեռների փոխադրումը կվերականգնվի ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով»,- ասված է Արցախի նոր կառավարության որոշման մեջ։

Այսինքն՝ պատկերը հետևյալն է՝ «մարդասիրական բեռով» ռուսական մեկ մեքենա, որը չի կարողացել անցնել Բերձորի միջանցքով, Ակնայից կգա և կլուծի Արցախի բոլոր խնդիրները, և միայն խաղաղապահներն ու Կարմիր Խաչը ապրանքներ և մարդիկ կփոխադրեն Բերձորով։ Այսինքն՝ Բաքվի անցակետը մնում է և որպես ֆիլտրացիոն գոտի։

Ասկերանում կանգնած քաղաքացիները խոստանում են Ակնայից մեքենաները չթողնել, թեև պարզ է, որ Հերմինե Խաչատրյանն ու մի քանի համախոհներ միայնակ ոչինչ չեն անի, եթե իշխանությունները ոստիկաններին հրամայեն հեռացնել նրանց ճանապարհից և թույլ տալ, որ «ռուսական օգնությունը» անցնի։

Թեև ամեն ինչ կարող է այլ կերպ ընթանալ. երեկ Բաքվի ներկայացուցիչը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ զրույցում առաջ քաշեց Բերձորի միջանցքի բացման պայմանները՝ զինաթափում և Արցախում կառավարական մարմինների լուծարում։

Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը, ում առաջին քայլը Ակնայից ճանապարհ բացելու ռուսական «նախաձեռնության» հետ համաձայնությունն էր, ստիպված է լինելու կատարել երկրորդ պահանջը՝ խորհրդարանի և զինված ուժերի ինքնալուծարումը։

Երեկ, խոսելով իր առաջնահերթությունների մասին, Սամվել Շահրամանյանն ասել է, որ պետք չէ հենվել միջազգային իրավունքի վրա, և հայտարարել է, որ այժմ «Արցախյան կարգավորումը դիտարկվում է Արևմուտքի և Ռուսաստանի մրցակցության համատեքստում»։ Ըստ երևույթին, Արցախի նոր ղեկավարությունն այս մրցակցության մեջ ընտրել է Ռուսաստանին և Լավրովի պլանը։ Հիշեցնենք, որ Լավրովն ինքն է բացահայտել իր ծրագրի էությունը. «Ղարաբաղի հայերի՝ որպես ազգային փոքրամասնության իրավունքները պետք է պաշտպանվեն Ադրբեջանի օրենսդրության համատեքստում»։

Հենց սա էր Ռուսաստանի խնդիրը՝ չեզոքացնել միջազգային իրավունքը։ Բերձորի միջանցքը փակ պահել, չափաբաժիններով հանել Արցախից հեռանալ ցանկացողներին, իսկ մնացած «փոքրամասնությունը» օգտագործել Արցախում իրենց ռազմական ներկայությունն արդարացնելու համար։ Ինչ-որ մեկը պետք է կերակրի վանդակում գտնվող մարդկանց.

Ասում են, որ 10 օր առաջ առևանգված երեք տղաների վերադարձից հետո Ստեփանակերտում կրկին սկսվել են մեկնել ցանկացող «հայրենակիցների և ուսանողների» գրանցումը։

Երեկ Նիկոլ Փաշինյանը զանգահարեց աշխարհի առաջատար առաջնորդներին և խոսեց ռազմական էսկալացիայի և դրա կանխման անհրաժեշտության, Լաչինի միջանցքի շրջափակման մասին, բայց համառորեն չանդրադարձավ արցախյան խնդրին։

Պաշտոնական Երևանը չի “նկատել” երեկվա արցախյան ընտրությունները. թեկուզ Փաշինյանի կողմնակիցները կտրականապես պնդում են, որ Արցախում իշխանափոխությունն իբր հանել է Արցախի համար պատասխանատվությունը Փաշինյանի վրայից, իբր Հայաստանը պատասխանատու էր միայն Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի համար։ Ու քանի որ նրանք հիմա չկան, ուրեմն Հայաստանի իշխանությունն անելիք չունի, թող արցախցին իր սիրած ռուսների հետ բանակցի, ու մենք մեղավոր չենք։ Մենք դա ուզում էինք «միջազգային իրավունքի համաձայն» անել, բայց արցախցիները հրաժարվեցին։ Թեև Փաշինյանը վերջին 2 տարիների ընթացքում արել է ամեն ինչ՝ ինքնորոշման միջազգային իրավունքի վրա հիմնված քաղաքական լուծումը մարդասիրական խնդիրներով փոխարինելու համար։

Հայաստանի իշխանությունը չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից այն բանի համար, որ Արցախը 3 տարվա ընթացքում ապաշնորհ և դավաճան քաղաքականության արդյունքում հայտնվել է Հայաստանից լիակատար մեկուսացման մեջ՝ ֆիզիկապես և քաղաքականապես։ Իսկ ռազմական էսկալացիայի քողի տակ մեղքը Արցախի ժողովրդի վրա բարդելու փորձերը չեն կարող խաբել ոչ մեկին, այդ թվում՝ Հայաստանի միջազգային գործընկերներին։

Արդյո՞ք սա այն չէ, ինչին ձգտում էր Փաշինյանի կառավարությունը՝ «խաղաղության օրակարգ, ինտեգրում, ապապետականացում և ապառազմականացում»։ Գլխավորն այն է, որ «մենք մեղավոր չենք».

 

Արդեն 10 օր է Արցախի մանկապարտեզները փակ են սննդի բացակայության պատճառով

Արցախի մանկապարտեզներն արդեն տասներորդ օրն է փակ են։

«Մանկապարտեզները փակվել են բացառապես սննդի պակասի պատճառով»,- նշել են Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Ավելի քան 10 հազար երեխա շրջափակման պատճառով զրկվել է նախադպրոցական կրթության իրավունքից։ Եթե ​​օգոստոսին մեզ հաջողվում էր ինչ-որ կերպ սնունդ տրամադրել նախադպրոցական հաստատություններին, ապա սեպտեմբերին դա անհնար դարձավ, քանի որ տոտալ շրջափակումը հանգեցրեց բոլոր պարենային ապրանքների պակասի»։

Որոշ գյուղական մանկապարտեզներ շարունակում են գործել, քանի որ համայնքի բնակիչների ջանքերով հնարավոր է երեխաներին ապահովել սննդով, իսկ ծնողները կարող են տնտեսությամբ զբաղվել։

Սամվել Շահրամանյանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Հայաստանի Հանրապետությունը հետպատերազմյան իրողությունների հաշվառմամբ վերանայելով իր անվտանգային հայեցակարգը, փաստացի հետ է կանգնել Արցախի անվտանգության երաշխավորի իր բազմամյա առաքելությունից և որդեգրել է խաղաղության օրակարգ անունով մի մոտեցում, որի առանցքն է կազմում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելը, ներառյալ Արցախը, պայմանով, որ ապահովված լինեն արցախահայության հիմնական իրավունքներն ու ազատությունները, հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Ադրբեջանը, ինչպես հավելել է Սամվել Շահրամանյանը, օգտվելով ինչպես նշված փաստից, այնպես էլ նաև միջազգային դերակատարների առարկայական քայլեր չկատարելու հանգամանքից, խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և մեծացնում ճնշումն Արցախի վրա՝ իր իսկ կողմից հռչակված «ինտեգրման» օրակարգը կյանքի կոչելու նպատակով:

«Միաժամանակ, Ադրբեջանը շարունակում է բոլոր միջազգային հարթակներում թմբկահարել, որ արցախյան հակամարտությունն արդեն իսկ լուծված է, Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի, իսկ տեղաբնակ հայերի իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրը իր երկրի ներքին հարցն է: Դրան հակառակ, աշխարհաքաղաքական կենտրոններն առայժմ բավարարվում են միայն մտահոգությունների, հորդորների և կոչերի օրեցօր մեծացող ծավալով։ Անկատար են մնում նաև միջազգային և մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումների իրագործումը։ Ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար այս պահին շահագրգռված չէ Ադրբեջանի նկատմամբ կիրառել ազդեցության կոշտ միջոցներ»,- ասել է Սամվել Շահրամանյանը՝ հատկանշական համարելով, որ այդ պայմաններում նույնիսկ «իրատեսական» են համարվում ինտեգրման օրակարգի շուրջ բանակցություներին Ստեփանակերտի ներգրավման հնարավորությունները:

«Այսինքն, կարող ենք արձանագրել, որ միջազգային իրավունքի շրջանակներում արցախահայության իրավունքներն ու օրինական շահերը չեն պաշտպանվում: Ըստ այդմ, ոչ իրատեսական և իրականությունից կտրված եմ համարում միջազգային իրավունքի վերաբերյալ մեր պատկերացումներն ու ակնկալիքները, քանի որ ակնհայտ է, որ միջազգային քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը, նույնիսկ պատերազմները չեն ծավալվում միջազգային իրավունքի շրջանակներում: Նշվածներն Արցախի համար այլ տարբերակ չեն թողնում քան ինքնուրույն փորձել գտնել միջանկյալ, իրավիճակից բխող լուծումներ»,- ասել է Արցախի նախագահը։

Պետության ու պետականության, ներքին կայունության ամրապնդում, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Արցախի Հանրապետության ազատ կենսագործունեության և անվտանգության ապահովում, տնտեսության զարգացման խթանում, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավում, օրինականության ու կարգուկանոնի ամրապնդում․ Արցախի նորընտիր նախագահ Սերգեյ Շահրամանյանը այս քայլերն է առաջնային համարում իր պաշտոնավարման ընթացքում։

Արցախի խորհրդարանի հատուկ նիստին ներկայացնելով ճգնաժամային իրավիճակում պետության առջև ծառացած խնդիրների լուծման իր տեսլականը՝ Արցախի նորընտիր նախագահն ընդգծել է նաև՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, այլ երթուղիները չեն կարող փոխարինել Լաչինի միջանցքին կամ դիտվել դրան այլընտրանք։

«Արցախն ու Հայաստանը պետք է ունենան ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն՝ Լաչինի միջանցք։ Այն, հակառակ Բաքվի պնդումների, արդեն տևական ժամանակ է, ինչ փակ է և պետք է բացվի։ Պետք է գործարկվեն նաև տարածաշրջանի այլ ճանապարհներ ևս, սակայն դրանք չեն կարող փոխարինել Լաչինի միջանցքին կամ դիտվել դրան այլընտրանք»,- ընդգծել է Սամվել Շահրամանյանը։

Սամվել Շահրամանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից առաջարկվող «հումանիտար օգնությանը»։

«Առավել քան ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման դեպքում Արցախին որևէ «հումանիտար օգնություն» տրամադրելու կարիք չի լինի»,- ասել է նա։

Արցախի նորընտիր նախագահը նշել է նաև՝ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, ինչպես պնդում է Ադրբեջանը․

«Չնայած ՌԴ և հավաքական Արևմուտքի հակադիր դիրքորոշումներին, պետք է արձանագրել, որ արցախյան հակամարտության վերաբերյալ աշխարհում ձևավորվել է կոնսենսուս՝ հետևյալ հարցերի շուրջ․ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, ինչպես պնդում է Ադրբեջանը։ Հետևաբար, Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է վիճելի տարածք, որը պետք է ստանա համապատասխան կարգավիճակ»։

Սամվել Շահրամանյանի խոսքով՝ Ստեփանակերտը բանակցությունների օբյեկտից պետք է վերածվի սուբյեկտի, բանակցությունները կարող են լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ, բանակցությունների կազմակերպումը պետք է լինի երրորդ երկրի կողմից՝  ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ նրա տրամադրած երաշխավորությամբ։

Արցախի Հանրապետության խորհրդարանի հատուկ նիստին իր ելույթի ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանել է ամենից հաճախ հնչող հարցին՝ արդյոք կարելի է՞ բանակցել ադրբեջանական կողմի հետ, որը ցանկացած պահի պատրաստ է քաղաքական և նաև ռազմական ուժ կիրառել Արցախի նկատմամբ, և ինչի շուրջ պետք է կառուցել այդ բանակցությունը:

«Պատասխանն ինքնին ներառված է հարցի մեջ։ Պետք է քայլեր ձեռնարկել պետության քունքին դրված հրազենը հեռացնելու և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի առարկայական բանակցություններ վարել։ Հետևաբար, մեր առաջնահերթություններից է հասնել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկության, գազի և էլեկտրականության կանոնավոր մատակարարումների վերականգնմանը, գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացման ապահովմանը և այլ կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը։ Նշվածներն իրականացնելու համար մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասել է Սամվել Շահրամանյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տրամադրած «հումանիտար օգնությանը», ապա առավել քան ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման դեպքում Արցախին որևէ հումանիտար օգնություն տրամադրելու կարիք ընդհանրապես չի լինի։

«Իր հերթին, ինչպես Ստեփանակերտ-Ակնա, այնպես էլ Ստեփանակերտ-Հադրութ, Ստեփանակերտ-Սոթք և տարածաշրջանում գտնվող բոլոր ճանապարհների լիարժեք գործարկմանը Արցախը միշտ էլ կողմնակից է եղել, այլ հարց է, թե ինչպես պետք է ապահովված լինի այդ ճանապարհներով երթևեկողների անվտանգությունը։ Ակնհայտ է, որ ներկա իրողությունների պայմաններում, երբ նույնիսկ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող Լաչինի միջանցքում Ադրբեջանը հափշտակում է Արցախի խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ կարմիր խաչի ուղեկցությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող կենսաթոշակային տարիքի բուժառուի, որևէ այլ ճանապարհի գործարկումն ինքնին խնդրահարույց է։ Ինչպես տեսնում ենք, նշված հարցերը բավականին ընդգրկուն են և կարող են և պետք է դառնան ապագա բանակցությունների քննարկման առարկա»,- ասել է Արցախի նախագահը։

Նա հիշեցրել է, որ Արցախ-Ադրբեջան ուղիղ բանակցությունները բոլորովին էլ նոր խոսք չեն հակամարտության կարգավորման գործընթացում։

«Վստահ եմ՝ իրազեկ եք ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կազմակերպված, իմ կողմից գլխավորած պատվիրակության և Ադրբեջանի պաշտոնատար անձանց միջև տեղի ունեցած  հանդիպման մասին, որն ուներ բացառապես հումանիտար հարցերի կարգավորման շրջանակ:

Ներկա իրողությունների պայմաններում բանակցային գործընթացի մասնակից դառնալուց առաջ միանգամայն անհրաժեշտ է, որպեսզի Արցախն իր պատկերացումներում ունենա բանակցությունների վերջնարդյունքի իր տեսլականը։ Այն արդեն իսկ ներկայացվել է Ձեզ, ԱԺ խմբակցությունների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, և ընդհանրական կերպով կարելի ներկայացնել որպես Արցախը հայկական պահելու և այն սերունդներին փոխանցելու հրամայական»,- բանակցությունների վերաբերյալ ասել է Սամվել Շահրամանյանը:

 

Արգենտինայի նախագահը G20 գագաթնաժողովում անդրադարձել է Արցախի շրջափակման թեմային

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը՝ սեպտեմբերի 9-ին Նյու Դելիում «Մեծ քսանյակի» (G20) պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովի առաջին լիագումար նիստում ունեցած իր ելույթում , հայտնում է Diarioarmenia-ն։

«Այն ժամանակ, երբ Արևելյան Եվրոպան պատերազմի մեջ է, կան նաև դաժան հակամարտություններ, որոնք ավելի քիչ հանրային ուշադրություն են գրավում, բայց նույնքան ցավոտ են, օրինակ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում… Արգենտինան վերահաստատում է իր անխուսափելի հավատարմությունը բազմակողմանիությանը` որպես միջազգային փոխըմբռնման բարձրագույն մեթոդի»,- ասել է Ֆերնանդեսը:

G20-ի գագաթնաժողովը տեղի է ունենում այս շաբաթավերջին Հնդկաստանում։

Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի։ Այլ ճանապարհներ, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ որպես այլընտրանք․ Բորել

Բաքվի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ես կրկնել եմ իմ մտահոգությունը ղարաբաղցի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի։ Այլ ճանապարհներ, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ որպես այլընտրանք»,- նշել է նա։

Ասկերանի մոտ կանգնած մեր հայրենակիցներն ասում են, որ ոչ մի մեքենա բաց չեն թողնի

Ասկերանի բնակիչ Հերմինե Խաչատրյանի կոչով արդեն մի քանի շաբաթ Ասկերան-Ակնա ճանապարհին կանգնած մեր հայրենակիցները ասում են, որ ոչ մի կեղծ “հումանիտար” բեռ Ակնայից բաց չեն թողնի։

Գոնե հայկական մի անցակետ այնտեղ լինելու՞ է

Արմինե Պետրոսյանը գրում է․
Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, ով է հումանիտար բեռ բերողը կամ կենսական անհրաժեշտության ինչ ապրանք է հասնելու Արցախ։ Ինձ հետաքրքիր է՝ այդ հումանիտար բեռը որտեղից է մտնելու Արցախ։
Եվ այդքանից հետո շահագործվելու՞ է այդ ճանապարհը, թե՞ չէ, ո՞վ է շահագործելու, գոնե հայկական մի անցակետ այնտեղ լինելու՞ է…
Մենք 9 ամիս լուռ դիմացել ենք, որ այսօր Ակնայով ճանապարհ բացվի՞։ Վերջին 2 ամսվա ընթացքում նկարահանումների ժամանակ բոլորին՝ պետական պաշտոնյա լիներ, թե շարքային քաղաքացի հարցնում էի Ակնայով ճանապարհի բացման իրենց դիրքորոշման մասին ու բոլորը մերժում էին այդ առաջարկը, մատնանշում դրա վտանգները։ Ինչը՞ փոխվեց։ Մեր դիրքորոշումը հաստատ անփոփոխ էր։
Ասում են՝ իրավիճակն օրհասական էր։ Բայց գոյություն ունի Լաչինի միջանցք, գոյություն ունի Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհ, եթե այդքան մտահոգ եք։
Մենք հաստա՞տ պայքարի ուղին ենք ընտրել։ Ես պայքարի նման ճանապարհ չեմ ընտրել։

Արցախի Հանրապետության իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը. տեղեկատվական շտաբ

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:
Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:
Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից», – ասված է հաղորդագրության մեջ։

Ստեփանակերտի մեկ այլ խնդիր է՝ անօթևան կենդանիները

Այսօր առավոտյան թափում էի աղբը։ Աղբամաններից քիչ հեռու նստած էին թափառող կատուներ ու շուն։ Նրանք ուշադիր հետևում էին աղբի տոպրակին։ Չզգալով պարկից ուտելիքի հոտը՝ երեքն էլ կորցրեցին իմ հանդեպ հետաքրքրությունը։

Նայում եմ նրանց ու մտածում. «Միասին շունն ու կատուն, ըստ երևույթին, սննդի որոնումը միավորեց նրանց»։

Վերջին շրջանում Ստեփանակերտում շատացել են անօթևան, թափառող շները։ Դրանց մեծ մասը հսկայական ու հազվագյուտ ցեղատեսակներ են, իսկ ամենակարևորը՝ օձիքներով։

Կիսվեցի մտահոգություններովս։ Զրուցակիցս վստահեցրեց, որ շներին տերերը լքում են մի քանի պատճառով։ Նրանք, ում խաղաղապահները տանում են Հայաստան, իրենց շներին թողնում են բախտի ողորմածությանը։ Բացի այդ, սննդի պակասի պատճառով տերերը դուրս են հանում իրենց ընտանի կենդանիներին։

Հիմա Ստեփանակերտում շատ են անխնամ շները. Ոհմակներով: Սոված։ Շուտով նրանք էլ ավելի քաղցած կլինեն, և հնարավոր է, սկսեն որս անել։

Սակայն Ստեփանակերտի իշխանություններն անտեսում են խնդիրը։ Ըստ ամենայնի, ոչ ոք մարդասիրական առաջարկներ չունի այս խնդիրը լուծելու համար։

Ա.Գրիգորյան

Ակնայից ռուսական մեքենային թույլ կտան անցնել. Արցախի նախագահը պահանջում է բացել ճանապարհը Քարվաճառո՞վ

Անմիջապես այն բանից հետո, երբ խորհրդարանում հայտնի դարձան Արցախի նախագահական ընտրությունների արդյունքները, և Սամվել Շահրամանյանը հռչակվեց նախագահ, տեղեկություններ հայտնվեցին, որ ռուսական Կարմիր Խաչը որոշել է Ակնայի ճանապարհով «մարդասիրական օգնություն» ուղարկել Արցախ։

Ինչպես հաղորդվում ` այս 1 հատ մեքենային պետք է հաջորդեն Բաքվի Կարմիր մահիկի «մարդասիրական բեռնատարները»՝ 2 հատ։ Ընդհանուր `  երեք հատ:

Արցախի կառավարության մեր աղբյուրները հաստատել են, որ պայմանավորվածություն կա ռուսական մեքենան բաց թողնելու մասին, բայց ոչ Բաքվին։

Ամեն ինչ այնպես է կառուցված, որ Արցախի նոր իշխանությունն առաջին իսկ րոպեից ասոցացվի «Աղդամի ճանապարհի» հետ։ Դա երևում է նաև Հայաստանում Փաշինյանի կողմնակիցների կատաղի արձագանքներից, ովքեր այժմ միայն մեկ խնդիր ունեն՝ ինչպես սևացնել Արցախի ղեկավարությանը։ Ի դեպ, պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Արցախի ընտրություններին։

Մինչդեռ Սամվել Շահրամանյանը ճանապարհների բացման վերաբերյալ հայտարարություն արեց՝ հիշեցնելով, որ Արցախից Հայաստան տանող այլ ճանապարհ կա՝ Քարվաճառով։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությանը, ապա առավել քան ակնհայտ է, որ եթե Լաչինի միջանցքը ապաշրջափակվի, ապա Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու կարիք ընդհանրապես չի լինի։ Արցախն իր հերթին մշտապես հանդես է եկել Ստեփանակերտ-Ակնա, Ստեփանակերտ-Հադրութ, Ստեփանակերտ-Սոթք ճանապարհների և տարածաշրջանի բոլոր ճանապարհների լիարժեք շահագործման օգտին։ Այլ հարց է, թե ինչպես ապահովել այս ճանապարհներով երթևեկողների անվտանգությունը»,- ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

ՌԴ-ն այս եղանակով ծառայություն է մատուցում թուրքերին

Աղդամի ճանապարհով Արցախ մտնող բեռնատարի պարունակությունը, և այս կամ այն երկրին պատկանելիությունը նշանակություն չունի, հարցը ճանապարհի շահագործման` փակ կամ բաց լինելու մեջ է։
Եթե այդ ճանապարհը շահագործվեց, սակայն փակ մնաց Լաչինի միջանցքը, ուրեմն մենք դեռ բանտարկված ենք և մեզ կարելի է միայն կերակրել` վանդակի դուռը փակ պահելով։
Եթե Արցախի իշխանությունը համակերպվեց ընտանի կենդանու նման վանդակային ռեժիմին, ուրեմն պետք է նրանց զրկել իշխանությունից` թողելով վանդակում։
ՌԴ֊ն հումանիտար բեռ պետք է ուղարկի իր կողմից պաշտպանվող Լաչինի միջանցքով, որի անխափան գործունեության երաշխավորն է, այլ ոչ թե այլ ճանապարհով, ՌԴ֊ն այս եղանակով ծառյություն է մատուցում թուրքերին, Լաչինի փոխարեն բացելով աղդամի ճանապարհը։