Ինչպես է փոխվել Հայաստանի տնտեսական իրավիճակը Կենտրոնական բանկի աչքերով

  • 20:35 12.12.2023

2023 թվականի 10 ամիսների ընթացքում (հունվար-հոկտեմբեր) դեպի Հայաստան փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 40%-ով։ Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա հավելեց, որ զբոսաշրջության ոլորտում աճը կազմել է 40%, սակայն աճի տեմպերի դանդաղում է նկատվում։

Գալստյանը տեղեկացրեց նաև, որ 2023 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ հիփոթեքային վարկավորման ծավալը գերազանցել է 1 տրլն դրամի շեմը։ Համեմատության համար ԿԲ ղեկավարը որպես օրինակ բերեց 2017 թվականի տվյալները, երբ այս ցուցանիշը 209 մլրդ դրամ էր։

«Եվս 1 տրլն. դրամը բանկերի կողմից տրվել է 2023 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ՝ որպես սպառողական վարկ»,- նշեց նա։

Նա պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող պետական ​​աջակցությունը մեծացնում է սպառումը։ Մանրածախ առևտրի ոլորտում կտրուկ աճը մասամբ պայմանավորված է դրանով։

ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանն իր հերթին տեղեկացրեց, որ հիփոթեքային վարկավորումն այս տարի աճել է 20 տոկոսով։

2023 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, Երևանում բնակարանների գներն աճել են 13.7%-ով։ Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։

Նա հավելեց, որ Երևանում մեկ ամսվա ընթացքում բնակարանների գներն աճել են 2,7%-ով։

«Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գործարքներն աճել են 15 տոկոսով, իսկ 2022 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 18,8 տոկոսով։ Աճում է և՛ պահանջարկը, և՛ առաջարկը»,- նշեց Ավետիսյանը։