Քերոբյանը դատապարտեց Փաշինյանի “սուրբ կովին”․ կլինի՞ պաշտոնանկում

2021 թվականին Էկոնոմիկայի նախարարությունից նույնկերպ ձերբակալեցին այն ժամանակ Լիցենզավորման վարչության պետին, բայց արդեն 3 տարի է անցել, բայց մենք դեռևս չունենք մեղադրական ակտ։ Եկեք, սպասենք թե ուր են տանում իրադարձությունները»,-այդ մասին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

Քերոբյանն ասաց. «Մենք կարծում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի կիրարկման մասով չպետք է լինի այնպես…, պետք է այնպես անենք, որ ավելացվեն ոչ թե ձերբակալությունները, այլ մեղադրական ակտերը: Ո՞ւր են մեղադրական ակտերը:

Եթե գործը հասնում է մեղադրական ակտի, ապա եկեք շնորհակալություն հայտնենք մեր քննչական մարմիններին, բայց եթե չի հասնում մեղադրական ակտին, ապա կարծում եմ՝ պետք է որոշակի վերաբերմունք լինի այդ գործը նախաձեռնողների նկատմամբ»:

Դա բավականին կոշտ արձագանք է․ երեւում է, Քերոբյանն արդեն գիտի իր պաշտոնանկության մասին։ Փաստորեն, նա ձեռք է բարձրացնում Փաշինյանի սուրբ կովի վրա՝ ձերբակալությունների միջոցով քաղաքական հարցեր լուծել եւ հարուցված գործերը դատարան չհասցնել։ Այդպես է Փաշինյանը լուծում բոլոր հարցերը։

“Նիկոլ Փաշինյանը մեզ մի քանի անգամ ասել է, որ կոռուպցիոն երևույթները, որոնք կան գերատեսչություններում, ի վերջո  գերատեսչության ղեկավարի պատասխանատվությունն են, և ես դրա վերաբերյալ բնականաբար իմ կարծիքը և որոշումը կասեմ վարչապետին, կստանձնեմ դրա պատասխանատվությունը», ասել է Քերոբյանը:

Երեւում է, նրան վերջին խոսքի իրավունք էլ չեն տա։

 

Ուկրաինայի ուժերի հարձակումը Բելբեկի օդանավակայանի վրա. հայտնում են ռուս գեներալ Տատարենկոյի լիկվիդացման մասին

Օկուպացված Ղրիմի Բելբեկի օդանավակայանում ռուսական զորքերի դիրքերի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման արդյունքում ոչնչացվել է ռուսական բանակի 10 զինծառայող, այդ թվում՝ ավիացիոն էսկադրիլիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Տատարենկոն։ Այս մասին գրում է Ukraine 365 Telegram ալիքը՝ հղում անելով ռուսական փաբլիկների հաղորդագրություններին։

Հաղորդվում է, որ երկու հրթիռ խոցել է 38-րդ կործանիչ ավիացիոն գնդի հրամանատարական կետը, ևս մեկ հրթիռ գրոհել է օդանավակայանի կապի կետը։ «Հարվածի հետևանքով զոհվել է 10 զինծառայող։ Զոհվածների թվում է կործանիչ գնդի ավիացիոն էսկադրիլիայի հրամանատար Ալեքսանդր Տատարենկոն»,- գրում են ռուսական ալիքները։

Նշվում է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը հակառակորդի համար անսպասելի երթուղիներով թեւավոր հրթիռներ են արձակել. դրանց մեծ մասն անցել է Սև ծովի ջրային մակերևույթի վրայով։

«Диалог.UA»

Ճիշտ է, դա իր մեջ քեշ փող չի պարունակում, բայց էլի կարեւոր է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, 2023թ.-ի մարտից քաղաքացիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի:

Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կենսաթոշակային կուտակային ֆոնդի շահառու են հանդիսանում մոտ 35.000 ԱՀ քաղաքացի, որոնց իրավունքները փաստացի կոպտորեն խախտվել են:

Մեր տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները օրերս այս հարցով փակ քննարկում են արել ու կոնսենսուսի են եկել, որ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի պարզեն՝ ինչին են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները, եւ ով է դրա պատասխանատուն»։

Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա հարց է առաջանւմ․ արդյո՞ք Արցախի պատգամավորները հանձնաժողով կստեղծեն 2020-2023 թ․ իրադարձությունները հետաքննելու համար, հատկապես՝ 3 հիմնական հարց․

1․ Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության օրինականությունը եւ ահաբեկչական պատերազմի արդյունքնեի ճանաչումը

2․ Ռուսաստանի դերը եւ ռուսական զորքերի՝ Արցախում առայսօր գտնվելու օրինականությունը

3․ Հայաստանի կառավարության իրավասությունը Արցախի եւ արցախցիների նկատմամբ։

Ճիշտ է, դա իր մեջ քեշ փող չի պարունակում, բայց էլի կարեւոր է։

Պարողների «կոռուպցիոն շոուն» «Երրորդ հանրապետության վերջին օրը» ներկայացման ժամանակ

Երբ Փաշինյանը պատրաստվում է քաղաքին և աշխարհին հեևթական վատ լուրը հայտնել, իրավապահ մարմինները աղմկահարույց «կանկան» են կազմակերպում՝ բացահայտելով կոռուպցիայի ինչ-որ դեպք՝ հայտնի անձի հետ կապված։ Վարչապետ Փաշինյանը պաշտոնը ստանձնելուց ի վեր օգտագործել է քաղաքացիների զգայուն ու ենթագիտակցական բնազդները՝ սովորեցնելով բոլորին հաշվել ուրիշների գրպանի փողը։

«Մեզ թվում էր, թե գլխավորը փող ունենալն է, մնացած բոլոր հարցերը լուծելու ենք։ Բայց դա այդպես չէ»,- օրերս ասել էր Փաշինյանը։

Սկզբում «կոռուպցիոն կանկանը» իսկապես մեծ աղմուկ էր բարձրացրեցին հասարակության մեջ. ինչ արժե միայն Մանվել Գրիգորյանի հետ կապված աղմկահարույց պատմությունը։ Հետո հետաքրքրությունը սկսեց մարել, բայց Փաշինյանը որոշեց վերջին անգամ օգտագործել մաշված պառավների կանկանը՝ իրավապահներին հանձնարարելով նման պատմական օրը վառ, անմոռանալի շոու կազմակերպել։

Այս անգամ շոուն կազմակերպեցին Ալեն Սիմոնյանի, ավելի ճիշտ՝ նրա եղբոր կնոջ հետ։ Երիտասարդ կանայք հիմար մեղադրանքներով ձերբակալվել են, որպեսզի «ուղեկցեն» Փաշինյանի անձնական շոուն, ով այսօր հայտարարեց Երրորդ Հանրապետության և ամբողջ հայոց պետականության ավարտի մասին։

ԼՂ նախկին պաշտոնյաները ԱՄՆ Կոնգրեսում վկայություններն են ներկայացրել Ադրբեջանի կողմից 10 ամիս տևած շրջափակման դաժան իրողությունների մասին

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպած կոնգրեսական ճեպազրույցների ընթացքում հանդիպելով կոնգրեսականներ Ջեյմս Կոստայի և Բրեդ Շերմանի հետ՝ ԼՂ նախկին պաշտոնյաներ Գեղամ Ստեփանյանը և Արտակ Բեգլարյանը ներկայացրել են ԼՂ ժողովրդի անքակտելի իրավունքները, ազգային շահերը և ժողովրդավարական ձգտումները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ճեպազրույցի ընթացքում Բրեդ Շերմանը հայտարարել է․

«Մենք այստեղ ենք՝ պահանջելու ԼՂ փախստականների անվտանգ վերադարձի իրավունքն իրենց տներ, տներ, որոնք շատ դեպքերում բնակեցված են եղել նրանց ընտանիքների կողմից հարյուրավոր տարիներ ի վեր»:

Շերմանն ընդգծել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառման կարևորությունը՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնության դադարեցումը, ինչպես նաև ԼՂ էթնիկ զտումների համար Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Ալիևի սուր հռետորաբանությանը, թե Հայաստանի մայրաքաղաք Երևանը Ադրբեջանի տարածք է, կոնգրեսական Շերմանը հորդորել է Բայդենի վարչակազմին՝ պաշտպանական զինամթերք տրամադրել Հայաստանին՝ «խուսափելու Բաքվի կողմից ծրագրվող հաջորդ ողբերգությունից»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կոնգրեսականը եզրափակել է իր խոսքը՝ պատասխանելով Ալիևին, ով պնդում է, որ իր հիմնական թշնամիներն աշխարհի հայերն են:

«Դե, ես ձեզ համար նորություն ունեմ, պարոն Ալիև։ Ձեր գլխավոր թշնամիներն աշխարհի բոլոր մարդիկ են, ովքեր հավատում են ժողովրդավարությանը, ովքեր հավատում են մարդու իրավունքներին և հավատում են արդարությանը»։

Դատապարտելով Ադրբեջանի կողմից ԼՂ էթնիկ զտումները՝ պատգամավոր Կոստան նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելին անի՝ ԼՂ բռնի տեղահանված բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ։ Շարունակելով խոսքը՝ կոնգրեսականը նկատել է․

«Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը ոչ միայն էթնիկ զտումների, այլև մշակութային ցեղասպանության համար․․․։ Սպառնալիքները, որ հիմա Ադրբեջանը հնչեցնում է Հայաստանի հասցեին, կարծում եմ, լուրջ են և իրական։ Հետևաբար, պետք է դրանց վերաբերվել որպես այդպիսին»։

Նա նաև ԱՄՆ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Ադրբեջանի կողմից անօրինական պատանդ պահվող ԼՂ նախկին ղեկավարների և հայ ռազմագերիների վերադարձը։

Ճեպազրույցի ընթացքում Ստեփանյանն ու Բեգլարյանը սեփական վկայություններն են ներկայացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ի՝ 10 ամիս տևած շրջափակման դաժան իրողությունների մասին, որոնք գագաթնակետին հասան 2023 թ․ սեպտեմբերի ցեղասպանական հարձակմամբ, ինչի հետևանքով բռնի կերպով դատարկվեց ԼՂ-ն:

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ բանախոսները խոսել են արցախահայության դեմ Ադրբեջանի կանխամտածված հարձակումների պատմությունից, ինչը հիմք է հանդիսացել 2023 թ․ ցեղասպանության։

Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը նաև կարևորել են ԼՂ բնակչության ցեղասպանության համար ԱՄՆ-ի կողմից  Ադրբեջանին պատասխանատվության ենթարկումը, ի թիվս այլնի՝ կարևորելով.

  • Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնվելով Սենատի3000 բանաձևի ընդունման վրա, որը պարտադրում է 907-րդ բանաձևի ամբողջական կիրարկում։ Մագնիտսկու պատժամիջոցների կիրառումը ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար։
  • ԱՄՆ օժանդակությունը ԼՂ-ի բռնի տեղահանված հայությանը, բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի երաշխավորումը։
  • Ամերիկյան և միջազգային ջանքերի ընդլայնումը՝ օգնելու ապահովել 2023 թ․ սեպտեմբերին գերեվարված ԼՂ առաջնորդների և 2020 թ․ ադրբեջանաթուրքական հարձակումներից հետո ապօրինաբար պահվող ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։
  • ԼՂ հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

Ստեփանյանն ու Բեգլարյանն ընդգծել են, որ առանց միջազգային ջանքերի՝ ուղղված ԼՂ ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքի իրացմանը և առանց կատարված հանցագործությունների համար պատասխանատվությանը, տարածաշրջանում անհնար կլինի կայուն խաղաղություն հաստատել։ Նրանք նաև ընդգծել են, որ Ադրբեջանի կառավարության կողմից բորբոքված համակարգային հակահայկական ատելությունը պետք է արմատախիլ արվի՝ ապահովելու համար հակամարտության կայուն կարգավորումը և տարածաշրջանային կայունությունը։

Պատասխան. ԱՄՆ-ը հարվածելու է ոչ թե Իրանին, այլ Իրաքի իրանամետ խմբին

Ամերիկայի ձայն

Միացյալ Նահանգները հավանություն է տվել Իրաքում և Սիրիայում թիրախներին հարվածելու ծրագրերին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան զորքերի վրա վերջին հարձակման։ Ակնկալվում է, որ հարվածները կհասցնեն մի շարք օբյեկտներին և իրանական անձնակազմին: Այս մասին հինգշաբթի հայտնել է CBS News-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ որոշել է արձագանքել անօդաչու թռչող սարքի հարձակմանը, որը տեղի է ունեցել այս շաբաթ Հորդանանի հյուսիս-արևելքում (սիրիական սահմանի մոտ): Արդյունքում երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։

ԱՄՆ-ը կատարվածի մեջ մեղադրել է իրանամետ զինյալներին:

Ըստ տեղեկությունների՝ Հորդանանում ամերիկյան զորքերի վրա հարձակումն իրականացրել է Իրաքում տեղակայված «Քաթայբ Հեզբոլլահ» իրանամետ խմբավորումը։ Խումբը չորեքշաբթի հայտարարել է, որ դադարեցնում է ռազմական գործողությունները ամերիկյան զորքերի դեմ՝ Իրաքի կառավարությանը վարկաբեկելուց խուսափելու համար:

Նախկին հասցեն` գյուղ Իվանյան…

Ասկերանի շրջանի Իվանյան գյուղը գտնվում էր Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա: Այն անվանվել էր ի պատիվ գեներալ-լեյտենանտ, արցախյան ազատամարտի մասնակից Քրիստափոր Իվանյանի:

Գյուղն ուներ մշակույթի տուն, միջնակարգ դպրոց և ինքնակառավարման ենթակառուցվածքներ: 2012թ. վերաբացվեց օդանավակայանը, որն այդպես էլ չգործարկվեց, իսկ վերջում դարձավ ռուս խաղաղապահների մնալու հիմնական վայրը: Գյուղը բաժանված էր երկու մասի` հին և նոր: Խորհրդային ժամանակաշրջանում այն կոչվում էր Խոջալու:

Հին Իվանյանում պապիկս տուն և մեծ այգի ուներ: Պապիկի կյանքի ուղին լցված էր մեծ դժվարություններով: Փոքր տարիքում փախել էին Բաքվից: Քույրերն ու եղբայրնեը բնակություն էին հաստատել ուրիշ քաղաքներում ու մինչև կյանքի վերջ այդպես էլ չհասցրին տեսնել իրար: Արցախյան առաջն պատերազմում կորցրել էր առաջին կնոջն ու կրտսեր որդուն: 2020թ. պատերազմում զոհվել էր թոռը: Ինքն էլ մի ծեր, բայց ուժեղ արծիվի նման շարունակում էր ապրել, արարել, ստեղծել…Առավոտից երեկո այգի էր մշակում, տարբեր տեղեր պահակ էր աշխատում:

Հանգամանքների բերումով մի քանի տարի ապրել եմ Իվանյանում և ոտքով ամեն օր քայլել դեպի ավտոկայան, որպեսզի հասնեմ Ստեփանակերտ` դպրոց:  Ճանապարհն այնքան երկար էր, որ հասցնում  էի դաս սովորել:

Իվանյան գյուղը մեծ մասամբ հարթավայրային էր: Դեպի Հին Իվանյան տանող ճամփին մի ծառ անգամ չկար, որպեսզի անձրևից կամ շոգ եղանակից պատսպարվես:

Ավագ դասարաններում սովորելիս տեղափոխվեցի Ստեփանակերտ: Դրանից հետո այցելություններս այդքան հաճախակի չէին: Ամառային արձակուրդներին գալիս էինք ու թաղի երեխաների հետ անմոռանալի փարթիներ էինք կազմակերպում:

Հին և Նոր Խոջալուները միմյանցից բաժանում էր մի գետ, որի վերևում կառուցված կամուրջը չէր դիմացել և ժամանակից շուտ պոկվել էր: Նոր Իվանյանում տեղակայված դպրոց հասնելու համար երեխաները ստիպված էին գետը ոտքով անցնել, կամ էլ երկար ճանապարհ գնալ շրջանցելու համար: Ամառվա ամիսներին գետը բավականին գրավիչ էր մեզ համար: Լողանալուց բացի ծանոթանում էինք նաև կենդանական աշխարհին` գորտերին, օձերին և կարիճներին: Ձմռան ամիսներին սոված շնագայլերը հասնում էին մինչև տները և պատուհանների տակ ոռնում:

Գյուղում կար էլեկտրաէներգիա և գազամատակարարում, իսկ մինչև ջրամատակարարման աշխատանքները կարգավորելը, մենք` երեխաներս վերցնում էինք դատարկ տարաները և բարձրանում դեպի աղբյուր` ջուր բերելու: Աղբյուրից ավելի բարձր հարթավայրային մասում սունկ էինք հավաքում և քշում արածող ոչխարներին: Իվանյանում իսլամական դամբարան կար, որն այնքան խորհրդավոր էր, որ վախենում էինք մտնել:

Հայտնի է, որ ամենալավ բալն աճում էր Իվանյանում: Գարնանը բալի ծառերն այնքան գեղեցիկ էին ծաղկում, որ թվում էր, թե ճապոնական սակուրաներ են: Երեխաներով հավաքվում էինք և վայելում մուգ, արնագույն, հյութալի բալը: Երեկոյան միասին ձեռնամուխ էինք լինում փոքրիկ հանցագործությունների կազմակերպմանը: Պնդուկի ծառերը թալանելուց հետո ստացված ավարը բաժանում էինք միմյանց մեջ և քարերին նստած վայելում Խոջալուին բնորոշ քամին: Բնապատկերները գեղեցիկ ու հարազատ էին: Խոտերին պառկած նայում էինք ամպերից գոյացած տարբեր պատկերներին ու երազում, որ մի օր հեծանիվ կամ ինքնագնաց կունենանք ու այսքան երկար ճանապարհը ոտքով չենք անցնի:

Հետո հաջորդեցին ուսանողական տարիները և այցելություններս միայն տոնական օրերի առիթով էին: Շրջափակման ամիսներին տրանսպորտի բացակայության պատճառով ավելի դժվար էր որևէ տեղ հասնելը: Պապիկը հիվանդ էր, անգամ չէր կարողանում անկողնուց վեր կենալ: Զանգեց ինձ և ասաց, որ շատ կուզի առանց տրանսպորտի գյուղ հասնելու մի ձև գտնեմ: Կես ճանապարհին մի մեքենա պատահեց և տեղ հասցրեց: Անսովոր էր տեսնել նրան այդ վիճակում` թույլ, գունատ, անզոր: Ինձ տեսնելով իսկույն դեմքը զվարթ արտահայտություն ստացավ, ժպտաց, գրկեց ինձ: Կողքին նստեցի…

-Բալաս, ասալմ լհա կյաս վերջին դոնումը հսցնիմ տեսնամ…

Զգացմունքներն արդեն կուտակվում էին կոկորդումս և սպառնում էին դուրս ժայթքել արցունքների տեսքով, բայց չէի կարող այս մեծ մարդուն սթրեսի ենթարկել: Սկսեցի խոսել դեսից-դենից: Ասացի` արի սելֆի անենք, թող հիշատակ մնա: Նա դեռ լավ ավարտի հույսեր ուներ հայրենիքի հետ կապված: Իր հերթին պապիկն էլ էր փորձեր անում հուզմունքը ցույց չտալ: Նույնիսկ վեր կացավ տեղից, նախաճաշեց: Խոստացա իր ծննդյան օը` հոկտեմբերի 13-ին նորից գալ:

Հետդարձի ճամփան ոտքով գնացի: Ինչ լավ էր, որ մեքենա չպատահեց: Բարձր ձայնով հեկեկում էի: Կանխազգացում ունեի, որ պապիկին, ինչպես նաև գյուղը վերջին անգամ եմ տեսնում: Մի բան պետք է լիներ, մտածում էի` միայն թե բոլորս ողջ մնայինք: Քայլելիս անընդհատ հետ էի նայում` մեր տանը, իմ մանկության վառ պահերին, իմ ընկերներին, օդին, ջրին, ծառերին, ծաղիկներին, իմ ապրած կյանքին էի հրաժեշտ տալիս:

Հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ը, մի շաբաթից հետո` տեղահանությունը: Պապիկն իր ընտանիքի անդամներով ավելի ուշ հասավ Երևան ու ժամանակավոր տեղավորեցին Տավուշի մարզի մի գյուղում: Զանգեցի և բարեկամներին խնդրեցի, որ թույլ տան մեր տուն տեղափոխեմ ու ես խնամեմ: Մերժեցին` ասելով, որ պապիկն անհարմար է զգում: Մի քանի օր անց նա մահացավ սրտի կաթվածից: Մեքենայի մեջ նստած հիշում էի բոլոր լավ պահերը, նրա խոսքերը, հայացքը, ապրած կյանքը, խորհուրդները ու վատ էի զգում, որ խնդիր առաջացավ, մնացինք ճանապարհին, ուշացանք թաղման արարողությունից:

Տաթև Ազիզյան

Հիստերիա «հուշարձանի պղծման» շուրջ. Հայաստանի քննչական կոմիտեի եռանդն արժանի է ավելի լավ օգտագործման

Ռուս «Զ-պատրիոտները» և Երևանում նրանց կամակատարները հիստերիայի մեջ են՝ մեղադրելով Երևանում Լենինգրադի պաշարման զոհերի հուշարձանին ծաղկեպսակը տապալած ՀՀ քաղաքացի Սամվել Շիրինյանին։ Նախ Ռուսաստանում նրա դեմ գործ է հարուցվել։ Այժմ Հայաստանում է մեղադրանք առաջադրվել «ռուսական դրոշի ատրիբուտները պղծող» Սամվել Շիրինյանին, ասել է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելության և խտրականության հրապարակային կոչեր):

«Ռուսական դրոշի հատկանիշները» պաշտպանող Հայաստանի քննչական կոմիտեի եռանդն ավելի լավ օգտագործելու է արժանի։ Առավել եւս, որ Սամվել Շիրինյանը բացատրել է իր արարքը. «Մարիա Զախարովան օրերս ասաց, որ չկան փաստեր, որ Արցախում էթնիկ զտումներ են տեղի ունեցել։ Հետաքրքիր է՝ փաստեր կա՞ն, որ Լենինգրադում շրջափակում է եղել»,- ասաց Շիրինյանը։

Հայտնի չէ, արդյոք Շիրինյանը հիշեցրել է Արցախում 10-ամսյա շրջափակումը և հարցրել, թե ինչ հիմնավորմամբ են ռուսական զորքերը թույլ տվել փակել Բերձորի միջանցքը, թե ինչով էին զբաղված ռուսական զորքերը Արցախում սեպտեմբերի 19-ին, երբ հայ ազգաբնակչությունը տեղահանում էին, և ընդհանրապես, ի՞նչ են Արցախում անում նրանք բնիկ բնակչության տեղահանությունից հետո։

Հայաստանի Քննչական կոմիտեն չէր խանգարի այս փաստերով գործ հարուցել։

Եվրամիությունը հաստատել է Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնությունը

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ ԵՄ 27 երկրներ համաձայնվել են Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել։
Նախկինում փաթեթին դեմ էր հանդես եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Լավ կլինի, որ Ալեն Սիմոնյանը ասի՝ ի՞նչ եք պահանջել, որ Բաքուն փոխի իր Սահմանադրությունում»

«Լավ կլինի, որ Ալեն Սիմոնյանը կամ որեւէ անձ պատասխանեն հարցին՝ ի՞նչ եք ասել Ադրբեջանին, Ադրբեջանն ի՞նչը պետք է փոխի իր Սահմանադրությունում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայատարարել էին, որ հայկական կողմն էլ Ադրբեջանին է պահանջ ներկայացրել Սահմանադրությունում եւ այլ փաստաթղթերում փոփոխություններ անել։ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը, սակայն, չէին մանրամասնել, թե ի՞նչ պահանջ է մասնավորապես ներկայացվել Ադրբեջանին։

«Ես ենթադրում եմ՝ կա’մ իրենք ոչինչ չեն ասել, կա’մ չեն տիրապետում ադրբեջանական սահմանադրական կարգավորումներին եւ փաստաթղթերին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ Նա հարցադրում արեց, օրինակ, հայկական կողմը բարձրացրե՞լ է այն հարցը, որ Ադրբեջանի Հանրապետությունն իր անկախությունը հռչակել է ադրբեջանական առաջին կեղծ հանրապետության հենքի վրա։

«Ադրբեջանի առաջին հանրապետությունը չի ունեցել միջազգայնորեն ճանաչված որեւէ տարածք կամ սահման, ավելին, երբ նրանք դիմում էին Ազգերի լիգային՝ 112 հազար քառակուսի կմ տարածքով, ներառյալ Հայաստանի ու Վրաստանի տարածքների զավթման առաջարկով, Ազգերի լիգան ուղղակի մերժեց։ Այս պարտությունն ու կորուստները բերած իշխանությունն անընդհատ զիջման է գնում, ինքն ի՞նչ պահանջ է ի վիճակի ներկայացնել կամ որ պահանջեց, իրեն ո՞վ է բանատեղ դնում։ Նիկոլ Փաշինյանի ասածն այսօր Ալիեւը պետք է անի՞»,- ընդգծեց Մինասյանը։

Նա հավելեց․ «Անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները ինչ կասեն, եթե Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը հիմա վերաձեւակերպված է, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական անցյալից, իր իրավունքներից, նույնիսկ հազար անգամ, եթե համոզված ես, որ դա լավ բան է, չպետք է անես։ Եթե քո թշնամու ասածն անում ես, նշանակում է՝ ենթարկվում է իր խաղի կանոններին։ Այսօրվա իշխանությունը փորձում է ուրանալ նաեւ հայոց Երրորդ Հանրապետության պետականության հիմքերը։ Շենքը կառուցված է կոնկրետ հիմքերի վրա՝ Անկախության հռչակագրում արտաբերված ազգային իղձերի, նպատակների, մեր պատմական անցյալի, մեր ու սերունդների իրավունքների ամրագրված, միջազգային չափանիշով հաստատված սկզբունքների վրա։ Դա հիմնքն է, հիմա իրենք ասում են՝ բերեք այդ հիմքը փոխենք։ Եթե դու հիմքը փոխում ես, նշանակում է, շենքը քանդում ես։ Այս իշխանությունը դադարել է խոսել անգամ հայ ժողովրդի իրավունքների մասին՝ ի՞նչ ցեղասպանություն, ի՞նչ միջազգային ճանաչում։ Այս մարդիկ ուրանում են ամեն ինչ, չի բացառվում, որ Ցեղասպանության հուշահամալիրն էլ քանդել տան»։

Մինասյան․ Արցախի հարցը կարող է առժամանակ լռության մատնվել, բայց այն չի կարող ընդհանրապես չլինել

«Արցախի Հանրապետությունը եւ Արցախի ժողովուրդը իրողություններ են։ Միջազգային խոսույթի տեսանկյունից Արցախի ժողովուրդն իր իրավունքի իրացման առումով պահանջատեր է։ Բացի դա, նույն միջազգային հարթակներում, նույն ԵԱՀԿ համաձայնագրերի շրջանակներում ստեղծված Մինսկի համանախագահությունը բազմիցս այս հարցերն արծարծել է։

Չի կարող ուղղակի հենց այնպես մոռացության մատնվել Արցախի հարցի։ Այո՛, չափազանց բարդանում է, գրեթե դառնում է առաջին հայացքից անհնարին իրավիճակ, երբ հայկական կողմը, Հայաստանի Հանրապետությունը փորձում է ուրանալ կամ ուրացել է Արցախը կամ արցախյան հարցը, բայց դա նորից միջազգային պարտավորությունների տեսակետից մյուսներին չի ազատում պարտավորությունից։ Կարող է առժամանակ լռության մատնվել, բայց այն չի կարող հավերժ լինել, չի կարող ընդհանրապես չլինել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջան այս ամենը շատ լավ հասկանում է, դրա համար ճնշման տակ պահելով Հայաստանին ու հայկական իշխանություններին՝ փորձում է ավելին կորզել։ «Իսկ իրենց համար ավելին ուղղակի Հայաստանի չգոյությունն է»,- հավելեց նա։

Աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի, իսկ Քաղաքացիական պայմանագիրը դեռ ձեռքերը պարզած է

Ամբողջ աշխարհում մարդիկ պատրաստվում են մեծ պատերազմի, Թուրքիան Ալիևին նվիրում է «պատերազմի կացինը», իսկ Հայաստանն իր կացինը խորը թաղում է՝ ամբողջ տեսքով ցույց տալով, որ պատրաստ չէ կռվելու։

Պուտինը ամենայն հավանականությամբ փետրվարին կայցելի Թուրքիա։ Մինչ արևմտյան աշխարհը պատրաստվում է Ռուսաստանի հետ առճակատման, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ մասնակցելու է բոլոր միջազգային գործընթացներին՝ Ուկրաինայից, Բալկաններից մինչև Կովկաս և Մերձավոր Արևելք։

Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես 20-րդ դարի սկզբին, կրկին միավորում են ուժերը՝ դիմակայելու «միաբևեռ աշխարհին» և իրենց «փայը» վերցնելու աշխարհի նոր բաժանման ժամանակ։ Էրդողանի կողմից մատնանշած շրջանները ապագա ռազմական գործողությունների թատրոնն են, որտեղ Թուրքիան և Ռուսաստանը կօգտագործեն իրենց կապն, ինչպես 100 տարի առաջ համատեղ գրավեցին նորանկախ Հայաստանը:

Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որոնք վկայում են պատերազմից ամեն կերպ խուսափելու նրա մտադրության մասին, նույնիսկ պատրաստ են զոհաբերել պետականությունը, ազգային շահերը, պատմությունը, նախնիների ժառանգությունը և Հայաստանի ողջ բնակչությանը։ «Քաղաքացիական պայմանագիրը», որը իշխանության եկավ ձեռքերը բարձրացրած, այդպես էլ մնաց պարզած ձեռքերով։

Հայաստանի իշխանության ռազմատենչ «պացիֆիզմը», որը ներկայացվում է որպես իմաստություն, այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի, նման է վախկոտ կապիտուլյացիաի։ Ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց Հայաստանի իշխանության սահմանադրական պարտքն է ապահովել Հայաստանի և հայության անվտանգությունը, և դա անխուսափելիորեն ներառում է նաեւ ռազմական մեթոդներ, որքան էլ մենք ցանկանանք խուսափել դրանից։

Մեծ տերությունները պատրաստվում են պատերազմի. Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի ղեկավարը կոչ է արել երկրին պատրաստվել մեծ պատերազմի և մեծացնել ռեզերվը խաղաղ բնակիչների վերապատրաստման միջոցով։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը վերջերս հանդես եկավ նմանատիպ նախազգուշացումներով՝ հայտարարելով, որ երկիրը անցում է կատարում «հետպատերազմյանից նախապատերազմյան աշխարհին»։

Գերմանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի իշխանությունները և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները վերջերս զգուշացրել են ռուսական հարձակման ռիսկերի մասին։ Հունվարի կեսերին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նախազգուշացրեց ՆԱՏՕ-ի վրա ռուսական հարձակման վտանգի մասին և ասաց, որ իր երկրին անհրաժեշտ է հինգից ութ տարի դրան պատրաստվելու համար:

Ավելի վաղ գերմանական Bild տաբլոիդը հրապարակել էր Գերմանիայի պաշտպանության նախարարությունից արտահոսած փաստաթուղթ, որը նկարագրում է 2024 թվականի աշնանը՝ ամերիկյան ընտրությունների նախօրեին ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների վրա ռուսական հարձակման հնարավոր սցենարը։

Չնայած աշխարհը պատրաստվում է «ռուսական ագրեսիային», Պուտինի և Էրդողանի «քիմիան» ցույց է տալիս, որ այդ ագրեսիան լինելու է ռուս-թուրքական՝ ամբողջ պարագծով։ Էրդողանն արդեն խոսում է Հարավային Կովկասի ու Բալկանների մասին, իսկ ՆԱՏՕ-ն համաձայնում է։