Թուրքիյում արտահերթ նախագահական ընտրություններ չի նախատեսվում, բայց արդեն խոսում են դրա մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտարարել է, որ այդ երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում չի նախատեսվում, և Էրդողանի պաշտոնավարումը կտևի մինչեւ 2028 թվականը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանի խորհրդականը այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Կարծում եմ՝ նրանք, ովքեր ընդհանուր ընտրությունների համար հաշվարկներ են անում՝ ելնելով ՏԻՄ-ում կուսակցությունների ստացած ձայներից, չպետք է իզուր վատնեն իրենց ժամանակը։ Թուրքիան չորս տարիների ընթացքում առանց ընտրությունների՝ մինչև 2028 թվականը, բարեփոխումների քաղաքականություն կվարի բոլոր ոլորտներում։ Նախագահ Էրդողանը իր ղեկավարությամբ Թուրքիային կտանի նոր փուլեր՝ ելնելով անկախ և ուժեղ Թուրքիայի հեռանկարից»,- գրել է նա։

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները գրեթե 99 տոկոսով ամփոփվել են, ինչի արդյունքում այդ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP) խոշորագույն քաղաքներում հաղթանակ է տարել իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության նկատմամբ։ CHP-ն վստահ հաղթանակ է տարել Անկարայում՝ գործող քաղաքապետ Մանսուր Յավաշի թեկնածությամբ, Ստամբուլում՝ Գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլույի թեկնածությամբ և Իզմիրում՝ Ջեմիլ Թուգայի թեկնածությամբ։

 Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդ և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է պարտությունը և դեռևս արդյունքների նախնական հաշվարկի փուլում, ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP)՝ Անկարայում գտնվող կենտրոնական գրասենյակի մոտ, նշել է, որ իրենք ՏԻՄ ընտրություններում չեն կարողացել հասնել իրենց ցանկալի արդյունքին և փորձելու են հասկանալ ձախողման պատճառները։