Թաթարստանի ղեկավարը կոչ է արել հույս չդնել ռուսական ՀՕՊ-ի վրա, որը «պաշտպանում է» նաեւ Հայաստանը

  • 12:13 04.04.2024

Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը ձեռնարկություններին կոչ է արել «արթնանալ» և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար հույսը չդնել ՀՕՊ համակարգերի վրա։ Տարածաշրջանի ղեկավարը համապատասխան հայտարարություն է արել Միջազգային էներգետիկ ֆորումում, հաղորդում է «Թաթարստան-24» հեռագրային ալիքը։

Միննիխանովի խոսքով՝ ձեռնարկությունները պետք է ինքնուրույն մտածեն անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու իրենց միջոցների մասին։

Ապրիլի 2-ի առավոտյան անօդաչու սարքերը հարձակվել են Ելաբուգայի և Նիժնեկամսկի ձեռնարկությունների վրա։ Անօդաչու սարքերը հարվածել են նաև Ալաբուգայի հատուկ տնտեսական գոտում գտնվող հանրակացարանին:

Փաստորեն, Ռուսաստանում «պետականաստեղծ» հանրապետության նախագահը կոչ է անում հույսը չդնել ռուսական հակաօդային պաշտպանության վրա։ Հիշեցնենք, որ Հայաստանը, չնայած «հակառուսական քայլերին», դեռևս չի հրաժարվել Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգից։ Հայաստանում ռուսական ռազմական տեխնիկայի բազմաթիվ «աջակիցներ» հավանաբար չեն լսի Թաթարստանի նախագահին։