Ֆրանսիայի պարզ հարցերը Հայաստանին եւ ՌԴ-ին․ հիմա Ռուսաստանը դաշնակի՞ց է

  • 12:56 04.04.2024

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման նպատակը Հայաստանին աջակցություն ցուցաբերելն է եւ այս հարցում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ջանքերը համատեղելը: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Ինչպես նաեւ հիշեցնելու համար այն որոշումները, որոնք կայացվել են այն ժամանակ, երբ Հայաստանը դիմակայում էր ԼՂ-ից 100 հազար բռնի տեղահանվածների հոսքին, եւ փախստականներին ընդունելու մարտահրավերները դեռեւս զգալի են երկրի համար:

Հանդիպմանը չեն քննարկվելու անվտանգային հարցեր: Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ: Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում համագործակցություն ենք սկսել Հայաստանի հետ, որը զարգանում է”, ասել է դեսպանը:

Նա պարզ հարց է տալիս․ եթե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է եւ ուզում է, որ Հայաստանը պաշտպանված լինի, ինչո՞ւ է ընդդիմանում, երբ Հայաստանը ուժեղանում է։

«Չեմ հասկանում, թե ինչպես մի երկրի օգնելը, որը դիմակայում է հումանիտար ճգնաժամի, որը կանգնած է տարածքային սպառնալիքների առջեւ, կարող է վնասել տարածքային անվտանգությանը: Ինձ համար Մոսկվայի այդ մտահոգություններն անհասկանալի են: Ինչպե՞ս կարող է  Հայաստանին օգնելը Ռուսաստանի դեմ լինել, ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը»:

«Այդ զենքերն ունեն պաշտպանական նշանակություն եւ կարծում եմ՝ ֆրանսիական սարքավորումներն արդարացրել են իրենց մեր բանակներում եւ աշխարհում մեր գնորդ երկրների բանակներում: Դա ապացուցելու կարիք չկա»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը նույն ՀՕՊ համակարգում են գործում, եւ դա արդեն “ապացուցել է” իր անարդյունավետությունը։ 

Ֆրանսիայի դեսպանը նաեւ պարզ բառերով բացատրեց Ռուսաստանի դերը Հայաստանի հետ վերջին տարիներին կատարվածում։

«Վերջին տարիներին Ռուսաստանը, որ Հայաստանի պաշտոնական դաշնակիցն է, երկու երկրները ՀԱՊԿ-ի անդամ են, Հայաստանին օգնության չհասավ, երբ վերջինիս տարածքը երկու անգամ հարձակման ենթարկվեց  2021 եւ 2022 թվականներին ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրի կողմից: Մինչդեռ 2023-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց ԼՂ-ում, Ռուսաստանը, որը հրադադարի երաշխավորն էր 2020-ից ի վեր, որն ուներ խաղաղապահ զորքեր տեղում՝ ԼՂ-ում, չմիջամտեց: Ռուս խաղաղապահներն իրենց զորանոցից դուրս եկան միայն ԼՂ փաստացի իշխանությունների ուժերը զինաթափելու ժամանակ, Բաքվի հետ հրադադար կնքելուց հետո: Այսպիսով, եթե մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է»:

Ինչ վերաբերում է Մոսկվայի պնդմանը, ըստ որի Արեւմուտքը, Ֆրանսիան Պրահայում այնպես արեցին, որ Հայաստանը հրաժարվի Արցախից, եւ Ռուսաստանն էլ ստիպված ընդունեց Արեւմուտքի ճնշմամբ ընդունված այդ որոշումը, Դըկոտինյին ասաց. «Սա իսկապես առաջին անգամը կլիներ, որ Ռուսաստանը կենթարկվեր Եվրոպայի կամ Արեւմուտքի կամքին։ Զարմանալի է, որ եթե տիկին Զախարովան դա ասել է: Այն, ինչ տեղի է ունեցել հետեւյալն է՝ հրադադարի երաշխավոր Ռուսաստանը, երբ հրադադարի այդ պայմանագիրը խախտվել է Ադրբեջանի կողմից, երաշխավորի իրենց դերը չեն խաղացել: Փախստականները, որ լքեցին ԼՂ-ն, դա արեցին 9 ամիս տեւած շրջափակումից եւ դաժան ռազմական հարձակումից հետո: Եվրոպացիները չեն կազմակերպել այդ շրջափակումը, եվրոպացիները չեն իրագործել այդ դաժան ռազմական հարձակումը»:

Մեր կողմից հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինը, փաստորեն, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը /Արցախը ադրբեջանի մաս ճանաչելու մասին/ նրա համար բարձրագույն արժեք են։

«Հայաստանի կողմից իրական մերձեցում է նկատվում դեպի Եվրոպա: Ի վերջո, Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն՝ ուզո՞ւմ են, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ: Դա իրավական, պաշտոնական գործընթաց է, եւ նրանք այսօր չեն ձեւակերպել այդ խնդրանքը»:

Ֆրանսիայի դեսպանը տարակուսած է Փաշինյանի քաղաքականությունից, որը “հակառուսականություն եւ արեւմտամետություն” է ձեւացնում, բայց ոչ մի իրական քայլ չի անում։ 

«Ես ներկայացնում եմ Ֆրանսիան, որը իր կարողությունների սահմաններում կարող է հնարավորություն տալ Հայաստանին պաշտպանել իր ժողովրդին, իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այսինքն չսպասել, որ լինի ռազմական նոր դրվագ օգնելու համար Հայաստանին: Այս պատճառով է, որ մենք սկսել ենք պաշտպանության ոլորտում համագործակցություն Հայաստանի հետ: Մենք ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն ենք, որ կոտրում ենք տաբուն՝ մատակարարելով սարքավորումներ ՀԱՊԿ-ի անդամ երկիր Հայաստանին”, ասել է դեսպանը: