Քո՞ հողն է, որ պաշտպանել ես․ Քյոխին հրավիրել են Հակակոռուպցիոն դատարան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանը պաշտոնական ծանուցում է ուղարկել Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ Քյոխին, որ ներկայանա Հակակառուպցիոն դատարան եւ հարցաքննվի՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով: Այդ գործն էլ քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։

Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ»:

Քյոխին հենց հակակոռուպցիոն դատարան հրավիրելը լիովին արտացոլում է Հայաստանի քաղաքական եւ դատական իրողությունների ծուռ հայելին․ մարդուն, որը բոլորի աչքի առաջ պահում էր իր հողը, “հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում” կարող են մեղադրել, որ նա “յուրացրել” է ուրիշի հողը եւ ապօրինի պաշտպանել։ Ձեր հո՞ղն էր, որ պաշտպանել եք, հաճախ կարելի է լսել Հայաստանում։ Երեկ Արցախի, հիմա նաեւ Տավուշի, վաղը՝ Սեւանի, Երասխի, Կոնդի մասին։

Եվրոպան ստիպված կլինի պատերազմել, ահաբեկչություն և շրջափակում ապրել. Իզուր են զոհաբերել Հայաստանը

Եվրոպան, հոգնած 20-րդ դարի երկու ավերիչ պատերազմներից, 50-ականներից սկսած բռնել է բարգավաճման, հարմարավետության և սպառողական ժողովրդավարության ուղղություն՝ ամեն ինչ անելով պատերազմից խուսափելու համար:

«Միայն թե պատերազմ չլինի»-ի համար ստեղծվել է թանկարժեք ՆԱՏՕ-ն, հսկայական գումարներ են ներդրվել դաշինքի անդամ երկրների պաշտպանության համար, ստեղծվել են հեռահար զենքեր եւ Եվրոպան պարսպապատվել է մնացած աշխարհից։ Դրսում ինչ ուզում եք արեք, միայն մեզ ձեռք մի տվեք սկզբունքով։ Եվրոպայից դուրս պատերազմներ, ահաբեկչություններ և գլոբալ ռեկետ էին տեղի ունենում, բայց Եվրոպան, ճանաչելով տարածաշրջանների «նայողներին», չեր խոչընդում և նույնիսկ համագործակցություն հաստատում նրանց հետ՝ «ոչ մի անձնական բան, միայն բիզնես»:

Բայց 2020 թվականին ամեն ինչ փոխվեց՝ ռուս-թուրքական դաշինքը Իսրայելի և մի շարք այլ երկրների աջակցությամբ ագրեսիա իրականացրեց Հայաստանի դեմ Արցախում՝ փոխելով ռազմավարական հավասարակշռությունը Եվրոպայի համար կարևոր տարածաշրջանում։ Եվրոպան ոչ միայն չմեղադրեց Ռուսաստանին և Թուրքիային ագրեսիայի և միջազգային նորմերի խախտման մեջ, այլ նաև թաքուն որոշեց Հայաստանը հանձնել Ռուսաստանի քմահաճույքին՝ «Պուտինին հագեցնելու և պատերազմից խուսափելու համար»։

Իսկ վամպիրներն անընդհատ արյուն են պահանջում, և 2022 թվականի փետրվարին Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Եվրոպան պատրաստ էր զոհաբերել նույնպես Ուկրաինային ՝ Զելենսկիին ապաստան առաջարկելով։ Ի տարբերություն Հայաստանի, ուկրաինացիները որոշեցին պայքարել, իսկ Եվրոպան հայտնվեց էքզիստենցիալ ընտրության առաջ։

2023 թվականի սեպտեմբերի 17-ին ԵՄ ներկայացուցիչը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին Կոստանդնուպոլսում մասնակցել է գաղտնի հանդիպմանը, և որոշում է կայացվել վերացնել Արցախը, այնուհետև Հայաստանը։ Սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո ոչ ոք չի պահանջել ռուսական զորքերը դուրս բերել հայկական տարածքներից, չի բողոքարկել ռուս-թուրքական կենտրոնի առկայությունը Ակնայում (Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է), ավելին, որոշվել է, որ Հայաստանի սահմանները կորոշվեն Ռուսաստանի կողմից՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն: Վերցրու, ի սեր Աստծո, միայն մեզ ձեռք չտաս։

Արցախից բնիկ հայ բնակչության բռնագաղթից անմիջապես հետո սկսվեց իսրայելա-պաղեստինյան արյունալի պատերազմը, և Եվրոպան նորից անցավ ավերողի կողմը։

Եվրոպան, այժմ զոհաբերելով Հայաստանը, որպեսզի չկռվեն եվրոպացիները, հայտնվել է իրական պատերազմի շեմին, և նա կամ պետք է կռվի, ինչպես Ուկրաինան, կամ կամավոր հանձնվի, ինչպես Հայաստանը։

Եվրոպայում հասարակությունը դեռ կարծում է, որ ՆԱՏՕ-ն և տիեզերք հանած հրթիռներն իրեն կպաշտպանեն նրանցից, որ սահմաններ չի ճանաչում և իրավունքների մասին չի մտածում։ Եվրոպայում դեռ մտածում են, որ ամեն ինչ կորոշվի իրենց իսկ հորինած միջազգային իրավունքի շրջանակներում, ու ոչ ոք չի համարձակվի խախտել այն։

Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն փորձում է արթնացնել եվրոպական հասարակությանը։

«Սա պատերազմ է, որը խախտում է միջազգային իրավունքը և Եվրոպայի միջազգային սահմանները, և դա պատերազմ է, որը սպառնում է մեզ։ Եթե ​​մենք թույլ տանք, որ Ռուսաստանը հաղթի, իսկ Ուկրաինան՝ կապիտուլյացիայի, դա կնշանակի տասնամյակների անապահովություն ռումինացիների, մոլդովացիների և լեհերի համար։ (Ուկրաինայում) մեր անվտանգությունն ու Եվրոպայի ապագան են խաղարկվում»:

Այնուհետև հարցին՝ «Ֆրանսիան պատրա՞ստ է եվրոպականացնել իր միջուկային զսպիչ ուժը», (նախագահը այս թեման բարձրացրել է նախօրեին՝ Սորբոնում Եվրոպայի մասին իր հիմնական ելույթն ունենալով) նա պատասխանեց.

«Մենք (արդեն) ունենք պաշտպանության մեկ ձև՝ ՆԱՏՕ-ն։ Ինչպես ես ասացի Սորբոնում, մենք այժմ պետք է ավելի հեռուն գնանք և ստեղծենք հուսալի եվրոպական պաշտպանություն: Սա կարող է նշանակել հակահրթիռային վահանների տեղակայում, բայց մենք պետք է վստահ լինենք, որ դրանք արգելափակում են բոլոր հրթիռները և կանխում միջուկային զենքի օգտագործումը: Մեր կենսական շահերը եվրոպական հարթություն ունեն։ Եկեք ամենը դնենք սեղանի վրա և տեսնենք, թե իրականում ինչն է մեզ հուսալիորեն պաշտպանում: Ֆրանսիան կպահպանի իր առանձնահատկությունը, բայց պատրաստ է ավելի մեծ ներդրում ունենալ Եվրոպայի պաշտպանության գործում»։

Ֆրանսիան, ինչպես ամբողջ Եվրոպան, հույս ունի պաշտպանվել հարձակումներից «վերևից», բայց պատրա՞ստ է փողոցներում կռիվների, գետնի վրա պայթեցումների, ահաբեկչության, ներխուժումների, դիվերսիաների, շրջափակումների, հաղորդակցությունների խզման, առհասարակ, այն ամենի, ինչը Արցախում նա համարել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնում» և ինչին այժմ հավանություն է տալիս Պաղեստինում։ Պատրա՞ստ են եվրոպացիները թողնել իրենց տները եւ արտագաղթել։ Աշխարհակարգը եւ միջազգային իրավունքը չի կարող հատվածային պահպանվել։ 

Փաշինյանի հետ հանդիպումից Կիրանցի բնակիչները դուրս եկան զայրացած, կանանցից ոմանք հուզվել էին

Կիրանց

Կառավարությունում այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներին։ Գյուղացիները պահանջել էին, որ Փաշինյանը գնար մարզ ու իրենց պարզաբանումներ ներկայացներ այն տեղեկությունների մասին, որ փաստորեն խորհրդային Հայաստանի սահմաններից էլ է շեղում լինելու եւ ավելի շատ տարածքներ են հանձնվելու Տավուշից։ Բայց Փաշինյանը կիրանցիներին էր հրավիրել կառավարություն։

Հանդիպումից մարդիկ դուրս եկան զայրացած, իսկ կանանցից ոմանք հուզվել էին ու արտասվում էին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը մանրամասներ հայտնեց լրագրողներին։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն չի պահել վարչապետին հարիր, մարդկանց ասել է, որ սահմանը կարող է անգամ Կիրանց գյուղի մեջտեղով անցնել։ «Ասում էր՝ կարող է գիծը սենց անցնի, կարող է նենց անցնի, կարող է շատ վատ անցնի, կարող է մի քիչ լավ անցնի, մի խոսքով՝ վարչապետին ոչ հարիր պահվածք։ Այն ողջամիտ առաջարկները, խնդրանքը, որոնք հնչել են Կիրանցի բնակիչների կողմից, ոչ մեկն ընդունելի չի եղել։ Մարդիկ ասում են, որ գոնե վերջին տարբերակով թող այնպես լինի, որ սահմանը ոնց անցել է խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի տարիներին, գոնե այդպես անցնի։ Բայց հիմա ասում է՝ կարող է այսպես անցնի, նույնիսկ կարող է գյուղի ամենամեջտեղով անցնի։ Ասել է, որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կապրեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ։

Մարդիկ շատ վատ վիճակում են, շոկի մեջ են։ Մեկն ասում է՝ տունս եմ վառելու, մեկն ասում է՝ տանկ եմ բերելու տանս առաջ կանգնեցնեմ, մյուսն ասում է՝ չգիտեմ ինչ եմ անելու։ Ինչ անի մարդը, եթե իրեն եկել ու ասում են, որ սահմանը ոչ թե լինելու է այնպես, ոնց սովետական տարիներին է անցել, այլ հիմա էլ ասում է՝ պարզվում է, որ սովետական միության տարիներին չեն իմացել սահմանը ոնց է անցնում, հիմա նոր սահման են հորինում։ Ինչ-որ կետեր կան, հիմա ասում է՝ այդ պայմանական «ա» կետը հայտնվում է կամրջից 100 մետր դեպի գյուղ, խորքը՝ գետի ուղղությամբ։ Բայց սովետի ժամանակ նման սահման գոյություն չի ունեցել»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Աննախադեպ շոգ

Արևադարձային տաք օդի ալիքի գործունեությամբ պայմանավորված` ապրիլի 17-29-ին հանրապետության մի շարք շրջաններում ցերեկային ժամերին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Ովքեր նսեմացնում են Արցախի ՊԲ հերոսություններն ու քաջագործությունները, նրանք հայ ժողովրդի դավաճաններն են

«Արցախի հարցն անընդհատ բարձրացրած պահելն այլընտրանք չունի, դա անհրաժեշտություն է։ Եվ եթե այսօրվա իշխանությունները հրաժարվում են, իրենք եւս մեկ անգամ փորձում են ապացուցել իրենց ապազգային, ապիկար ու դավաճանական կեցվածքը հայրենիքի մի հատվածի վերաբերյալ»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Արցախի հարցը փակ չէ, Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով հակամարտությունն ավելի է խորացրել։ «Հիշեցնեմ, որ այսօր գործող Ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրված է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են՝ կանխելու Արցախից բռնագաղթը, ինչն իրենք չեն արել։ Եվ սա խոսում է արդեն այն մասին, որ լեգիտիմ չեն։ Երբ խոսում ենք Արցախի սուբյեկտայնության մասին՝ ինքնորոշման, օրինականության եւ հետագայում պահպանման մասին, մենք այստեղ շեշտը պետք է դնենք նաեւ Պաշտպանության բանակի՝ որպես օրինական գործող օղակի մասին։ Ես բազմիցս հանդիպումներ եմ ունեցել Արցախում միջազգային տարբեր կառույցների անդամների, այդ թվում՝ համանախագահների հետ, որեւիցե մեկը չի ասել՝ մենք հանդիպեցինք «ահաբեկչական խմբավորման» ղեկավարի հետ, բոլորն ասել են՝ հանդիպեցինք Արցախի պաշտպանության նախարարի հետ։ Ովքեր նսեմացնում են Արցախի ՊԲ գործողությունները, այդ 10-ամսյա շրջափակման ժամանակ  մասնատված Արցախում նրանց հերոսություններն ու քաջագործությունները, նրանք Հայաստանի ու հայ ժողովրդի իրական դավաճաններն են»,- նշեց Օհանյանը։

Նա նաեւ ասաց, որ երբ խոսում են արցախցիների՝ հավաքական վերադարձի մասին, պետք է կարեւորենք նաեւ Արցախի կառավարման համակարգի գործունեությունը։ «Կարծում եմ, որ մեր խնդիրն է, որպեսզի օգնենք Արցախի այսօրվա ղեկավարությանը։ Ես Արցախի նախագահին առաջարկել եմ, որ Արցախի կառավարությունը համապատասխան ռազմավարություն մշակի։ Եվ մենք պետք է իրենց օգնենք փորձագետներով, նաեւ միջազգային փորձագետներով»,- հավելեց Օհանյանը։

Թատերականում օրը նշանավորվեց պարային ֆլեշմոբով

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տոնը նշանավորվեց պարային ֆլեշմոբով: Նախաձեռնությունը Խորեոգրաֆիայի ամբիոնինն է:

Պարային ֆլեշմոբը նվիրված էր ԵԹԿՊԻ-ի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին: Ուսանողներին միացան նաև պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները՝ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանի գլխավորությամբ:

1982 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի (CID) նախաձեռնությամբ ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր։ Ամսաթիվն առաջարկել է պարուսույց Պյոտր Գուսևը։ Իսկ օրը ևս պատահական չի ընտրվել. ապրիլի 29-ին է ծնվել ֆրանսիացի պարուսույց, բալետի տեսաբան, ռեֆորմատոր Ժան Ժորժ Նովերրը (1727-1810 թթ.), որը պատմության մեջ հայտնի է որպես «ժամանակակից բալետի հայր»։ Նովերն առաջինն էր, որը սկսեց ինքնուրույն պարային ներկայացումներ բեմադրել։

Աշոտ Ղուլյանը փակագծեր չբացեց, բայց պահանջեց վերջ տալ շահարկումներին

«Ինչո՞ւ են Հայաստանի այսօրվա կառավարիչներն այսպես խուսափում Արցախի թեմայից, Արցախի խնդիրները մղում միմիայն սոցիալական հարցերի տիրույթ, իսկ վերջերս էլ համոզված ասում են, որ արցախցիների վերադարձի թեմա չկա ընդհանրապես։ Ակնհայտ է, որ ամեն անգամ Արցախի մասին խոսելիս պետք է հիշվեն այն ձախողումները, սխալներն ու սայթաքումները, որոնց պատճառով 150 հազար արցախցիներ, 45 հազար հայ ընտանիքներ ունեզրկվել ու հայրենազրկվել են՝ Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանություն իրականացնելու սպառնալիքի ներքո»,-  այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նա նշեց, որ այսօր ՀՀ իշխանություններն ազգային անվտանգության համար սպառնալիք են համարում 32 տարի իր գոյության համար պայքարած Արցախի Հանրապետության պետական մարմինների գործունեությունը ՀՀ տարածքում։ «Որպեսզի այս ամենը մատուցվի իրականությանը մոտ նկարագրությամբ, ակտիվորեն քարոզվում են հակաարցախյան թեզեր, իշխանության կուսակցության մանր, միջին ու մեծ տրամաչափի գործիչների միջոցով շրջանառության մեջ են դրվել Արցախի Հանրապետության համար ողբերգական ժամանակաշրջանի՝ 2023 թվականի դեպքերի ու իրադարձությունների մասին կեղծ ու հորինված տեղեկություններ։ Պետք է վերջ տալ այն շահարկումներին, որոնք վերաբերում են Արցախի իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ երկխոսության գնալուց իբրեւ թե հրաժարվելուց, էլ չեմ ասում 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իբրեւ թե կատարված իշխանափոխության եւ սեպտեմբերի 19-20-ին դիմադրություն ցույց չտալու եւ այլ անհեթեթ պնդումների մասին։ Անհարիր ու ամոթալի են նման դատողությունները, եւ այդօրինակ շեղող հնարքները պարզապես թուլացնում են մեր ռեսուրսները միջազգային հարթակներում Արցախի թեմայով ընդհանուր ճակատ ձեւավորելու համար։ Իսկ որ այդ ճակատը մեզ համար խիստ անհրաժեշտ է, վկայում է ՀՀ սահմաններին այսօր ստեղծված իրավիճակն ու նաեւ սպասվող զարգացումները։ Նոր վտանգներն ու սպառնալիքները Հայաստանից հեռացնելու միայն մեկ ճանապարհ կա՝ եթե Հայաստանը ստանձնի հայկական աշխարհի անվտանգության ամբողջական երաշխավորի իր դերը, եւ Արցախի հիմնահարցը նորից ներառվի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունների շարքում»,- նշեց Ղուլյանը։

Արցախի հարցը լուծված չէ, փակված չէ, մոռացված չէ․ Օսկանյան

«Ի հեճուկս Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չէ, փակված չէ, մոռացված չէ»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց նախկին արտգործնախարար, Արցախի հարցով հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանը։

«Այնտեղ եղել է մեծ անարդարություն, եղել է պատերազմ, եղել է էթնիկ զտում, ցեղասպանություն, եւ դրա հետեւանքով արցախահայությունը ստիպված թողել են իրենց տները եւ ապաստան են գտել Հայաստանում»,- ասաց Օսկանյանը։ Նա նշեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը։ «Դրա վառ ապացույցն այն է, որ ադրբեջանական ուժերը մխրճվել են Հայաստանի տարածք, Տավուշի չորս գյուղերը վտանգի տակ են, եւ այսպես շարունակ։ Բանակցություններում Արցախի հարցի գոյությունը կարող է ապահովել բանակցային խորք։ Երբ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես արհամարհում են Արցախի հարցը, համարում են դա փակված՝ չի եղել, չկա ու չի լինելու, իրենց թվում է, թե դա Հայաստանի անվտանգությունն է ապահովելու, բայց տեսնում ենք, որ դա այդպես չէ։ 2018 թվականից իշխանությունները միշտ քննարկել ենք Ադրբեջանի թելադրած օրակարգը։ Սա չեն գիտակցո՞ւմ, չեն սովորե՞լ, եւ արդեն գալիս ես այն եզրակացության, որ միգուցե այս բոլորն արվում է միտումնավոր»,- հավելեց Օսկանյանը։

Նրա խոսքով՝  այսօր Արցախի հարցի բարձրացումը եւ օրակարգ մտցնելը շատ իրատեսական է։ Արցախահայության իրավունքների պաշտպանության հանձնախումբը լուրջ աշխատանք է արել, ասաց Օսկանյանը։ Բայց, նրա խոսքով, լուրջ արդյունքներ ակնկալել շատ դժվար է, քանի որ միայն Հայաստանի իշխանությունները կարող են այդ հարցում բեկում մտցնել եւ հաջողություններ արձանագրել։

«Այսօր այդ հարցն օրակարգ բերելու միակ խոչընդոտը Հայաստանի իշխանություններն են։ Աշխարհը դրան պատրաստ է, անհատ երկրներ պատրաստ են, բոլորն ասում են՝, այո՛, արցախահայությունն իրավունք ունի իրենց տներ վերադառնալ, դա իրենց իրավունքն է, դրանք իրենց պատմական հողերն են, միջազգային օրենքների ցանկացած դրույթով արցախահայությունն իրավունք ունի վերադառնալու։ Կա նախորդ տարվա նոյեմբերի 17-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որն ստիպում է Ադրբեջանին՝ բացել ճանապարհն ու արցախահայությանը թույլ տալ վերադառնալ իրենց տներ։ Կա Եվրախորհրդարանի վերջին որոշումը, որը նույնպես Ադրբեջանի ղեկավարությանը բանակցությունների նստել այդ հարցի շուրջ եւ ապահովել նրանց վերադարձը՝ միջազգային ներկայությամբ։ Շատ կարեւոր է այս հանգամանքը՝ միջազգային ներկայությամբ։ Այս բոլորը լուրջ հնարավորություն է տալիս, որ մենք կարողանանք այս հարցը վերադարձնել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգ։ Վերադարձնելով՝ մեր հնարավորություններն են մեծանում։ Իսկ ովքեր փորձում են համոզել մեր ժողովրդին, որ այդ հարցը բարձրացնելով՝ մենք առավել վտանգում ենք Հայաստանը, հնարավոր է, որ պատերազմ լինի, նրանք տգետ են, դիվանագիտական անմեղսունակներ են։ Ընդհակառակը, այս հարցի օրակարգ ներմուծելը նպաստելու է առավել կայուն խաղաղության հաստատմանը մեր տարածաշրջանում»,- ընդգծեց նա։

Բլինքենի տարօրինակ զանգը․ ինչի՞ դիմաց են հանձնվում Տավուշի հողերը

Տավուշի իրադարձություններին զուգահեռ, որտեղ առանց պետական ​​և միջազգային ընթացակարգերի փոխվում է պետական ​​սահմանագիծը, իսկ Հայաստանում իշխանության ոչ լեգիտիմ քայլերի դեմ բողոքի ալիք է բարձրանում, տարածաշրջանում մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունենում։ Նրանց փոխկապակցությունը ուրվագծվում է ԱՄՆ պետքարտուղարության և Հայաստանի կառավարության՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի կողմից Փաշինյանին և Ալիևին ուղղված զանգերի մասին տեղեկատվության մեջ։

Նախ՝ ապրիլի 5-ին Բլինքեն-Փաշինյան-ֆոն դեր Լեյեն հանդիպման վերաբերյալ Հայաստանի կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ «հանդիպումը գաղտնի օրակարգ չի ունեցել»։ Ինչո՞ւ է Փաշինյանը Բլինքենին ասում, որ «գաղտնի օրակարգ չկա», չէ՞ որ Բլինքենն այնտեղ է եղել։ Ենթադրվում է, որ ապրիլի 5-ից հետո տեղի է ունենում մի բան, որը պաշտոնական օրակարգում չի եղել։ Օրինակ՝ Հայաստանի միակողմանի զիջումները, որոնք բարդացնում են Վաշինգտոնի կյանքը։ Ի վերջո, ԱՄՆ-ն չի կարող Ալիևի դեմ օգտագործել փաստարկներ, որոնք Ալիևը հեշտությամբ լուծում է Փաշինյանի հետ «երկկողմանի ձևաչափով» կամ Ռուսաստանի միջնորդությամբ։

Երկրորդ՝ Ալիևի հետ Բլինքենի զրույցի վերաբերյալ Պետդեպարտամենտի հաղորդման մեջ նշվում է, որ Բլինքենը «ողջունել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Գուբաթ Իբադօղլուին տնային կալանքից ազատելը և կոչ է արել նրան լիովին և շուտափույթ ազատ արձակել։ Բլինքենը կրկին կոչ է արել Բաքվին պահպանել իր միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին»։ Նա նաև հիշեցրել է «Բաքվում COP 29-ի հաջողության ապահովման մասին»։

Այս բոլոր թեզերն ուղղակիորեն արտացոլված են տեղեկատվական հայելու մեջ. Ռուբեն Վարդանյանի Բաքվի բանտում հացադուլից և նրա ազատ արձակման պահանջով ԱՄՆ-ում տեղեկատվական արշավից հետո Վաշինգտոնը կարող էր պահանջ ներկայացնել Բաքվին։ Այս պահանջին Ալիևը, հավանաբար, պատասխանել է Տավուշում «սահմանազատման» պայմանով։ Իսկ դրանից հետո Բաքվի և արդեն հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին ընդդիմադիր ադրբեջանցու եւ Ռուբեն Վարդանյանի մոտալուտ ազատ արձակման մասին։

Բացի այդ, Բաքվի քաղաքագետները նշում են, որ Ալիևը կարող է Նիկոլ Փաշինյանին հրավիրել Բաքվում կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովին։ Բլինքենի աջակցությունը նշանակում է, որ Վաշինգտոնը շահագրգռված է, որ Փաշինյանի «պատմական» այցը Բաքու տեղի ունենա Միացյալ Նահանգների, այլ ոչ այլ երկրների հովանու ներքո։ Իսկ «Նոբելյան մրցանակը» ստանա ոչ թե Ռուբեն Վարդանյանը, ինչպես առաջարկվում է, այլ Փաշինյանն ու Ալիևը։

Այսպիսով, ի հայտ է գալիս գաղտնագողության պատկեր. Տավուշում հայկական հողերը հանձնելով՝ Բլինքենը «հասնում» է Իբադօղլուի և Վարդանյանի ազատ արձակելուն՝  մտածելով, որ Ալիևի և Փաշինյանի բանակցությունները կարճ շղթայի վրա է պահում։ Լավրովը բարձր ծիծաղում է դալանում։

Հեղափոխությունից հինգ պակաս Վրաստանում

Ըստ որոշ տեղեկությունների՝ մոտ 100 հազար մարդ այսօր դուրս է եկել Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտա՝ խորհրդարանի մոտ, որտեղ կրկին քննարկվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Օրենքի երկրորդ ընթերցումը կկայանա ապրիլի 30-ին, ու միգուցե այս օրը հեղափոխական դառնա։

«Ես ուզում էի ասել, թե ինչպես Վրաստանը կկորցնի առանց վիզայի ռեժիմը, եթե ընդունի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, և ինձ հեռացրին նիստից, նրանք խաբում են հանրությանը»,- լրագրողներին ասել է Lelo-ի անդամ Սալոմե Սամադաշվիլին: Իրավաբանական կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին նրան հեռացրել է հանձնաժողովի նիստից։

Փորձագետները նշում են, որ իշխող «Վրացական երազանքն» այլեւս չի թաքցնում իր ռուսամետ կողմնորոշումը։ Եվրոպան, Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելով, փաստացի ցույց տվեց, որ ինքը Վրաստանի ժողովրդի հետ խնդիրներ չունի, բայց ժողովուրդը պետք է լուծի իր իշխանության հարցերը։

Իվանիշվիլիի կուսակցությունը իշխում է 2012 թվականից, և մինչ այժմ նրան հաջողվել է պահպանվել նույնիսկ ամենադժվարին պայմաններում: Բայց իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում անխուսափելիորեն տանում է դեպի «հեղափոխություն»։

Գործող իշխանության քաղաքականության հետ կապված Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին չի կարելի բացառել, որ տարածաշրջանում քաղաքական միտումը կարող է փոխվել 180 աստիճանով։

Երկու անգամ տեղահանվելուց հետո Տաթև Քարամյանը մտադիր է նորից ոտքի կանգնել

Տաթևը Արցախի Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղից է։ Հայրենի գյուղից տեղահանվել է 2020 թվականին, իսկ 2023 թվականի սեպտեմբերին կրկնակի տեղահանվածի կարգավիճակով բռնել է Արցախից Հայաստան գաղթի երկար ու դժվարին ճանապարհը։

Ջրաղացներ

Երեք երեխաների հետ դժվար էր հաղթահարել անվերջ թվացող այդ ճանապարհը։ Համարյա 40 ժամ ճանապարհ են կտրել։ Հակարիի կամուրջն անցնելուց հետո միայն կարողացել է հանգիստ շունչ քաշել։ Ամուսնական կյանքի ընթացքում ամուսնու՝ Արտիկի հետ շատ դժվարություններ են հաղթահարել, անցել փորձություններով ու կարողացել են ոտքի կանգնել։

Արցախից բռնատեղահանվելուց նախ հանգրվանել են Արարատի մարզի Ավշարի համայնքի ղեկավարի տանը։ Սրտացավ ու հոգատար մարդկանց շրջապատում արցախցի ընտանիքն իրեն միայնակ չի զգացել։ Քարամյանները երբեք չեն մոռանա իրենց հանդիպած այդ բարի մարդկանց։

Մի քանի օր հետո նրանք տեղափոխվել են Արարատ քաղաք, իսկ ամիսներ հետո՝ Բյուրական։ Այստեղ մեծ հնարավորություն ունեն զբաղվելու հողագործությամբ ու անասնապահությամբ։

Տաթևի հետ զրույցի ընթացքում ակամայից հիշում եմ Ջրաղացներ գյուղը, որտեղ մարդիկ առանձնանում էին իրենց աշխատասիրությամբ ու հաստատակամությամբ։

-Հարազատ Ջրաղացներից տեղահանվելուց հետո բնակություն ենք հաստատել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ Ինչպես հիմա, այն ժամանակ ևս դատարկաձեռն ենք դուրս եկել գյուղից։ Խնապատի համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանի շնորհիվ կարողացել ենք տուն գտնել ու սկսել աշխատել։ Ամուսինս անասուններ է ձեռք բերել ու զբաղվում էր անասնապահությամբ։ Արդեն պիտի մեր աշխատանքի արդյունքը տեսնեինք, 2023 թվականի սեպտեմբերն ամեն ինչ կործանեց։ Նորից զգալ նույնը, ինչ երեք տարի առաջ, անպատմելի դաժան է, սակայն ինչ արած, պետք է շարունակել ապրել։

“Ասկերանի զարգացման կենտրոն” ՀԿ-ի կանանց հզորացման և զարգացման “Վերածնունդ” ծրագրի շրջանակներում որպես աջակցություն երկու ոչխար ստացա, երեքն էլ մեր միջոցներով ձեռք բերեցինք և զբաղվում ենք ոչխարաբուծությամբ։ Ամուսինս մտադիր է նաև խոշոր եղջերավոր անասուններ ձեռք բերել ու ընդլայնել անասնապահությունը,-ասում է Տաթևը։

Նա, իհարկե, երազում է Արցախ վերադառնալու մասին, սակայն  մինչ այդ երանելի օրը մտադիր չէ դժգոհել կյանքից ու պարապ նստել։ Երևանում սովորել է նաև կար ու ձևի արհեստը և արդեն տանը սկսել է աշխատել։ Ճիշտ է, սկսնակ դերձակուհի է, բայց նրա վարժ ձեռքերն արդեն արդյունք են տալիս։ Տաթևին ճանաչողները գիտեն․ նա իր ամուսնու թև ու թիկունքն է ու եթե մտադրվել է նպատակին հասնելու, ապա անպայման կհասնի։

-Արցախում ևս տքնաջան էինք աշխատում։ Ինչպես այնտեղ, այստեղ ևս մեզ օգնում է ամուսնուս մայրը։ Միասին մենք կարողանում ենք հաղթահարել այս դժվարութունները, դաստիարակել երեխաներին։ Հույս ունեմ, որ կկարողանանք զարգացնել մեր փոքրիկ տնտեսությունը․ չէ՞ որ արցախցին կոտրվելու, զենքերը վայր դնելու իրավունք չունի։ Երեխաներիս դաստիարակելու եմ այնպես, որ նրանք մեծանան արցախցուն արժանավայել ու միշտ հիշեն, որ Արցախյան առաջին պատերազմում զոհված հերոսի թոռներ են,- հավելում է Տաթևը։

Բռնատեղահանվելուց հետո Քարամյանները մշտական կապի մեջ են ինչպես Ջրաղացների, այնպես էլ Խնապատի համայնքների ղեկավարների ու բնակչության հետ։ Այդ կապը նրանց ավելի մեծ ուժ ու եռանդ է տալիս։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- նշեց Բադալյանը։