Թատերականում օրը նշանավորվեց պարային ֆլեշմոբով

  • 16:54 29.04.2024

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տոնը նշանավորվեց պարային ֆլեշմոբով: Նախաձեռնությունը Խորեոգրաֆիայի ամբիոնինն է:

Պարային ֆլեշմոբը նվիրված էր ԵԹԿՊԻ-ի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին: Ուսանողներին միացան նաև պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները՝ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանի գլխավորությամբ:

1982 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի (CID) նախաձեռնությամբ ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր։ Ամսաթիվն առաջարկել է պարուսույց Պյոտր Գուսևը։ Իսկ օրը ևս պատահական չի ընտրվել. ապրիլի 29-ին է ծնվել ֆրանսիացի պարուսույց, բալետի տեսաբան, ռեֆորմատոր Ժան Ժորժ Նովերրը (1727-1810 թթ.), որը պատմության մեջ հայտնի է որպես «ժամանակակից բալետի հայր»։ Նովերն առաջինն էր, որը սկսեց ինքնուրույն պարային ներկայացումներ բեմադրել։