Կառավարությունը ներում է 6 000 արցախցիների գրավի դիմաց վերցրած վարկերը և վերադարձնում ոսկին

Կառավարությունը որոշում ընդունեց ներել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ գրավի դիմաց վերցրած վարկերը և վերադարձնել գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը։ Խոսքը գնում է այն վարկերի մասին, որոնք չեն գերազանցում 5 միլիոն դրամը։ 5 միլիոն դրամը գերազանցող վարկերը, որոնք վերցվել են գրավի դիմաց, 5-ն են։ Դրանց վերաբերյալ Կառավարությունը նախատեսում է առանձին քննարկում կազմակերպել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին որոշման նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը հիշեցրեց, որ  ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի համապատասխան որոշման հիման վրա Լեռնային Ղարաբաղի կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների դրամական պահանջները զիջվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որոնց դիմաց վերջիններիս օգտին թողարկվել են գանձապետական պարտատոմսեր։ Դրա կազմում ներառված են նաև ֆինանսական կազմակերպությունների ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրման վարկային պարտավորությունները։

«Խոսքը, մասնավորապես, շուրջ 6 հազար քաղաքացիների մոտ 2,8 միլիարդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է։ Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրման տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 միլիոն դրամ գումարի չափով վարկային պարտավորությունները և հնարավորություն ստեղծել վերադարձնել գրավադրված ոսկյա իրերը։ Փաստացի, ֆինանսական կազմակերպություններում ներկայումս շարունակվում է պահվել շուրջ 1800 քաղաքացու պարտավորությունների դիմաց գրավադրված մոտ 30 կգ քաշով շուրջ 7 հազար 800 հատ ոսկյա իր։ Ընդ որում, մոտ 2,3 միլիարդ դրամ ընդհանուր մնացորդով պարտավորությունների կազմը հետևյալն է՝ մինչև 500 հազար դրամ վարկերը 5241 հատ են, 500 հազարից 1 միլիոն դրամի չափով վարկերը 718 հատ են, 1 միլիոնից 2 միլիոն դրամի չափով վարկերը 221 հատ են, 2 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով վարկերը 25 հատ են, 2,5 միլիոնից 5 միլիոն դրամից չափով վարկերը 15 հատ են և 5 միլիոն դրամը գերազանցող վարկերը 5-ն են»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կառավարության որոշման ընդունումից հետո շահառու հանդիսացող անձինք կարող են դիմում ներկայացնել ֆինանսների նախարարություն՝ վերջինիս հետ պարտքի ներման համաձայնագիր կնքելու համար։

«Պարտքի ներման համաձայնագրի կնքումից հետո գրավադրված ոսկյա իրերը կվերադարձվեն քաղաքացիներին»,- եզրափակեց նախարարը։

Ինչ է նախատոսում ԵՄ-ն Հայաստանի եւ արցախցիների համար

ՀՀ Ազգային ժողովում անցկացվում են  «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ։

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում ասաց, որ նախ եւ առաջ քաղաքական եւ անվտանգային երկխոսություն են ծավալում Հայաստանի իշխանությունների հետ։ «Համագործակցության երկրորդ ուղղությունը՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն է Հայաստանում, որը մշտադիտարկում է սահմանի հայկական կողմից իրավիճակը։ Նաեւ Եվրամիությունը դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսանկյունից, բայց էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները։ Սա վերաբերում է եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակին»,- նշեց նա։

Մարագոսն ասաց, որ տնտեսական եւ ներդրումային ծրագիրն արդեն 550 մլն եվրոյից ավելի գումար է մոբիլիզացրել։ Շարունակում են աշխատել Սյունիքում, եւ ԵՄ անդամ երկրների կողմից արդեն 120 մլն եվրոյից ավելի գումար է նորդրվել Սյունիքում։

«Վերջում երեք կետ կուզեմ ընդգծել, նախ եւ առաջ սեփականության զգացողություն։ Շատ հաճախ հարցնում են՝ ո՞րն է Եվրամիության նպատակը Հայաստանում։ Ես պատասխանում եմ՝ նոր գործընկերության օրակարգը ձեւավորվում է եւ կձեւավորվի երկու կողմերից։ Նպատակն է ձեւավորել մի օրակարգ, որն էլ ավելի կխորացնի մեր գործընկերությունն ու համագործակցությունը։ Մենք ունենք համատեղ արժեքներ, մենք համաձայն ենք միջազգային այն կարգին, որը հիմնված է օրենքների եւ իրավունքի վրա։ Այն բարեփոխումները, որոնց մասին մենք խոսում ենք, հարկավոր է, որ լինի սեփականության եւ սեփականատիրոջ զգացողություն թե իշխանությունների, թե քաղհասարակության, թե ինստիտուտների, բոլորի կողմից։ Ունենք հիմքը, պետք է համոզվենք, որ դա արդյունավետ կաշխատի»,- ասաց նա։

Մյուս կետերով դեսպանը կարեւորեց  օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը՝ շեշտելով, որ լավ աշխատող, անկախ դատական համակարգը  կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը։  «Մյուսը մեր աջակցությունն է փախստականներին։ ԵՄ-ն իր անդամ պետությունների հետ արդեն 60 մլն եվրո է մոբիլիզացրել այս ուղղությամբ։ Հիմա ՀՀ կառավարության հետ քննարկում ենք հավելյալ աջակցության հարցը՝ բնակարանաշինություն, ապրուստ»։

Իրան-Իսրայել դիմակայությունը թեւակոխում է վճռական փուլ՝ հարված կլինի՞ Զանգելանին

Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին «X» սոցիալական ցանցում եբրայերեն գրառում է հրապարակել, որում Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակումից հետո սպառնալիք է հնչեցրել Իսրայելի հասցեին։

«Աստծո օգնությամբ մենք կստիպենք սիոնիստներին (Իսրայելին) զղջալ Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ կատարած հանցագործության համար»,- ասվում է ուղերձում։

Երկուշաբթի երեկոյան Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության շենքին իսրայելական ավիահարվածի մասին։ Իսրայելական հարվածը սպանել է ԻՀՊԿ-ի յոթ սպա, այդ թվում՝ երկու գեներակ՝ ավագ գլխավոր խորհրդական:

Իրանը պատրաստվում է հարձակման Իսրայելի վրա, որը կարող է տեղի ունենալ առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Իբր, Իսրայելի կառավարությունը նման նախազգուշացում է ստացել ԱՄՆ ԿՀՎ-ից, գրում է Vox ալբանական հրատարակությունը՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները։

Իրան-Իսրայել առճակատումը առանցքային է դառնում մոտ ապագայում իրադարձությունների զարգացման համար։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն չի կարող նահանջել և գնալու է մինչև վերջ. այս համատեքստում չափազանց կարևոր է, թե ինչպիսին կլինի Իրանի պատասխանը և «ում դիակը կբերի գետը»։

Համաշխարհային առաջնորդների հայտարարությունների լույսի ներքո, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը կփոխվի առաջիկա տարիներին, պետք է ակնկալել Իսրայելի դերի փոփոխություն: Ներկայիս աշխարհակարգը, ՄԱԿ-ը և Իսրայելը ստեղծվել են նույն կմախկի վրա, և աշխարհակարգում Իսրայելի առանցքային դերի փոփոխությունը կարող է հանգեցնել մեծ վերափոխումների:

Այս առումով, պատահական չէ, որ տեղեկություններ կան, որ Իրանը կարող է հարվածել իսրայելական ռազմական և հետախուզական ենթակառուցվածքներին Արցախի օկուպացված տարածքներում։ Կամ էլ այնտեղից հարված կլինի Իրանի հյուսիսային նահանգներին։

Ֆրանսիայի պարզ հարցերը Հայաստանին եւ ՌԴ-ին․ հիմա Ռուսաստանը դաշնակի՞ց է

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման նպատակը Հայաստանին աջակցություն ցուցաբերելն է եւ այս հարցում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ջանքերը համատեղելը: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Ինչպես նաեւ հիշեցնելու համար այն որոշումները, որոնք կայացվել են այն ժամանակ, երբ Հայաստանը դիմակայում էր ԼՂ-ից 100 հազար բռնի տեղահանվածների հոսքին, եւ փախստականներին ընդունելու մարտահրավերները դեռեւս զգալի են երկրի համար:

Հանդիպմանը չեն քննարկվելու անվտանգային հարցեր: Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ: Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում համագործակցություն ենք սկսել Հայաստանի հետ, որը զարգանում է”, ասել է դեսպանը:

Նա պարզ հարց է տալիս․ եթե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է եւ ուզում է, որ Հայաստանը պաշտպանված լինի, ինչո՞ւ է ընդդիմանում, երբ Հայաստանը ուժեղանում է։

«Չեմ հասկանում, թե ինչպես մի երկրի օգնելը, որը դիմակայում է հումանիտար ճգնաժամի, որը կանգնած է տարածքային սպառնալիքների առջեւ, կարող է վնասել տարածքային անվտանգությանը: Ինձ համար Մոսկվայի այդ մտահոգություններն անհասկանալի են: Ինչպե՞ս կարող է  Հայաստանին օգնելը Ռուսաստանի դեմ լինել, ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը»:

«Այդ զենքերն ունեն պաշտպանական նշանակություն եւ կարծում եմ՝ ֆրանսիական սարքավորումներն արդարացրել են իրենց մեր բանակներում եւ աշխարհում մեր գնորդ երկրների բանակներում: Դա ապացուցելու կարիք չկա»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը նույն ՀՕՊ համակարգում են գործում, եւ դա արդեն “ապացուցել է” իր անարդյունավետությունը։ 

Ֆրանսիայի դեսպանը նաեւ պարզ բառերով բացատրեց Ռուսաստանի դերը Հայաստանի հետ վերջին տարիներին կատարվածում։

«Վերջին տարիներին Ռուսաստանը, որ Հայաստանի պաշտոնական դաշնակիցն է, երկու երկրները ՀԱՊԿ-ի անդամ են, Հայաստանին օգնության չհասավ, երբ վերջինիս տարածքը երկու անգամ հարձակման ենթարկվեց  2021 եւ 2022 թվականներին ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրի կողմից: Մինչդեռ 2023-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց ԼՂ-ում, Ռուսաստանը, որը հրադադարի երաշխավորն էր 2020-ից ի վեր, որն ուներ խաղաղապահ զորքեր տեղում՝ ԼՂ-ում, չմիջամտեց: Ռուս խաղաղապահներն իրենց զորանոցից դուրս եկան միայն ԼՂ փաստացի իշխանությունների ուժերը զինաթափելու ժամանակ, Բաքվի հետ հրադադար կնքելուց հետո: Այսպիսով, եթե մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է»:

Ինչ վերաբերում է Մոսկվայի պնդմանը, ըստ որի Արեւմուտքը, Ֆրանսիան Պրահայում այնպես արեցին, որ Հայաստանը հրաժարվի Արցախից, եւ Ռուսաստանն էլ ստիպված ընդունեց Արեւմուտքի ճնշմամբ ընդունված այդ որոշումը, Դըկոտինյին ասաց. «Սա իսկապես առաջին անգամը կլիներ, որ Ռուսաստանը կենթարկվեր Եվրոպայի կամ Արեւմուտքի կամքին։ Զարմանալի է, որ եթե տիկին Զախարովան դա ասել է: Այն, ինչ տեղի է ունեցել հետեւյալն է՝ հրադադարի երաշխավոր Ռուսաստանը, երբ հրադադարի այդ պայմանագիրը խախտվել է Ադրբեջանի կողմից, երաշխավորի իրենց դերը չեն խաղացել: Փախստականները, որ լքեցին ԼՂ-ն, դա արեցին 9 ամիս տեւած շրջափակումից եւ դաժան ռազմական հարձակումից հետո: Եվրոպացիները չեն կազմակերպել այդ շրջափակումը, եվրոպացիները չեն իրագործել այդ դաժան ռազմական հարձակումը»:

Մեր կողմից հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինը, փաստորեն, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը /Արցախը ադրբեջանի մաս ճանաչելու մասին/ նրա համար բարձրագույն արժեք են։

«Հայաստանի կողմից իրական մերձեցում է նկատվում դեպի Եվրոպա: Ի վերջո, Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն՝ ուզո՞ւմ են, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ: Դա իրավական, պաշտոնական գործընթաց է, եւ նրանք այսօր չեն ձեւակերպել այդ խնդրանքը»:

Ֆրանսիայի դեսպանը տարակուսած է Փաշինյանի քաղաքականությունից, որը “հակառուսականություն եւ արեւմտամետություն” է ձեւացնում, բայց ոչ մի իրական քայլ չի անում։ 

«Ես ներկայացնում եմ Ֆրանսիան, որը իր կարողությունների սահմաններում կարող է հնարավորություն տալ Հայաստանին պաշտպանել իր ժողովրդին, իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այսինքն չսպասել, որ լինի ռազմական նոր դրվագ օգնելու համար Հայաստանին: Այս պատճառով է, որ մենք սկսել ենք պաշտպանության ոլորտում համագործակցություն Հայաստանի հետ: Մենք ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն ենք, որ կոտրում ենք տաբուն՝ մատակարարելով սարքավորումներ ՀԱՊԿ-ի անդամ երկիր Հայաստանին”, ասել է դեսպանը:

 

Թաթարստանի ղեկավարը կոչ է արել հույս չդնել ռուսական ՀՕՊ-ի վրա, որը «պաշտպանում է» նաեւ Հայաստանը

Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը ձեռնարկություններին կոչ է արել «արթնանալ» և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար հույսը չդնել ՀՕՊ համակարգերի վրա։ Տարածաշրջանի ղեկավարը համապատասխան հայտարարություն է արել Միջազգային էներգետիկ ֆորումում, հաղորդում է «Թաթարստան-24» հեռագրային ալիքը։

Միննիխանովի խոսքով՝ ձեռնարկությունները պետք է ինքնուրույն մտածեն անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու իրենց միջոցների մասին։

Ապրիլի 2-ի առավոտյան անօդաչու սարքերը հարձակվել են Ելաբուգայի և Նիժնեկամսկի ձեռնարկությունների վրա։ Անօդաչու սարքերը հարվածել են նաև Ալաբուգայի հատուկ տնտեսական գոտում գտնվող հանրակացարանին:

Փաստորեն, Ռուսաստանում «պետականաստեղծ» հանրապետության նախագահը կոչ է անում հույսը չդնել ռուսական հակաօդային պաշտպանության վրա։ Հիշեցնենք, որ Հայաստանը, չնայած «հակառուսական քայլերին», դեռևս չի հրաժարվել Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգից։ Հայաստանում ռուսական ռազմական տեխնիկայի բազմաթիվ «աջակիցներ» հավանաբար չեն լսի Թաթարստանի նախագահին։

Ես պետք է Արցախում ծնվեի

Իննա Գրիգորյանը «Զումբա» պարային ֆիթնեսի մարզիչ է: Տեղահանությունից հետո շարունակում է մարզել, նոր մարտահրավերներ հաղթահարել: Էությամբ լավատես ու պրպտուն արցախուհին գտնում է, որ պետք է  գործել, գործել ու հուսալ: Կիսվում է իր ապրումներով ու հույզերով:

Ես պետք է Արցախում ծնվեի

Երբ 2016-ի քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմներից հետո չուզեցա Արցախից հեռանալ, հասկացա, որ մի ամուր զգացմունք է ինձ կապում ծննդավայրիս հետ: Փախչելու փոխարեն սկսեց աշխատել մեկ այլ մեխանիզմ. ինչքան դժվարությունները շատանում էին, այնքան ցանկանում էի մնալ, օգնել՝  ուժերիս ներածին չափով: Այն գիտակցությունը կար, որ Աստված գիտի, թե ամեն մարդ որտեղ պետք է ծնվի: Ես պետք է Արցախում ծնվեի: Իմ աղոթքներում միշտ հարցեր էի տալիս Աստծուն, բայց նաև գիտեի, որ Նա է զորացնում: Ինչքան դժվարություններն ավելանում էին, այնքան ավելի ուժ էի իմ մեջ գտնում դրանք հաղթահարելու: Այսօր եթե մենք հայտնվել ենք այս վիճակում, ստիպված լքել ենք մեր հայրենիքը, յուրաքանչյուրիս բացն է այս կամ այն հարցում: Շատ ընտանիքներ  կան, որ պատերազմի, չարաբաստիկ պայթյունի ժամանակ զոհեր ունեն, նույնիսկ մի ընտանիքից մի քանի զոհ: Երբեմն ինքս ինձ հարցում եմ՝ կկարողանայի՞, արդյոք, նույնքան սթափ, շնորհակալ լինել Աստծուն, եթե իմ մաշկի վրա զգայի կորուստը: Չնայած մարդկայնորեն ապրումակցում եմ բոլորին:

Տեղահանություն

Տեղահանությունից հետո չէի հասկանում՝ ո՞վ եմ ես, ո՞ւր եմ գնում: Բայց ժամանակի հետ հասկացա, որ պետք է առաջ գնալ, կայանալ: Մեր  փոքրիկ քաղաքում մեզ համար հարմարավետ ապրում էինք: Իսկ այս մարտահրավերը ինքնակազմակերպվելու համար է նաև: Չեմ սիրում բողոքելը, միշտ ամաչում եմ, երբ բողոքում եմ: Պետք է արժանապատվորեն կրենք մեր փորձությունները: Ես լիահույս եմ, որ հետ ենք վերադառնալու մեր տները:

Արվեստը բուժում է

Արցախում ունեի «Զումբա» պարային խումբ, որը հրաշալի միջոց էր լավատես մնալու, չընկճվելու համար: Աշխույժ պարային ռիթմերը շատ եմ սիրում: Չնայած դժվար էր անդադար վատ լուրերի մեջ պարային խմբակ ունենալը: Հաճախ դասերը տեղափոխում էինք՝ կախված իրադարձություններից: Միշտ ասում էի՝ արվեստի մարդկանց համար հիմա առավել դժվար է: Դա այն է, ինչ դու կարողանում ես անել, բայց իրավիճակը իրենն է թելադրում:

Միանշանակ պետք է շարունակել գործունեությունը, ինչ գնով էլ լինի: Արվեստը նորոգում է, բուժում է: Մարդիկ ինձ են նայում, ես պետք է պարեմ ու դրանով էլ շատերին վերագտնման ճանապարհով տանեմ: Երբ մտնում եմ դահլիճ պարապմունքի, անմիջապես տրվում եմ աշխատանքիս: Անգամ այն ցուրտ օրերին, բլոկադայի ժամանակ, նույնիսկ երբ 2-3 հոգի էին գալիս պարապմունքի, էլի աշխատում էինք:

Կամավորությունն այլընտրանք չուներ

Բլոկադայի շրջանում ակտիվ զբաղվում էինք կամավորությամբ, որովհետև դրա մեծ կարիքը կար: «Թող աջդ չիմանա, թե ձախդ ինչ է անում» գիտակցությամբ օգնում էինք մարդկանց՝ ինչքան հնարավոր էր: Այդպես կամավորություն էինք անում, որտեղ կանչում էին, որտեղ զգում էի, որ  պիտի գնամ՝ գնում էի: Դեռ 2016-ին տեղահանված ընտանիքների տաք հագուստներով, ուտելիքով էինք օգնում: Բլոկադայի ժամանակ էլ ոտքով սոցապի պահեստներ էինք գնում, եղած ուտելիքը դասավորում, որպեսզի մարդկանց բաժանենք: Երբ տրանսպորտ չկար, հացը ոտքով էինք խանութներին բաժանում, որ մարդիկ կարողանան գնել: Ծանր վիճակում գտնվող ընտանիքների ձեռք էինք մեկնում: Սնունդը մարդկանց փոխանցելուց բացի առավել կարևորում էինք հոգևոր սննդով մարդկանց հետ կիսվելը: Մարդիկ Աստծո խոսքը լսելով ամրանում էին, զորանում, դժվարություններին այլ կերպ նայում: Այդպես մեկս մյուսին օգնելով ապրում էինք: Այդ օրերին այլևս չէինք վախենում, որ լույս չկա, տաք ջուր չկա, գազ չկա: Համակերպվել էինք, որ գազ չի լինի, չէինք էլ սպասում: Կարևորը՝  չհեռանայինք մեր տներից: Բայց կատարվեց այն, ինչից վախենում էինք:

 

Պատերազմից և պայթյունից տուժածներին հիվանդանոցում էինք օգնում: Կարծես, դժոխքում լինեինք: Անընդհատ ինձ մեղադրում էի, որ ավելի շատ գիտելիքներ չունեի բժշկությունից: Ինչքան հնարավոր է՝ դեղեր, սպիտակեղեն էինք հավաքել, տարել այնտեղ: Ու այդ ցավի ու տառապանքի մեջ համոզվել եմ, որ Աստված ուժեղ սիրտ է տվել նման գործեր անելու համար: Աներևակայելիորեն դիմացկուն էի:

Գաղթ և նոր իրականություն

Գաղթ չէի պատկերացնում: Միշտ մտածում էի՝ միայն ոչ դա: Առավել ևս՝ այդքան տառապանքից հետո: Մի կերպ մի քիչ բենզին գտանք: Հապշտապ հավաքել եմ՝ ինչ հնարավոր էր: Տանս դուռը փակելու և հեռանալու պահին ներաշխարհս տակնուվրա էր եղել: Այստեղ սկսել է աշխատել իմ ինքնապաշտպանական բնազդը: Չէի պատկերացնում, որ կարող եմ ապրել, աշխատանքի գնալ, նույնիսկ մեքենա վարել Երևանի հագեցած երթևեկության մեջ:

Առաջին օրերից փնտրում էի ֆիթնես-ակումբ՝ «Զումբա» խմբակ բացելու համար: Տարբեր տեղեր էին խորհուրդ տվել դիմել: Ու մի օր սոցկայքով առաջարկ եմ ստանում մի ֆիթնես-ակումբից: Հասկացա, որ հենց դա է, որովհետև շատ էի աղոթում դրա համար: Վերջերս նաև «Զումբա»-ի վերապատրաստումներ անցա: Շատ բաներ կան, որ կցանկանայի սովորել: Մեծ քաղաքի ռիթմն ուրիշ է, պետք է ավելին անել, օգտագործել բոլոր հնարավորությունները:

Գայանե Գևորգյան

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում

 

Քարագլուխ – Շիկաքար․  Կորուսված Հայրենիք

Գյուղի պատմությունը սկսվում է առնվազն XII –XIII-րդ դարերից, որի  մասին վկայում են նշված ժամանակաշրջանի խաչքարերը։

Հիշյալ դարերում բնակավայրը հիշատակվում էր Քարագլուխ անվանումով, որն առաջացել է գյուղի ունեցած բարձր լեռնային դիրքից։ 19-րդ դարի կեսերին և խորհրդային իշխանության տարիներին՝ Դաշբաշի, որը Քարագլուխ անվան թուրքերեն թարգմանությունն էր։ Երբեմնի գյուղը հայտնի էր նաև «Արավուս» անվամբ, քանզի այնտեղ էին հաստատվել բնակիչներ Սյունյաց համանուն բնակավայրից։ Նախկինում անվանվել է նաև Արավուզ, Արավուս, Արաուս, Շիկաքար, Քրըգլոխ։

Իսկ Շիկաքար բերդի սկզբնական շինարարության մասին պատմական աղբյուրները ստույգ տեղեկություններ չեն հաղորդում։ Հայտնի է, որ 9-րդ դարի սկզբին այն հայ իշխան Սահլ (Սահակ) Սմբատյանի կենտրոնավայրն էր։ Արի և շքեղատեսակն Սահլի Սմբատեան Եռանշահիկն տէր, այսպես էր բնութագրում Մովսես Կաղանկատվացին Շիկաքարի տիրակալին։

Քարագլուխը մորական պապիս գյուղն է, մորական տատս, ում ես չեմ տեսել, թաղված է այնտեղ, 13-րդ դարի հայտնի գեղաքանդակ խաչքարերից ոչ շատ հեռու։

Երբ գյուղը լքվել է, մերոնք Քարագլխից իջել ու տնավորվել են Խրամորթ գյուղում։ Ես փոքր երեխա էի, ու հիշում եմ, որ ծնողներիս հետ գնում էինք պապիկենց տուն։ Ոտքով Խրամորթից լեռն ի վեր բարձրանում էինք գյուղ, ու միշտ տեղ էինք հասնում օրը մթնած։ Իմ հիշողության մեջ շատ բան էր տպավորվել Քարագլխից, հատկապես Ներքին ջուր կոչվող աղբյուրի մոտ կանանց հավաքն ու հետաքրքիր զրույցները։ Բայց հետո էլ չգնացի, ինձ չտարան։

Անցան տարիներ, Քարագլուխ գնացի 2021 թվականի ամռանը, երբ վերջապես ականի վրա պայթելու ներքին վախս փոքր ինչ հաղթահարել էի։ Մեզ ուղեկցեց ծնունդով Քարագլուխ գյուղացի Շահեն Աղաջանյանը։ Գյուղատեղին կատարյալ լռության մեջ էր, տները, ավելի ճիշտ, ինչ մնացել էր տներից՝ թաքնված փարթամ բուսականության մեջ։

Հիշողության թելը բռնած Շահենի հետ մտանք գյուղ։ Ուղղությունը դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Նեղլիկ կածանով իջնելուց մեկ էլ Շահենի դեմքին ջերմ ժպիտ հայտնվեց,- սա իմ պապական տունն է, այստեղ եմ ես ծնվել։ Իմ հարցին ի՞նչ եք հիշում, ի՞նչ կարող եք պատմել, ծիծաղելով հարցին հարցով պատասխանեց,- տեսնու՞մ եք այս 5 մետրանոց տունը, այստեղ ապրել են մայրը, որդին, հարսն ու 5 թոռները, որոնցից մեկն էլ ես էի։ Հայրս ու մայրս մի վարագույր կապած են կողմին էին քնում, որտեղ էլ 5 երեխա արարեցին, մենք էլ իրար գլխի էս կողմում։ Երբ շատ անձրևներ էր գալիս, քանի որ տանիքը հողաշեն էր, տանը կաթում էր, տենց էտ կաթոցներից փախեփախ անելով մեծացանք։ Մեր հարևաններն էլ Շիրին դային էր, Երեմ դային էր․․․ես մեր գյուղից ոտքով ամեն օր գնում էի հարևան գյուղի դպրոցում սովորելու, անձրևին, արևին ու ձմռանը, էս լեռը իջնում, բարձրանում էի։

Իսկ ես հիշում եմ Արթուն դայուն, Ռոզա հասիին, նրանց կարմրաշեկ շանը։ Տատիկիս փայտե խնոցին, որի պատրաստած կարագը անմահական համ ուներ։

Հաջորդ կանգառը եկեղեցու մոտ էր, հնարավորինս մաքրեցինք, նկարեցինք, շարժվեցինք դեպի բերդը։ Առաջինը, որ շատ տարօրինակ ու անտրամաբանական էր, դա նման ռազմավարական բարձունքում մեր մարտական հենակետի բացակայությունն էր։ Չնայած 2022-ի մարտին կատարվածի ընթացքը դա դժվար փոխեր, բայց ամեն դեպքում, ըստ իս պետք էր ամրանալ այդտեղ։

Մտանք 13-20-րդ դարերով թվագրվող  գերեզմանոցը, ուր, ինչպես նշել էի, մորական տատս է թաղված։ Այնտեղ բացառիկ միջնադարյան գեղաքանդակ խաչքարերն էին կանգնած, մեկը ջարդված։ Հիշեցի պապիս պատմածը, որը փոքր ինչ հեռու է պատմական իրականությունից։ Պապս հպարտորեն պատմում էր, թե այդտեղ Սմբատ թագավորի 7 եղբայրներն են թաղված։ Հավանաբար Սահլ Սմբատին նկատի ուներ։ Մի ամբողջ պատմություն կա այդ գերեզմանոցում, որտեղ մեր երկիրը բռնազավթած քոչվորներից հետք չես գտնի, բայց արի ու տես, որ անկաշկանդ գողանում են, ոչ միայն մեր հայրենին, այլև մեր կենսագրությունն ու մշակույթը։

Այդ բացառիկ ռազմավարական կետը միշտ թշնամու նշանառության տակ էր, պատմական տարբեր հանգրվաններում եղել է ռազմական գործողությունների կիզակետում, որովհետև այնտեղից վերահսկվում ոչ միայն իր անմիջական շրջակայքը, այլև Ակնայի հարթավայրը, Խաչենի հովիտը, ընդհուպ մինչև Ստեփանակերտը։ Ու պատահական չէ, իրեն ապահովագրելու և մեզ վերահսկելու թշնամու մղումը։

Շատ ուժեղ էներգետիկայով լի տարածք էր Քարագլուխը, այնպես որ անընդհատ ուզում ես ՎԵՐԱԴԱՌՆԱԼ։ Իսկ այնտեղ մնացել են իմ խոր արմատներն ու մանկության հետքերը, որից կտրվելը նշանակում է պարզապես չլինել։

Արմինե Հայրապետյան

Կայացավ Մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը

Մարտի 31-ից ապրիլի 1-ը Երևանում անցկացվեց Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը, որտեղ ուժերը չափեցին ավելի քան 250 մարզիկ։

Թայլանդական այս մարզաձևի մրցմանը մասնակցում էին Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի մասնաճյուղերը, փորձառու մարտական ակումբները։

Մրցաշարին մասնակցելու համար ժամանել էին մարզիկներ նաև Վրաստանից, Ուկրաինայից և Ռուսաստանից։

Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի կարծիքով՝ նման մրցաշարերում մասնակիցների աճն ու մրցումների մակարդակի բարձրացումը նպաստում են մարզաձևի մասսայականացմանը։

«Մրցաշարին մասնակցում էին տարբեր տարիքային մարզիկներ՝ այդ թվում մեծահասակներ։ Նման մրցաշարերը նպաստում են մարզաձևի զարգացմանն ու մասսայականությանը։ Վերջին տարիներին մեր մարզաձևի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա նաև Հայաստանում, ինչի վառ ապացույցն է նաև այս տարի մարզիկների մասնակցության մեծ քանակը»,-նշեց ֆեդերացիայի նախագահը։

Ներկայումս Հայաստանի մեծահասակների հավաքականը պատրաստվում է մայիսի 30-ից հունիսի 7-ը Հունաստանում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը։

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Իսրայելի կառավարությունից պատասխան է պահանջում ոստիկանության սկսած տեղահանության վերաբերյալ

Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 3-ի մոտ ժամը 11:00-ին ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, եւ հարձակվելով հոգեւորականների եւ տեղացի հայերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։

«Վտարումը ղեկավարել է Ասաֆ Հարէլ անունով սպան:

Երբ սպաների խմբից պահանջվել է հայ հոգեւորականներւ եւ տեղացի հայերինն բռնի տեղահանելու, վտարելու, գույքը ոչնչացնելու մասին արտոնագիր ներկայացնել, վերջիններս որեւէ արտոնություն կամ դատարանի որոշում չեն ներկայացրել եւ շարունակել են պաշտպանել ու աջակցել Xana Gardens-ի ներկայացուցիչներին՝ Հայոց Պատրիարքարանի գույքը ոչնչացնելու համար: Ապօրինի գործողությունները դադրեցնելու փորձի ընթացքին մի քանի ոստիկաններ շարունակաբար հայտարարել են, թե եկել են արտոնագրով, սակայն բնավ չեն ներկայացրել հիշյալ արտոնագիրը եւ ասել են. «Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու Xana Gardens-ի աշխատողների իրավունքները»:

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Սուրբ Երկրի Սրբատեղեաց Պահապաններէն մէկն է եւ վերահսկողը Երուսաղեմի չորս թաղամասերից մէկի: Մենք ակնկալում ենք ամբողջական պատշաճ գործընթաց, ինչպես որ, իբր տրված է բոլորին Երուսաղեմի մէջ եւ պատասխաններ ենք պահանջում Իսրայելի ոստիկանությունից եւ Իսրայելի կառավարությունից՝ այսօրվա իրադարձություններին նրանց մասնակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը նաեւ նշել է, թե աներկբա է, որ այսօրվա սադրանքները Հայկական թաղամասի եւ նրա օրինական հողերի դեմ նախադեպ ստեղծելու փորձեր են: «Մենք պիտի շարունակենք ամուր կենալ մեր դիրքերում եւ պիտի հրավիրենք ամբողջ աշխարհի քրիստոնյաների ուշադրությունը խաղաղ հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգությունների վրա»,- ընդգծել է նա:

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։

Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։

2023-ի նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնեց, որ որոշում է կայացրել չեղարկել «Կովերի պարտեզ»-ը վարձակայության տալու գործարքը։ 

Ի՞նչ սպառնալիք կարող է իրենից ներկայացնել Արցախի կառավարությունը Երեւանում

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Պարոն Ստեփանյան, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասել էր, որ Արցախի վտարանդի կառավարությունը գործում է Երեւանում։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է, որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է»։ Ի՞նչ անվտանգային խնդիր կարող է Հայաստանի համար ստեղծել Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը, ինչի՞ց են վախեցած Հայաստանի իշխանությունները։

-Ես չեմ տեսնում սպառնալիք, եւ այդ մասին բազմիցս հրապարակային խոսել ենք։ Ի՞նչ սպառնալիք կարող է իրենից ներկայացնել Արցախի կառավարությունը։ Եվ մանիպուլացնել՝ ասելով, թե Հայաստանում կա մեկ կառավարություն, եւ դա Հայաստանի կառավարությունն է, դա ուղղակի որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Իսկ ո՞վ է ասել, որ Արցախի կառավարությունը հավակնում է լինել Հայաստանի կառավարություն։ Դրա համար էլ անունը վտարանդի կառավարություն է։ Այսինքն՝ մարդիկ, կառույցներ, որոնք ունեն սահմանափակ գործելու հնարավորություն եւ որոնց միակ նպատակն Արցախի հետ կապված պետականության մնացորդները պահպանելն է։ Եվ այդ ամենը դիտարկել որպես ազգային անվտանգության սպառնալիք, ինձ համար անհասկանալի է։

-Ի՞նչ գործողություններ կարող են հետեւել այս հայտարարությանը, տեղեկություններ ունե՞ք։

-Ես չունեմ որեւէ հստակ  տեղեկություն, բայց իշխանական պատգամավորների խոսույթում ես անձամբ սպառնալիք տեսել եմ, այն առումով, որ ասում են՝ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն։ Ճիշտն այն կլիներ, որ Հայաստանի կառավարությունն ինքը շահագրգռված լիներ պահպանելու Արցախի պետականության այդ մնացած մասը, որն այսօր ունենք Հայաստանում։ Խոսքը չի վերաբերում բոլոր կառույցներին, բայց գոնե պետք է պահպանվեն այն կառույցները, որոնք շատ մեծ նշանակություն ունեն Արցախի պետականության տեսանկյունից։ Բայց արի ու տես, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն նպաստում դրանց պահպանմանը, այլ ընդհակառակը հռչակում են որպես ազգային անվտանգությա սպառնալիք։

Իսկ հնարավո՞ր է ԼՂՀ մշտական ներկայացուցության շենքը վերցնեն, արգելեն Արցախի նախագահին կամ պատգամավորներին մուտք գործել այնտեղ։

-Ես չեմ կարող որեւէ կանխատեսում անել, բայց ես ուզում եմ հույս ունենալ, որ նման բան չի լինի։

-Արցախ վերադարձի հարցը Հայաստանի իշխանությունները հանե՞լ են օրակարգից, ի՞նչ է կատարվում։

-Տեսնում ենք, որ ոչ մի մակարդակում արցախցիների վերադարձի հարցը չի քննարկվում։ Եվ անձինք, որոնք ինչ-որ կերպ փորձում են այդ հարցը միջազգային ուշադրության արժանացնել, Հայաստանի իշխանությունների կողմից տարբեր որակումներ են ստանում։ Հայաստանը չի քննարկում վերադարձի հարցը, այն պարագայում, երբ ես տարբեր միջազգային դերակատարների հետ հանդիպումների ժամանակ խոսում եմ, տեսնում եմ, որ միջազգային դերակատարների մոտ այդ ընկալումը կա։ Բացի դրանից, վերադարձի իրավունքը եւ անհրաժեշտությունը ֆիքսված է նաեւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցներում։ Եվ Հայաստանը փոխանակ վեցնի այդ իրավական կարեւոր հաղթաթուղթը եւ առաջ մղի վերադարձի հարցը, ամբողջությամբ հրաժարվել է վերադարձի իրավունքի մասին խոսել։ Կարծում եմ, որ դրա համար պատճառ է հանդիսանում նաեւ այն, որ վերադարձի իրավունքի մասին խոսելիս Ադրբեջանը հայելային առաջ է բերում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը։ Բայց դրանք ընդհանրապես իրար հետ համեմատելի չեն։ Եթե մի դեպքում անհատական վերադարձի մասին է խոսքը, ապա արցախցիների մասին մենք մշտապես պնդում ենք հավաքական վերադարձի մասին՝ որպես հավաքական իրավունք։ Արցախցիները՝ որպես կոմպակտ բնակեցված, որպես տարածքի բնիկ ժողովուրդ, ունեն շատ ավելի այլ հավաքական իրավունքներ, քան անհատական ադրբեջանցիները, որոնք բնակվում էին Հայաստանում։ Հայաստանի իշխանություններն այս ամենը շատ հստակ ներկայացնելու փախարեն  ուղղակի հրաժարվում են արցախցիների վերադարձի իրավունքից։

Ադրբեջանը միշտ է գործել հայելային պահանջներ ներկայացնելով։ Եթե նայենք միջազգային դատարաններում ադրբեջանական հայցերը, ապա կտեսնենք, որ դա մարտավարություն է, որն Ադրբեջանն այս ամբողջ ժամանակահատվածում որդեգրել է։ Հայելային ինչ-որ պահանջ է ներկայացնում, որի հետեւանքով Հայաստանը տեղի է տալիս եւ հրաժարվում է իր պահանջներից։ Հայաստանի կառավարությունը պետք է առաջ մղի Սումգայիթում, Բաքվում, Կիրովոբադում, Գանձակի, Շահումյանի շրջանի հայերի վերադարձի հարցը եւ ասի, որ ադրբեջանցիների վերադարձի հարցը ոչ թե պետք է կապել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցի հետ, այլ Ադրբեջանում հայաբնակ քաղաքների հայության վերադարձը կարող է լինել դրա համարժեքը։ Բայց Հայաստանի իշխանությունները նախընտրում են ընդհանրապես հրաժարվել վերադարձի հարցից։

 

Սարգիս Գալստյանին կալանավորել են, Մարգարիտային՝ ոչ

Մարտի 29-ին Արցախից Հայաստան վերադարձած Սարգիս Գալստյանը մեղադրվում է լրտեսության մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ Սարգիս Գալստյանի հետ Հայաստան է տեղափոխվել նաև նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը։

Հարցին՝ արդյո՞ք նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, նույնպես կալանավորվել է, Գոռ Աբրահամյանն ասաց՝ ոչ:

Սարսափների ֆիլմ չէ, կյանք է. սեպտեմբերի 19-ը Սառնաղբյուրում

Ո՞րն է եղել ձեր դիտած ամենասարսափելի ֆիլմը: Իսկ գի՞րքը։ Իսկ եթե լսեք մարդուն ու հասկանաք, որ սա ֆիլմի սցենար կամ գրքի սյուժե չէ, այլ իրական պատմություն մի երիտասարդ կնոջ մասին, ով մեկ օրվա մեջ կորցրել է իր 15-ամյա որդուն, մորն ու սկեսրայրին։

Երբ սեպտեմբերի 19-ին Արցախում պայթյունները սկսվեցին, Սառնաղբյուր գյուղի բնակիչներին դրանք սովորական ականի պայթյուններ էին թվում։ Ամուսինը, լինելով համայնքի ղեկավար, սկսել է զանգահարել մարզկենտրոն, ապա՝ Ստեփանակերտ՝ փորձելով պարզել, թե ինչ է կատարվում։ Պատասխանները նույնն էին. խուճապի մի մատնվեք, դեռ ոչ ոք ոչինչ չգիտի, սպասեք, ոչ մի լուրջ բան չկա: Մեկ-երկու ժամ սպասեցին, հետո հանգստացան։

Մի քանի ժամ անց արկերը սկսեցին թռչել տան վրայով, շատ մոտ։ Բոլորը հասկացան, որ պատերազմ է, և արագ սկսեցին տնից դուրս փախչել, դեպի անտառ, ձոր՝ փորձելով թաքնվել այնտեղ։ Ամուսինը վստահ էր, որ խաղաղ բնակիչներին, որոնց մեծ մասը երեխաներ են, չեն հարվածի, կհարվածեն անցակետերին։

Այդ առավոտ շատ մեծահասակներ գործերով գնացին քաղաք: Շրջափակման ժամանակ մարդիկ փորձում էին վառելիք օգտագործել խնայողաբար, ուստի մի քանի հոգի օգտվելով առիթից՝ մեկ մեքենայով գնացին քաղաք։ Գարիկն ու Օքսանան հավաքեցին հարևան տներից բոլոր երեխաներին ու վազեցին դեպի ձորը։ Գյուղում ռմբապաստարան չի եղել, ինչի մասին մի քանի անգամ փորձել են փոխանցել իշխանություններին ու խաղաղապահներին։

Հայրը փորձել է կապ հաստատել մարզկենտրոնի հետ, օգնություն կանչել, ինչպես ավելի ուշ հայտնել են, նրան լսել են, բայց ոչ ոք չի կարողացել գալ։

Առաջին անօդաչուն ռումբ է նետել ուղիղ ամբոխի մեջ: Ամբոխ՝ երեխաների մի ամբողջ փունջ:

Շրջվելով՝ Օքսանան տեսել է որդուն, նա պառկած էր անգիտակից վիճակում՝ գլխից վիրավոր, իսկ Օքսանայի մայրը պառկած էր նրա կողքին։ Մինչ նա փորձում էր գիտակցել կատարվածը, մինչ ամուսինը վազում էր այնտեղ, ևս երկու ռումբ են նետել նրանց վրա։

Այս խառնաշփոթի մեջ Օքսանան մտածում էր միայն որդու մասին, որը դեռ շնչում էր։ Նրա ոտքն այրվում էր, բայց  ուշադրություն չդարձրեց դրա վրա, նա պարզապես կանչեց ամուսնուն և շատ էր ուզում չկորցնել գիտակցությունը, քանի որ հասկանում էր, որ ոչ ոք չի կարող օգնել ամուսնուն որդուն տեղափոխել մեքենա:

Ինքն էլ արյունահոսում էր, բայց գերմարդկային ջանքերով օգնեց ամուսնուն որդուն նստեցնել մեքենան և միասին, թողնելով այնտեղ մի քանի մահացած երեխաների, մորն ու սկեսրայրին, մեքենան սեղմեցին ևս 12 երեխաների և տարան Ասկերան…

«Մենք նայեցինք միմյանց և առանց խոսքերի հասկացանք, որ մորս և նրա հորը չենք կարող փրկել, մենք պետք է թողնեինք նրանց այնտեղ, իսկ մնացածին դուրս հանեցինք», – ասում է Օքսանան:

Ճանապարհին նրանք տեսել են ռուս խաղաղապահներին ու խնդրել դուրս բերել մնացած չափահասներին ու սպանվածներին։

Երեխային հիվանդանոց են բերել, նրան վիրահատել են. «Ողջ ճանապարհին ես գիտեի, որ նրան փրկելն անհնար է, նա վիրավորվել էր գլխից և շատ արյուն է կորցրել», – դառնությամբ խոստովանում է մայրը։ Ստեփանակերտի բժիշկներն ամեն ինչ արեցին, բայց Դավիթը կոմայից դուրս չեկավ. նա գնաց հաջորդ օրը։ Մայրն ու հայրը չեն ցանկացել նրան այնտեղ թաղել, պնդել են, որ իրենց տեղափոխեն Երևան։

24-ին գյուղ են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ովքեր հանել են ջարդից հետո մնացած բոլոր դիակները։ Օքսանան հրաժարվել է մնալ հիվանդանոցում և որոշել է Գորիս գնալ այն ավտոմեքենայի հետ, որը սեպտեմբերի 25-ին պետք է տեղափոխեր իր համագյուղացիների և որդու դիերը։ Նա նստեց եզրաքարին, գրեթե կես օր սպասելով, որ դիահերձարանից մեքենան վերջապես գա, որպեսզի գնան դրա հետեւից:

Տունն ու ողջ ունեցվածքը, բնականաբար, գյուղում մնացին։ Նրանք չէին էլ մտածում իրենց հետ ինչ-որ բան վերցնելու մասին։ «Ամենաշատն ափսոսում է, որ Դավիթի ընկերներից ստացած հուշանվերները, նվերները չեմ վերցրել։ Նա հավաքածու ուներ և հպարտանում էր դրանով»,- ցավում է Օքսանան։ «Մնացած ամեն ինչ այլևս կարևոր չէ».

Նրանք Հակարիի կամուրջ են հասել 40 ժամում։ Այս սարսափելի հերթում գտնվող մարդիկ չէին ուզում զիջել, ասում  էին, որ իրենք էլ են սպասում, և ուրիշները ավելի լավը չեն։ Հնարավոր չէր բոլորին ասել, որ դու ինքդ վիրավոր ես, իսկ դիմացի մեքենայում քո ամենաթանկ մարդկանց՝ մորդ ու որդու դիերն են։ Ճանապարհին նրան երկու անգամ ցավազրկող են տվել, բայց ֆիզիկական ցավը ոչինչ էր սրտի անտանելի ցավի համեմատ։

Երբ նրանք անցել են կամուրջը, փաստաթղթերի ստուգման ժամանակ ​​նա փակել է աչքերը։ Կարծում էր, որ սիրտը չի դիմանա, բայց դուստրը մեքենայի մեջ էր, և նրանք երկուսն էլ ունեին մեկին, ում համար պիտի ուժեղ լինել: Նա ամուր փակեց աչքերը, որպեսզի չտեսնի իրեն որդուց, տնից ու հայրենիքից զրկողներին։

Սեպտեմբերի երեսունին այստեղ թաղեցին իրենց բոլոր հարազատներին։ Մխիթարելով ինձ, որ գերեզմաններն այստեղ են և ոչ այնտեղ:

Օքսանան շատ էր ուզում, որ բոլորը իմանան Դավիթի մասին: Արցախին իր նվիրվածության, Հայրենիքի հանդեպ ունեցած սիրո մասին։ Այն մասին, թե ինչպես են նրան փորձել համոզել գնալ տատիկի մոտ՝ Ռուսաստան, սակայն նա չի համաձայնվել։ «Նա անընդհատ վազում էր զինվորների դիրքեր, և նրանք բոլորը սիրում էին նրան, նա տանից վերցնում էր այն ամենը, ինչ կարելի էր հանել, համեղը և լավը, և տանում էր այնտեղ իր ընկերների մոտ: Նա սիրում էր այն ամենը, ինչ կապված էր ռազմական գործերի հետ, ճամբարներ եր գնում, մրցանակներ ու պարգեւներ ստանում, իրեն միայն այս ոլորտում էր տեսնում»։

Ճամբարից հետո տասնհինգամյա Դավիթը երազում էր արագ մեծանալ, որ գնա ծառայության։ Չհասցրեց…

Նոննա Պողոսյան

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» Մեդիա ակումբի նախագծի շրջանակներում