Օրական մեզ հասնում էր 200 դրամ, ու մենք էինք որոշում՝ այդ գումարով բրդուջ գնենք թե ոչ

Ստեփանակերտի թ․1 դպրոց, լուսանկարը՝ Ալինա Բաղդասարյանի

Մի քանի օր առաջ խոսում էինք դպրոցական դասընկերուհուս հետ, ում հետ ապրում էինք նույն թաղամասում: Ես հարցնում եմ նրան, թե՞ որն է Արցախից ամենալավ հիշողությունը․ «Արցախում բոլոր օրերն էր լավն էին, բայց երևի շրջափակման վերջին օրերը, երբ ինչ-որ բան էինք գտնում, մտածում էինք, որ Արցախի հարցն ենք լուծել»:

Այս խոսակցությունը նորից հիշեցնում է մեր փողոցը, դպրոցը: Մեր փողոցի ու կից փողոցների երեխանների մեծ մասը հաճախում էինք Խ.Աբովյանի անվան թ․1 դպրոց: Մեր դպրոցը սովետի ժամանակ հրապարակում էր՝  Ազգային ժողովի շենքի տեղը:

Ես բավական հեռու էի ապրում և 8:20 պետք է լինեի հայտնի “Դեմո”-յի առաջ, որպեսզի մյուս դասընկերուհիներիս հետ դպրոց գնայինք:

Օրական մեզ հասնում էր 200 դրամ, ու մենք էինք որոշում՝ այդ գումարով երկու բրդուջ գնենք, ոտքով բարձրանանք տո՞ւն, թե՞ գնենք մեկ բրդուճ ու տրանսպորտով բարձրանայինք:

Տուն վերադառնալուց` Դեմոյի առաջ միշտ երկընտրանքի մեջ էինք`վերևի փողոցով գնալ տուն, թե ներքևի: Բայց լավը այն էր, որ այն ժամանակ բոլոր ճանապարհները տուն էին տանում:

Մերիի` դասընկերուհուս հայրիկը ձի ուներ, սպիտակ ձի։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ արդեն հարգի չէր մայրաքաղաքում ձի պահել: Բայց ինքը ուներ, որովհետև անտառապահ էր:

Երբ լսվում էին ձիու քայլերը, մենք կանգնում էինք պատուհանի դիմաց, որպեսզի հանկարծ բաց չթողնենք սպիտակ ձիուն: Ձիուց բացի նրանք նաև շներ ունեին, որոնք առհասարակ կծող չէին, ինչպես Մերին էր ասում: Ես հավատում էի Մերիին, մինչ օրերից մի օր չկծող շունիկը կծեց ինձ, երբ ես գնացել էի նրանց ճոճանակին ճոճվելու:

Մերին տարբերվում էր մեզնից, շատ ավելի ակտիվ էր, ավելի մոտ էր բնությանը և մեզ պատմություններ էր պատմում իրենց գյուղից` Մաղավուզից, Երիցվանքից և Թարթառից: Այդ պատմություններից հետո ցավալի էր տեսնել Մաղավուզի ընկճված մարդկանց, ցամաքաց Թարթառն և անհասանելի Երիցվանքը:

Քրիստինե Ալավերդյան