Կանաչապատ արահետով և զովաշունչ ծառուղիով մտնում ես Շուշիի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ Առաջին հայացքից բարեկարգված տարածքը տրամադրում է, եկեղեցու վերերկրային մթնոլորտը՝ գերում։ «Մեր քահանան ա ստի հետամուտ, վեր էսքան կոկիկ ինի ստեղ»,- ասում են եկեղեցի այցելողները։
Ժողովրդի մեջ առավել տարածված Կանաչ ժամ եկեղեցին Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի հովվության տակ էր։ Թվում է՝ եկեղեցու Հովհաննես Մկրտիչ անունը և քահանայի Մկրտչյան ազգանունն արդեն իսկ կապող օղակ էր նրանց միջև։ Երևի թե այդպես էլ կմնան կապված, թեկուզ այդքան հեռու ու անհասանելի լինեն իրարից։

Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Շուշիի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հետ կապված ապրումներս բավականին ծանր են։ Անդառնալի կորուստ էր մեզ համար՝ և՛ անհատապես, և՛ ընդհանրապես։ Այն իմ հոգևոր ծննդավայրն էր, իմ ամենամտերմիկ շփումները, Աստվածային հայտնություններն ունեցել եմ հենց Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Մեծ հարված էր ներքին հոգևոր կյանքին, հավատքին, դժվար էր այդ ամենից ուշքի գալը և փորձել հասկանալը, որ դու հոգևորական ես, հասկանալը, թե ի՞նչն էր պատճառը, ի՞նչը բերեց մեզ այդ ողբերգությանը։ Պարզապես գիտակցեցի, որ պետք է շարունակել հոգևորականի կոչումս, ծառայությունս կատարելը։
Սբ Հովհաննեսը մեզ համար ճանապարհ էր դեպի երկինք։ Ժամանակ առ ժամանակ այն անվանում էինք վերելակ, որի մեջ հայտնվելով՝ հայտնվում էիր երկնքում։ Շատերն էին այդ տպավորություններով կիսվում։ Իր յուրահատկությունը, յուրօրինակությունը իր հայտնությունականության մեջ էր։ Բազմաթիվ անգամներ Մարիամ Աստվածածինը, Հովհաննես Մկրտիչը տեսիլքով այնտեղ հայտնվել էին, մեզ քաջալերել։ Նաև Խաչի օծման տեղում, տարվա ընթացքում մի քանի անգամ լիովին մեզ համար անծանոթ ծագում ունեցող յուղի հոսքերն էին լինում, ինքնաբերաբար։ Կարծես, մյուռոնօծում էր եկեղեցին։ Այդ յուրատիպությունը պետք է պահպանվեր, բայց․․․․ափսոս։
2020
Դավադիր պատերազմ։ Կարծես, հատուկ սցենարով հանձնեցին մեր հողերը, սրբավայրերը, մեր կյանքն անդառնալիորեն, ցավալի կերպով փոխվեց։ Միակ մխիթարությունն էր մնալ Արցախի փոքր հողակտորում ու նորից շարունակել Աստվածային շնորհի աջակցությամբ հոգևոր մեր ծառայությունը բերել, փորձել մարդկանց փոխանցել, կիսվել այդ շնորհով։ Ակնկալիքները մեծ էին, դավադրություններից հետո ուզում էինք շարունակել ապրել այնտեղ։ Անգամ այդ մեծ կորստից հետո պատրաստ էինք վերհառնելու, վերստեղծելու ամեն բան։ Մեծ հույսով էինք լցված, երբևէ ցանկություն չունեինք Արցախը լքելու։

Ծառայություն Ասկերանի Սբ Աստվածածին եկեղեցում
Ասկերանի Սբ Աստվածածին եկեղեցում ծառայության անցա 2020 թվականի նոյեմբերի վերջին։ Դա լրիվությամբ նոր դաշտ էր ինձ համար։ Նորից սկսեցի կատարել այն աշխատանքը, ինչ Սբ Հովհաննեսում էինք արել։ Հավաքեցինք համայնքը, կազմակերպեցինք շինարարական աշխատանքները՝ և՛ եկեղեցու արտաքին տեսքի, և՛ ներքին հարդարման ու բարեկարգման։ Կային նաև երգչախմբի փոքրիկ աղջիկ մասնակիցներ, տղաներ, ովքեր իրենց ակտիվ մասնակցությունն էին բերում պատարագներին ու ժամերգություններին։ Խնապատ և Իվանյան համայնքներում ստեղծեցինք երիտասարդաց միություններ։ Պարբերաբար այցելում և հոգևոր զրույցներ էինք կազմակերպում։ Կյանքը մտնում էր հունի մեջ։ Հոգևոր արթնության յուրահատուկ շրջան էր։ Ես էլ փորձեցի վերակազմավորվել։ Շնորհակալ եմ Աստծուն այդ բոլոր շնորհների համար։

Շրջափակման նեղություններում վստահել Աստծուն
Շրջափակումը հերթական դժվարություններից էր։ Ինչքանով պատրաստ էինք, ինչքանով հնարավոր էր՝ դիմակայում էինք, սակայն ցավալին այն էր, որ մեր ծրագրերն ամբողջովին խախտվեցին։ Պայմանների բացակայության պատճառով չկարողացանք լիարժեք մեր ծառայությունները կատարել։ Կյանքը հոգևոր առումով կանգ էր առել։ Իհարկե, աշխատում էինք կիրակի օրերին այցելել եկեղեցի և պատարագներն անցկացնել, նաև ժողովրդին ոգևորել։ Այդ ընթացքում, այդ մեծ նեղության մեջ մենք փորձում էին ավելի ամուր կառչել Աստծուն, մեր աղոթքներն ավելի իրական, շոշափելի էին, մեր զրույցն Աստծո հետ ավելի գործնական էր։ Եվ, կարծես, մի նոր փորձառություն էինք ձեռք բերում այդ նեղությունների մեջ լինելով, նեղություններ, որոնց վերջն անորոշություն էր, երբ չգիտեինք ինչ էր սպասվում մեզ։ Բայց որպես հոգևորականներ աշխատում էինք Աստծուն լիարժեք վստահելով՝ ժողովրդին հուսախաբ չանել։
Բաբելոնյան խառնակություն
Սեպտեմբերի 19-ի այդ աներևակայելի, նմանը չունեցող, ես կասեի՝ ցեղասպանության կատարմանը շատ գործոններ նպաստեցին։ Մեր անպատրաստ լինելը, միամիտ ու պարզ լինելը, մեր իշխանության անշնորհակալ, թշնամական պահվածքը։ Բաբելոնյան խառնակություն էր։ Ժողովրդին հանձնելով թշնամուն, իրականությանը չիրազեկելով, տեղյակ լինելով իրական վիճակին՝ ժողովրդին անտեր թողեցին։ Յուրաքանչյուրը, ով մասնակից էր այդ դավադրությանը, ովքեր ծածկում էին իրականությունը ժողովրդից, լինի նա Արցախում, Հայաստանում կամ այլուր, պատասխանատու են Աստծո առաջ։ Մենք՝ հասարակ ժողովուրդս, զոհ գնացինք այդ սարսափելի դավադիր ծրագրին։
Ծածկել ցավը
Այս պահին ծառայում եմ Արմավիրի թևի Մուսալեռ գյուղի Սբ Ամենափրկիչ եկեղեցում, որը մի փոքրիկ, տաքուկ, ջերմ եկեղեցի է։ Իմ տկարություններով, հիվանդություններով հանդերձ փորձում եմ այստեղ էլ, արդեն երրորդ անգամ, կարելի է ասել, ոչնչից ստեղծել այն ամենը, ինչ հնարավոր է։ Փառք Աստծո, չունենալով ոչ մի հնարավորություն, եկեղեցական ոչ մի պարագա, ոչ մի աջակցություն, Աստծո ողորմությամբ, Աստծո շնորհով, Սուրբ Զատիկին առաջին պատարագը մատուցվեց։ Մեզ միացել են արցախյան համայնքներից, գյուղի ժողովուրդն էլ փոքրիշատե սկսել է մասնակցել ծառայություններին, ժամանակ առ ժամանակ տարբեր տեղերից ուխտագնացություններ ենք ընդունում։ Իհարկե, մեծ է վերքը, որը միշտ արյունահոսում է, ցավ է պատճառում՝ կապված մեր գաղթական վիճակի հետ։ Այդ ամենով հանդերձ, փորձում ենք մեր ներսում լուռումունջ ծածկել այդ ցավը, շարունակել որպես հոգևորական, ինչքանով, որ հաջողվում է, ծառայել։

Դառնալով Աստծուն, մենք կդառնանք Արցախ
Աստծուն, մեր Տիրոջն ու Փրկչին, որ մեր կյանքի տերն է, ապավենն ու հովանավորն է, կյանքի աղբյուրն է, իսպառ չճանաչելն է հարցը։ Մարդիկ նորից ապրում են զուտ նյութական հոգսերով, առանց Աստծո, ասում են՝ հավատում ենք, բայց հոգևոր դարձ չկա։ Ժողովուրդը պետք է դառնա Աստծուն, ծնրադրի Նրա առաջ, խոնարհվի ու աղերսի իր մեղքերի համար։ Այն պահից, երբ իսկապես ճանաչենք Աստծուն, կյանքը կվերափոխվի։ Արցախցիներին խորհուրդ կտամ համախմբվել իրենց հոգևոր առաջնորդների շուրջ, ճանաչել Աստծո ճանապարհները, աղոթել սրտանց։ Եթե մեր սրտերը փոխվեն, կփոխվի մեր կյանքը ու մենք, վստահաբար, մեր հող ու ջրին տեր կկանգնենք։ Դառնալով Աստծուն, մենք կերադառնանք Արցախ։
Հ.Գ․ Արբանյակային նկարներից երևում են, որ ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Շուշիի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում