ՊՆ-ն պետք է պարզաբանի, հայկական հող վերադարձվե՞լ է

  • 09:53 08.08.2024

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բերքաբերի գյուղապետի այն հայտարարությանը, թե ադրբեջանական զորքերը Բերքաբերի դիրքերից մեկից հետ են քաշվել։

Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը NEWS.am-ին ասել էր, որ Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից շուրջ մեկ ամիս առաջ ադրբեջանական հենակետը հետ է քաշվել։ «Որքան հիշում եմ հուլիսին էր, ամսվա մեջտեղերը։ Այժմ հայ սահմանապահներն են այդ հատվածում»,- նշել էր նա։

Գառնիկ Դանիելյանն այս առնչությամբ ասաց․ «Եթե նման բան լիներ, պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կտարածեր, ՊՆ-ն պետք է պարզաբանի, թե ինչ է տեղի ունեցել։ Իրենք ստացե՞լ են այդ 900 հեկտարը, ես հարց եմ տալիս, առանց մոլորեցնելու մեր հանրությանը, այդ 900 հեկտարը ստացե՞լ են, որը ՀՀ տարածքն է»։

«Ասում էին՝ Կիրանցից կտանք, Բերքաբերից կվերցնենք։ Ինչ-որ մի բան վերցրե՞լ են, չեն վերցրել, չկա նման բան։ Ասում էին՝ ամսի 1-ին սահմանազատման կարգը կհաստատեն ԱԺ-ում, կարգն էլ չեն հաստատել։ Այսինքն՝ մեր բոլոր պնդումները իրականացել են։ Ասում էին՝ խաղաղ է Կիրանցում, հաստատվել է այդ լուրը, չէ՞, որ եկել են, Կիրանցի ցորենը քաղել, տարել են։ Ադրբեջանցիները մտել են հայ գյուղացու ցանած ցորենը հնձել տարել են»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։

«Իրենց քաղաքականությունը հետեւյալն է՝ փուլ առ փուլ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարվում են»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Ալիեւի օգնական Ամիրբեկովի հայտարարություններին, թե Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ համաձայնությամբ որոշել են հաղորդակցության ուղիների բացման պարբերությունը հանել «խաղաղության պայմանագրից» ու դրան վերադառնալ հետագա փուլում։

«Մի ժամանակ ասում էին, որ ոչ մի խնդիր չկա, փաստաթուղթը կստորագրվի։ Հետո մենք ասում էինք, որ նախապայմաններ գոյություն ունեն, իրենք ասում էին, որ նախապայմաններ չկան, բայց մենք տեսանք, որ կան նախապայմաններ։ Տավուշի տարածքները հանձնվեցին, հիմա էլ Սահմանադրության հարցն է, որ օրակարգում առաջնային դրված է։ Եվ ես չեմ կարծում, որ ադրբեջանցիներն ինչ-որ կերպ հրաժարվել են իրենց ծրագրերից։ Եթե ուզում են ասել, որ դա ժամկետների հարց է, դա խաբեություն ու մոլորություն է։ Սա խայծ է, մենք այս խայծը չպետք է կուլ տանք, Ադրբեջանն իր պահանջների հետեւից հետեւողական գնում է։ Տարածքներ ստացավ Տավուշից, 31 բնակավայրից հայկական կողմը որեւէ տարածք ձեռք բերե՞ց։ Շահին Մուստաֆաեւի գրասենյակը հայտնեց, որ որեւէ տարածքի զիջման մասին խոսք լինել չի կարող։

Ադրբեջանը խոսում է մեր Սահմանադրության փոփոխության մասին, այնինչ, Ադրբեջանը համարվում է մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը։ Այսինքն՝ ինքը պահանջներ է ներկայացնում ՀՀ-ին։ Ստիպում է, որ ՀՀ-ն փոխի իր Սահմանադրությունը եւ որեւէ նախադասութուն չկա, թե Ադրբեջանն ինչ պարտավորվածություն ունի եւ ինչ զիջումների է պատրաստ գնալ։ Խոսում է ադրբեջանիցների վերաբնակեցման մասին, «Արեւմտյան Ադրբեջան» կոնցեպտի մասին, անգամ ունեն ցուցակներ։ Այսինքն՝ Ադրբեջանը նպատակ չունի Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրել, Ադրբեջանի նպատակը մեկն է՝ ինքը ձգտում է Հայաստանից ստանալ մաքսիմումը։ Այդ մաքսիմումը Հայաստանի Հանրապետության չգոյությունն է»,- նշեց պատգամավորը։