
Ալիևի օգնական Ամիրբեկովի վերջին հայտարարությունը «խաղաղության պայմանագրի» ստորագրման նախպայմանների մասին բացահայտեց Բաքվի իրավական «իմունային անբավարարության» սրումը։ Ալիևն իր վրա վերցրեց անտանելի բեռ, որը իրավունքի բացակայության դեպքում կարող է հանգեցնել Ադրբեջանի փլուզմանը։
Ամիրբեկովը թվարկեց երեք պահանջ Հայաստանին, որոնք վերաբերում են իրավունքի տարբեր ասպեկտներին՝ փաստորեն ճանաչելով Բաքվի իրավական մերկությունը։ Պահանջների թվում չկա որևէ փաստաթղթի կամ Արցախի և Նախիջևանի նկատմամբ Բաքվի հավակնությունների իրավական հիմքի հղում։ Ընդհակառակը, Բաքուն ցանկանում է, որ Երեւանն անձամբ հայկական տարածքների հանդեպ իր բոլոր իրավունքները տա Բաքվին՝ ճանաչելով օկուպացիան, եւ չդիմի միջազգային իրավունքի օգնությանը։
Բաքվի առաջին պահանջը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, որը ոչ միայն հիմնվում է 1989 թվականի Արցախի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա, այլև տեղ է թողնում Կարսի պայմանագրի վերանայման համար։ Բաքուն պահանջում է հանել նախաբանը Հայաստանի Սահմանադրությունից, քանի որ դրա պահպանման դեպքում Արցախը և Նախիջևանը փաստացի օկուպացված են Բաքվի կողմից։ Նշենք, որ ոչ մի միջազգային կազմակերպություն կամ պետություն Հայաստանին հրապարակավ կոչ չի արել փոխել Սահմանադրությունը՝ գիտակցելով, որ դա կլինի տարածաշրջանային ներկայիս դասավորվածության ավարտը։
Ինչպես նշում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, Բաքուն աջ ու ձախ կաշառում է միջազգային պաշտոնյաներին՝ փորձելով իր համար իրավական հիմք ապահովել։ Ղուկասյանը գտնում է, որ Հայաստանը պետք է միջազգային կոալիցիա ստեղծի Արցախի ազատագրման համար, քանի որ նրա օկուպացիան բացարձակապես չի տեղավորվում միջազգային իրավունքի շրջանակներում և չափազանց ծանր բեռ է Ալիևի համար։
Այստեղից է բխում Բաքվի երկրորդ պահանջը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի հետկանչումը։ Այս խումբը ստեղծվել է Մինսկի կոնֆերանսի անցկացման նպատակով, որտեղ պետք է որոշվեր հակամարտության կարգավորման պլանն, այդ թվում, ԵԱՀԿ առաջարկներով, Արցախում կարգավիճակի հարցով հանրաքվե։ Ալիևը հասկանում է, որ Արցախից բնիկ հայ բնակչությանը վտարելու պայմաններում, հանրաքվեի խնդրին վերադառնալու ԵԱՀԿ առաջին պահանջը կբերի Արցախի բնակչության տեղահանումը որպես ռազմական հանցագործություն ճանաչելուն։ Ալիևն անմիջապես կհայտնվի Հաագայում, իսկ Արցախի բնակչությանը կվերադարձնեն հայրենիք, որտեղ նա կկարողանա ինքնորոշվել։
Բացի այդ, Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անխուսափելիորեն կհանգեցնի Ադրբեջանի և նրա տարածքների գոյության իրավական հիմքի քննարկմանը։ Ինչպես նշում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, Ադրբեջանի հանրապետությունների հիմնադիր փաստաթղթերում ոչ մի հիշատակում չկա, թե ինչ սահմաններում է տվյալ պետությունը հռչակվում։ Տրված են անորոշ ձևակերպումներ, որոնք թույլ են տալիս տարբեր կերպ մեկնաբանել սահմանները, սակայն միջազգային դատարանում առաջին իսկ պահանջը կբացահայտի այս սուբյեկտի սահմանների բացարձակ անօրինականությունը։
Եվ երրորդ պահանջը Հայաստանի կողմից միջազգային ատյաններից Բաքվի դեմ հայցերը հետ կանչելն է։ Բաքուն չի վախենում, որ փոխհատուցում կնշանակվի հայերի կորցրած ունեցվածքի համար կամ կհնչեն պատերազմական հանցագործությունների, նույնիսկ էթնիկ զտումների մեղադրանքներ։ Բաքուն վախենում է Արցախի և Նախիջևանի նկատմամբ Բաքվի ՛՛իրավունքների” հետաքննությունից. Փաստաթղթերի նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը կբացահայտի իրավական հիմքերի բացարձակ բացակայություն, և ցանկացած դատարան 2020-2023 թվականների պատերազմը կորակավորի որպես օկուպացիա, ցեղասպանություն և բնիկ բնակչության տեղահանություն:
«Իմունային անբավարարությունը» ստիպեց Բաքվին նստել «հայկական ասեղի վրա», իսկ հայ քաղաքական դասի տոտալ ապազգայնությունը դեռ առատաձեռնորեն «իմունիտետով» կերակրում է Ալիևին։ Բայց արտաքին միջավայրը կարող է փոխվել, և այդ ժամանակ Ալիևին չի օգնի նույնիսկ Հայաստանը։
Նաիրա Հայրումյան