Հայոց եկեղեցու պատրիարքներ․ ո՜չ ուրացման, պետք է հատուցում, Արցախի ցեղասպանություն

  • 13:09 24.04.2026

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձում։

«Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։ Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը։ Հիրավի, համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի», ասված է Գարեգին Բ-ի ուղերձի մեջ։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն շեշտեց, որ իրենք մերժում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական ու տնտեսական ցանկացած հարաբերություն, որը կլինի ի հեճուկս ազգային գերագույն իրավունքների։
«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և մեր բռնաբարված իրավունքների համար վնասի հատուցումը, Արցախի ժողովրդի վերադարձը և միջազգային երաշխիքներով ինքնավարության վերականգնումը, կրոնական և պատմական հուշարձանների պաշտպանությունը և Բաքվից հայ գերիներ ազատ արձակումը մնում են պահանջատիրության հիմնական սկզբունքները ու հավաքական պահանջը»,– հավելեց նա։
Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը, այս մասին հայտարարել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում։

«Պէտք է ընդունինք, թէ այս հողերուն տակ թաղուած են ոչ միայն մեր ցաւերը, այլ նաեւ ուրիշներու վէրքերը։ Միայն մեր պատմութիւնը պատմելով չէ, որ կը գտնենք ճշմարիտ հանգուցալուծում։ Պարտաւոր ենք նաեւ լսել ուրիշներուն, ըմբռնել անոնց ապրումները եւ փորձել գտնել այն ընդհանուր եզրերը, որոնք կրնան հիմք ծառայել ապագայի համար։

Այս իմաստով, մենք կը վերահաստատենք մեր կոչը՝ Հայ եւ Թուրք ժողովուրդներու միջեւ խաղաղութեան, հաշտութեան եւ բարեկամութեան հաստատման համար»,ասված է ուղերձի մեջ։

Ոչ ուրացումը, ոչ ալ թշնամանքը կրնան բուժել վէրքերը։ Նոյնպէս քաղաքական շահարկումները չեն ծառայեր ժողովուրդներու մերձեցման, ասել է Պոլսո պտրիարքը։

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար, հարգարժան Ջերի Փիլյը միացել է աշխարհի հայերին, եւ հատկապես Հայ Առաքելական եկեղեցուն, հանդիսավոր հիշատակի եւ աղոթքի համար։

Փիլեյը խոր մտահոգություն է հայտնել 2023թ․ Արցախից հայերի հարկադիր տեղահանման եւ տառապանքների առիթով, որոնք հանգեցրել են ողջ բնակչության զանգվածային արտագաղթին իրենց պատմական հայրենիքից։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը համերաշխություն է հայտնում բոլոր տուժածներին՝ աղոթք բարձրացնելով բուժման, պաշտպանության եւ իրավունքների ու արժանապատվության վերականգնման համար»,- ասել է նա։ «Միեւնույն ժամանակ, մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության եւ խաղաղության ուղղությամբ շարունակվող ջանքերը»։

Փիլեյն ընդգծել է, որ արդար եւ երկարատեւ խաղաղությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի լիակատար հարգման վրա, ներառյալ տեղահանված անձանց անվտանգ եւ արժանապատիվ տուն վերադառնալու իրավունքը, կրոնական եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը եւ մարդու հիմնարար իրավունքների պահպանումը։