
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտադիրվում միջուկային զենք կիրառել Իրանի դեմ՝ պնդելով, որ ԱՄՆ զինված ուժերն արդեն ոչնչացրել են իրանական բանակի ռազմական ներուժը: Սպիտակ տունը նաև հրամայել է կրակ բացել Հորմուզի նեղուցում ականապատող նավերի վրա և հայտարարել, որ Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգել են հրադադարը։
Քանի դեռ Իրանն ու ԱՄՆ-ն խաղաղության բանակցությունների ուղղությամբ շարժվելու որևէ նշան չեն ցուցաբերում, Հորմուզի նեղուցը մնում է գրեթե ամբողջությամբ փակ։
Թեհրանը թույլ չի տալիս ԱՄՆ դաշնակիցների հետ կապված համարվող նավերի անցումը, մինչդեռ ԱՄՆ ռազմանավերը պահպանում են Իրանի ծովային շրջափակումը։
Պենտագոնը հերքում է այն տեղեկությունները, որ ԱՄՆ ռազմածովային ուժերին կարող է մինչև վեց ամիս պահանջվել առևտրային երթուղին ականազերծելու համար: «Հորմուզի նեղուցի վեցամսյա փակումը անհնարին սցենար է և լիովին անընդունելի է պաշտպանության նախարարի համար», – BBC-ին ասել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։
Bloomberg-ը հաղորդում է, որ նավթի գները շարունակում են աճել արդեն հինգերորդ օրն անընդմեջ՝ Հորմուզի նեղուցի փակման մասին լուրերի ֆոնին: Հինգշաբթի օրվա վերջին Brent նավթի մեկ բարելը վաճառվում էր մոտ 105 դոլարով, իսկ այս շաբաթ այն աճել է մոտ 16%-ով։
Հինգշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին հարցրել են, թե արդյոք ամերիկացիները պետք է սովորեն բենզինի բարձր գներին մոտ ապագայում։
ԱՄՆ նախագահը ուղղակիորեն չի պատասխանել, բայց ասել է. «Գիտե՞ք, թե ինչ են նրանք ստանալու դրա դիմաց: Գիտե՞ք, թե ինչ են նրանք ստանալու: Իրան՝ առանց միջուկային զենքի, որը կարող են օգտագործել մեր քաղաքներից մեկը պայթեցնելու կամ ամբողջ Մերձավոր Արևելքը պայթեցնելու փորձ կատարելու համար»։
Թրամփը նաև հայտարարել է, որ Լիբանանն ու Իսրայելը որոշել են երկարաձգել հրադադարը երեք շաբաթով: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այս որոշումը կայացվել է Իսրայելի և Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Օվալաձև աշխատասենյակում իր հանդիպումից հետո։
«Միացյալ Նահանգները կհամագործակցի Լիբանանի հետ՝ Հեզբոլլահից պաշտպանվելու համար», – գրել է Թրամփը իր սոցիալական ցանցում՝ Truth Social-ում։
Նա հավելել է, որ շուտով մտադիր է Վաշինգտոնում հյուրընկալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին։
Լիբանանում հրադադարը Իրանի պահանջներից մեկն էր Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։
Հեզբոլլահը նախկինում հայտարարել էր, որ կհամաձայնվի դադարեցնել Իսրայելի ռմբակոծությունը երկու պայմանով՝ իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանից և «լռություն լռության դիմաց» սկզբունքը։ Սակայն Նեթանյահուն ասել է, որ չի համաձայնի որևէ մեկին։