Ջահերով երթ․ Փաշինյանը դատապարտել է թուրքական դրոշի այրումը

  • 23:16 23.04.2026

Երևանում տեղի է ունռցռլ ավանդական ջահերով երթը, որը սկսվեց Հանրապետության հրապարակից։ Հազարավոր մարդիկ շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի։

Այս տարվա միջոցառումն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսով։ Երթից առաջ մասնակիցները այրեցին թուրքական դրոշը։

Իր ելույթում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այդ իրադարձություններից ավելի քան մեկ դար անց հայ ժողովուրդը կանգնած է ոչ թե յաթաղանի, այլ ուրացման պահանջի առջև։ Հայ ժողովրդին ստիպում են չոգեշնչվել Արարատից, մոռանալ Արցախը և այնտեղ կատարված հանցագործությունները։

«Մեզ ստիպում են հրաժարվել մեր պետության ծննդյան վկայականից՝ Անկախության հռչակագրից։ Եվ սա տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ մեր եկեղեցիներն ու վանքերը ավերվում են Արցախում, իսկ մեր եղբայրները գտնվում են Բաքվի բանտերում։ Այս ամենը կատարվում է Փաշինյանի մեղսակցությամբ։ Մեզ ստիպում են հրաժարվել մեր սեփական պատմությունից, բայց մենք շատ լավ գիտենք, որ նրանք, ովքեր հրաժարվում են անցյալից, կորցնում են ապագան», – ասաց նա։

Միջոցառումը ամեն տարի կազմակերպվում է ՀՅԴ երիտասարդական թևի կողմից 1999 թվականից ի վեր։

Նիկոլ Փաշինյանը դատապարտել է թուրքական դրոշի այրումը։ Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

«Միջազգային ճանաչում ունեցող պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը չի կարող այլ կերպ գնահատվել պետության ղեկավարի կողմից։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն առաջացնող վարքագիծ է»։

Դրոշի այրումը քննադատել է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ապրիլի 24-ի նախօրեին ցանկացած երկրի, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի արարք է, որը ստվեր է գցում ապրիլի 24-ի խորհրդի  վրա։ Այն հիշողության, միասնության և կյանքի մասին է, և ես նման գործողությունները համարում եմ խաղաղության և ապագայի դեմ ուղղված անընդունելի և ողորմելի սադրանքներ», – հայտարարել է նա։