
«Ես ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում եմ Արթուր Օսիպյանի եւ հացադուլում գտնվող բոլոր անձանց առողջական վիճակի մասին։ Մեր գործընկերներն ասում են, որ ներկայում Արթուր Օսիպյանի առողջական վիճակը կայուն է»,- այսօր լրագրողներին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Օսիպյանը շարունակում է հացադուլը՝ իրացնելով հացադուլի իր իրավունքը։ Ցավոք սրտի, մենք չենք կարող ստիպել նրան հացադուլի մեջ չգտնվել։ Մենք ուղղակի պետք է պահպանենք այն կարգը, որն օրենքով է նախատեսված հացադուլ իրականացնող անձանց համար»,- հավելեց Գալյանը։
Հարցին, թե ինչո՞ւ չի այցելում Արթուր Օսիպյանին՝ նախարարը պատասխանեց, որ արձակուրդում է գտնվում։ «Արդյոք ես՝ որպես արդարդատության նախարար, միջոց ունե՞մ ձեռնարկելու, որպեսզի անձը դուրս գա հացադուլից։ Ես ունեցել եմ բազամթիվ փորձեր՝ անձամբ զրուցելու հացադուլ իրականացնող անձանց հետ, եւ կարծում եմ, որ արձակուրդից վերադառնալուն պես այս դեպքը չի կարող լինել բացառություն, եւ ես կամ ծառայության պետը պատրաստ ենք զրուցել հացադուլ իրականացնող անձի հետ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վճաբանությունից հետո եւ հենց այդ օրվանից հացադուլ է հայտարարել։ Արթուր Օսիպյանի կոշտ քննադատություններից հետո Նիկոլ Փաշինյանը գոռգոռացել էր, նրան սպառանցել եւ հարց ուղղել․ «Դու խի՞ չես զոհվել, դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին ես խոսում, այ տականք»։
Մայիսի 21-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Արթուր Օսիպյանին։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի միանգամից երեք՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության եւ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու հոդվածներով:
Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ չի դադարեցնի հացադուլը, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իրենցի հրապարակային ներողություն չի խնդրել։