
Բանտում ավելի քան 20 օր հացադուլ անող արցախցի Արթուր Օսիպյանը ազատ է արձակվել, փոխանցում են Քրեակատարողական ծառայությունից: Արթուր Օսիպյանի փաստաբանի խոսքով՝ Օսիպյանը հացադուլը չի դադարեցրել։
Այսօր ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արթուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին»:
Որոշումն ուղարկվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով:
Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն Օսիպյանի կալանավորումն ապօրինի են որակել՝ պնդելով, որ այն քաղաքական է։ Մի խումբ հանրային գործիչներ Օսիպյանի համար անձնական երաշխավորություն են ստորագրել՝ ընդգծելով, որ արցախցի տղամարդուն ազատ արձակելու դեպքում նրա պահվածքի համար իրենք են պատասխանատվություն կրելու։