
Step1.am-ի հարցերին պատասխանել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
–Օկուպացված Շուշիում օրերս Ալիևի արած հայտարարություններն ի՞նչ են փաստում՝ նա լավ է հասկանո՞ւմ, որ միջազգային հանրությունը չի ընդունել Արցախն Ադրբեջանի կազմում, եւ ուժով «լուծումը» լեգիտիմ չէ։ Թեպետ Փաշինյանն անընդհատ կրկնում է, թե Արցախն աշխարհի կողմից միշտ ճանաչվել է որպես «Ադրբեջանի մաս», բայց տեսնում ենք, որ Ալիեւը դժգոհում է Եվրոպայի խորհրդից եւ ԵԽԽՎ-ից, որ արցախցիներին սատարող բանաձեւեր են ընդունում, դժգոհում է ԱՄՆ-ից, որ չի չեղարկել 1992 թվականին Ադրբեջանի դեմ ընդունված 907-րդ բանաձևը։ Սա ընդհանրապես ի՞նչ է ցույց տալիս։
-Իրականում չորրորդ անգամ էին կազմակերպում այդ ֆորումը, Կոնգոյից, այլ երկրներից ինչ-որ լրագրողներ են հրավիրում ու այդ միջոցառումն են կազմակերպում։ Վստահ եմ՝ հսկայական ֆինանսներ են դնում մեծ շղարշ հաղորդելու համար։ Ընդ որում, ուշագրավ էր, որ այդ միջոցառումը կրում էր «ԶԼՄ-ների առաքելությունը խաղաղության խթանման գործում․ ճշմարտության վստահության վերականգնում» վենագիրը, որը, իհարկե, զավեշտալի է Ադրբեջանի դեպքում։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն ամբողջությամբ սպասարկում են իշխանական օրակարգը, և այդ ամբողջը վերաբերում է Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջ մղման, ատելության խոսքին և այլն։ Եվ այդ իրականության մեջ այս վերտառությամբ մեդիա ժողով կազմակերպելն իրականում աբսուրդի ու զավեշտի ժանրից է։
Բուն ելույթն ընդհանուր առմամբ մեկ ուղղություն ուներ՝ վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հարցին։ Նա հստակ նշում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չէր տալիս Ադրբեջանին այն, ինչին Ադրբեջանն ուզում էր հասնել, դրա համար փաստացի Ադրբեջանը գնաց ռազմական ճանապարհով, որովհետև խաղաղ բոլոր հնարավոր փոխզիջումային լուծումների դեպքում Ադրբեջանը չէր ստանալու այն, ինչ ունի այսօր։ Եվ Ալիևը դա հոյակապ գիտի, հետեւաբար, դրա հետ կապված իր բողոքն էր արտահայտում եմ։ Ընդ որում, այս մասին նաև Հայաստանում տարբեր գործիչներ են բազմիցս խոսել։ Բայց ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ասում է, թե իբր բոլորն «Արցախը ճանաչում էին Ադրբեջանի կազմում», այլ Նիկոլ Փաշինյանը նոր մակարդակի է հասել՝ ինքը համարում է, որ Արցախը բեռ էր ու տանել, դիտավորյալ, սպանել Արցախը, դա լավագույնն էր, որ ինքը կարող էր անել Հայաստանի համար։ Մոտավորապես ոնց որ հայրը տանի երեխաներից մեկին սպանի, ասի՝ մյուս երեխայիս համար լավ եմ արել, որովհետեւ բեռ էր։
Այո, Ալիևը տարբեր դրվագներով արտահայտեց իր դժգոհությունը, որը վեաբերում էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժամանակաշրջանին, այլ նաև 2020 թվի պատերազմից հետո իրավիճակին, երբ ասում էր՝ «իրենք չէին ուզում հաշտվել նոր իրողությունների հետ»։ Բայց այդ հարցում էլ Նիկոլ Փաշինյանը շատ-շատ է օգնել Ադրբեջանին՝ նորմալ դարձնելու ուժի միջոցով, ագրեսիվ պատերազմի միջոցով խնդիրների լուծումը։ Եվ ընդ որում ասեմ, որ այդ դրույթի ամրագրումը հետագայում արդեն տարբեր տեղերում սկսեց կիրառվել՝ աշխարհում նորմալ դարձան պատերազմները։ Եթե մինչև այդ որոշակի միջազգային կարգ կար, որոշակի զսպաշապիկներ կային, այս ամբողջ քաղաքականության միջոցով (ընդ որում, իմ համոզմամբ, այդտեղ ռուսական գործոնն էլ էր մեծ), նորմալիզացվեց ագրեսիվ պատերազմներով հարցեր լուծելու մեթոդը։ Եվ Ալիևը հիմա դրանով գլուխ է գովում։
Մեկ հետաքրքիր դրվագ կար ԵԽԽՎ-ի հետ կապված։ Գիտեք, որ Ադրբեջանի պատվիրակությանն այնտեղ զրկել են իր լիազորություններից, և դրա հետ կապված էր Ալիեւն իր դժգոհություն արտահայտում։ Ինձ համար զավեշտալի է, որ նա ասում է՝ «մենք կարող ենք անգամ դիտարկել Եվրոպայի խորհրդից դուս գալը», եւ ասում էր՝ «եթե Եվրոպայի խորհրդից դուրս գանք, մեր երկրում դա ոչ ոք չի էլ նկատի»։ Իրականում ճիշտ է ասում, որովհետև այդ բռնապետական համակարգում բացարձակ իրենց մեկ է, թե իրենք ի՞նչ միջազգային կազմակերպության մաս են կազմում, իրենց վրա դա ընդհանրապես չի ազդում, իրենք շարունակում են ապրել բռնապետության մեջ։
Նա շարունակում էր ամերիկյան նախորդ վարչակարգին քննադատել, մի քանի անգամ շեշտեց նույն Բայդենի անունը՝ դեռևս սենատոր ժամանակից սկսած, սկսեց գովել Դոնալդ Թրամփին, որը «կասեցնում է աշխարհի բոլոր պատերազմները»։ Հիշո՞ւմ եք՝ մոտավորապես մեկ տարի առաջ կարծեմ էլի նման մի միջոցառման ժամանակ Թրամփին գովել էր, Թրամփը նույնիսկ իր սոցիալական էջում դա տարածել էր (այս անգամ ևս Թրամփը տարածեց Ալիեվի խոսքը – խմբ․)։ Ոնց որ Ալիևը հասկացել է, թե Թրամփի հետ ինչ լեզվով պետք է խոսի։
Ինձ համար շատ ուշագավ էին Ռուսաստանի հասցեին ուղղված հարցադրումները՝ բավականին կոշտ, բավականին հանդուգն։ Խորհրդային միությունն ամբողջությամբ ներկայացնում էր որպես գաղութատիրական համակարգ, իբրև իրենք գաղութ են եղել։ Ուկրաինայի մասով ասում էր, որ պետք է պայքարել մինչև վերջ, չպետք է երբեք հանձնվել և որևէ պարագայում թույլ չտալ որեւէ մեկին իր պայմանները քեզ թելադրել, իր օրինակն էր բերում՝ որպես փայլուն օրինակ։
Միևնույն ժամանակ, ինձ համար որոշակի հետաքրքրություն ներկայացրեց այն հանգամանքը, որ Եվրոպայի հետ գազի մատակարարումների ոլորտում իրենց հարաբերությունների մասին խոսելիս ասում էր, որ Ադրբեջանում գազի ծավալների մեծացման հետ կապված նոր ներդրումներ չեն արվում, բոլորը հրաժարվում են դա անել, արդյունքում՝ հարցականի տակ է դրվում հետագա պարտավորությունների կատարումը։ Ալիեւը նախկինում էլ է ունեցել ելույթներ, որտեղ բողոքել է, որ ոչ ոք չի ուզում գումար ներդնել Ադրբեջանում, իսկ այս հնարավորության պայմաններում ինքը չի կարող երկար ինչ-որ մատակարարումներ ապահովել, թեեւ, իմ խորին համոզմամբ, ինքը ոչ թե ադրբեջանական գազ է մատակարարում Եվրոպա, այլ հենց ռուսական գազ։ Եվ տարբեր արևմտյան լրատվականներ տարբեր դրվագներով այդ թեմային անդրադարձել են։
Ֆրանսիական կողմին էլի սկսեց մեղադրանքներ ուղղել, որ «գաղութատիրական» են, ֆինանսավորում են ինչ-որ շարժումներ և այլն։ Խոսեց ԱՄՆ 907 բանաձևի մասին։ Այդ թեման անընդհատ շրջանառում է, բայց այդ բանաձևի հարցը բավականին բարդ է՝ նրանք ամեն տարի են ստորագրում, իսկ Սենատում դա առհասարակ հանելը բարդ գործընթաց է։ Ալիեւը փորձում է ներկայացնել, թե իբրև հիմա ապաշրջափակում է, բայց նման բան գոյություն չունի, ուղղակի Ադրբեջանի տարածքով ապրանք է անցնում, ինքը չի բացել սահմանները։ Ոչ միայն Ադրբեջանը չի բացում Հայաստանի հետ սահմանը, այլ նաեւ թույլ չի տալիս, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանները։ Իսկ իրենց դիզվառելիքը մեզ վրա վաճառելը փորձում են ներկայացնել որպես ապաշրջափակում, բայց Հայաստանից բացարձակ ոչ մի ապրանք Ադրբեջան չի մտնում, որն ինձ համար շատ հասկանալի է։
Վերջում իր անձի քաղաքականության գովքն էր անում, որ ինքը «կարողացել է անել այն, ինչ ոչ ոք չի կարողացել անել։ Ասում էր, թե իբր «երկարաժամկետ պլանավորումը իր արդյունքը տալիս է»։
–Արցախի տարածքն օկուպացնելով՝ այդուհանդերձ Ադրբեջանին չի հաջողվում այնտեղ զանգվածային բնակեցում ապահովել, որքան էլ քարոզչական դաշտում այլ պատկեր են փորձում ներկայացնել։ Ո՞րն է պատճառը՝ զգուշավորությո՞ւն են ցուցաբերում այս հարցում՝ իմանալով, որ լեգիտիմ չեն իրենց գործողությունները։
-Չէ, զգուշավորություն չկա, կա ռեսուրսների խնդիր, թե ինչպես դա կազմակերպել, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների խնդիր։ Իրենք մարդկանց տրամադրում են տներ, հետո մարդիկ հետ են վերադառնում Բաքու, չեն ուզում այդտեղ ապրել, ընդհանուր այդ զգացողության խնդիրը կա։ Բայց եթե իրենք այսօր այնքան հանդուգն են, որ Հայաստանի տարածքն են ուրիշ անունով կոչում, ես կարծում՝ մտածում են, որ իրենք ամեն ինչ կարող են մարսել։ Եվ հենց դրա արդյունքում են այսօր Հայաստանի տարածքն ուրիշ անունով կոչում։ Եթե իրենք պրոբլեմներ ունենային այդ ամենի հետ կապված, եթե Հայաստանում լիներ այնպիսի իշխանություն, որն իրենց համար պրոբլեմներ ստեղծեր, պարբերաբար հիշեցներ իրենց արարքները՝ պատերազմական հանցագործություններ, էթնիկ զտում եւ այլն, ապա իրենք, բնականաբար, այլ դիրքերից հանդես կգային։ Բայց, քանի որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը ծառայեցվել է Ադրբեջանի բոլոր գործողությունների արդարացման նորմալիզացիային, Ադրբեջանն իրեն սահմանափակելու ոչ մի առիթ ու պատճառ չի գտնում այս պահի դրությամբ։
-Աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում ի՞նչ հնարավորություններ կարող են ստեղծվել հայկական կողմի համար, ի՞նչ ռիսկեր՝ Ադրբեջանի համար։
-Վստահորեն ուկրաինական ճակատի զարգացումներն ազդում են Ադրբեջանի հետ տարբեր երկրների հարաբերությունների վրա, բայց եթե խոսքը մեր մասին է, ապա քանի դեռ Հայաստանում իշխանությունները փաստացի ադրբեջանական օրակարգեր են սպասարկում, ես չեմ կարծում, որ ինչ էլ փոխվի աշխարհում, այդ ամենը կարելի է օգտագործել հօգուտ մեզ։ Դա կարելի է օգտագործել, եթե այդ ցանկությունն ու կամքը կա ինչ-որ բաներ փոփոխվելու, ինչ-որ տեղեր, ինչ-որ խնդիրներ զսպելու, չեզոքացնելու, Ադրբեջանից եկող վտանգները ճիշտ հաշվարկելու եւ դրանք կանխելու առումով։ Բայց այդ ամբողջը գոյություն չունի, և միակ ցանկությունը, ինչպես իրենք են տարբեր ձևերով արտահայտում, ցանկացած գնով իբր «խաղաղության» ձեռքբերումն է, որը նշանակում է Ադրբեջանին տալ այն ամենը, ինչ ինքը ուզում է։ Իսկ Ադրբեջանն ուզում է հայկական պետության փաստացի դեմոնտաժ, և այս պայմաններում ես չեմ կարծում, որ մեր հնարավորությունները կբարձրանան։ Բայց առհասարակ այս փոփոխվող աշխարհում տարբեր իրավիճակներում իրապես կարող են առաջանալ տարբեր և խնդիրներ, և հնարավորություններ։ Ու արդեն ցանկացած պետության կառավարություն ինքն է հաշվարկում, տեսնում, թե այդ դրվագները ոնց կարելի է ի շահ իրեն օգտագործել։ Հայաստանի այսօրվա իշխանությունն անգամ հստակ զավթողական ծրագիրը չի գիտակցում որպես ազգային անվտանգության խնդիրը, քայլեր չեն ձեռնարկում դրանք կանխելու համար, որը հետո մեծ պրոբլեմ է դառնալու։
-Հայաստանի իշխանություններն ընդամենը ասում են՝ Հայաստանում չպետք է խոսել Արցախ վերադառնալու մասին, որ ադրբեջանցիներն էլ չխոսեն Հայաստան գալու մասին։ Սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը։
-Նախ ադրբեջանցիներն այդ թեման շրջանառության մեջ են մտցրել դեռ այն ժամանակ, երբ Արցախում հայեր էին ապրում։ Երկրորդ՝ երբ դու ամրագրված, միջազգայնորեն հաստատված, տարբեր ձևով փաստարկված փաստը համեմատում ես առհասարակ մի բանի հետ, որը զրոյից է հորինվել և երբևէ գոյություն չի ունեցել պատմության մեջ ու միջազգային իրավունքում, դրանով ոչ միայն ոչնչացնում ես քո փաստարկված նյութը, այլ նաև կշիռ ես հաղորդում դիմացինի ոչ փաստարկված նյութին։ Սա քաղաքականություն է, ու ես կգերադասեի, որ Հայաստանի իշխանությունները լռեին, քան թե դա այդկերպ մեկնաբանեին։ Դրանով իրենք ընդամենը հերթական անգամ Ալիևին ծառայություններ են մատուցում։
Ռոզա Հովհաննիսյան