Ասրյանների ընտանիքն արդեն կահավորված ու գեղեցիկ տանն է ապրում

Ասրյանների ընտանիքն արդեն կահավորված ու գեղեցիկ տանն է ապրում։ 2023-ին Արցախից բռնի տեղահանվելուց հետո ամուսնու ու չորս երեխաների հետ Լիաննան Տավուշի Գետահովիտ գյուղում է հաստատվել ու մի քանի վարձով տուն փոխել։ Ամիսներ առաջ պետության տրամադրած սերտիֆիկատով Ասրյանները կարողացել են տուն գնել, իսկ #ՀՕՖ-ի աջակցությամբ ամբողջությամբ կահավորել այն։ Հայ Օգնության Ֆոնդի և The Knights and Daughters of Vartan`Վարդանանց ասպետներ կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցով էլ թռչնաբուծության համար անհրաժեշտ սարքավորումներ են ձեռք բերել։
«Այս աջակցությունը մեզ թևեր տվեց։ Հանուն մեր երեխաների մենք պետք է նոր կյանք կառուցենք ու շարունակենք արարել»,– ասում է 42-ամյա Լիաննա Ասրյանը։
Նախորդ տարի #ՀՕՖ-ի «Հրատապ աջակցություն արցախահայերին» ծրագրով Սիսիանում, Գորիսում, Իջեւանում եւ Նոյեմբերյանում արդեն 37 ընտանիք կարողացել է պետական սերտիֆիկատով ձեռք բերած տներն ու բնակարանները կահավորել, ջեռուցել ու անհրաժեշտ տեխնիկա գնել։ Այս տարի էլ ծրագրում ընդգրկվել է 20 նոր ընտանիք։