Մանվել Սարգսյան․ Ադրբեջանը՝ սկսած իրենց նախագահից, շատ լուրջ է վերաբերվում Միացումի գաղափարին

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Պարոն Սարգսյան, 1990-1995 թվականների Գերագույն խորհրդում՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին որոշումից հետո, պատգամավորներ կային նաեւ Արցախից։ Ի՞նչ փոխվեց հետո, ինչպե՞ս փոխվեց Միացումի այդ գաղափարը։

-Իսկ կարելի է հարցին հարցով պատասխանել՝ ինչո՞ւ է այդ հարցն այսօր ակտուալ։

-Շատերն են պնդում, որ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին որոշումն այսօր էլ ուժի մեջ է։ Այսօր Բաքուն պարտադրում է Հայաստանին հրաժարվել Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում անելուց, հետեւաբար, սա փաստում է, որ հարցը փակ չէ, այդպես չէ՞։

-Հայաստանի իշխանությունները որդեգել են կուրս եւ փակում են այդ հարցը, մարդկանց էլ ասում են՝ չեք ուզում, գնացեք հեղափոխություն արեք։ Այսինքն՝ ժողովրդի առաջ կտրուկ է դրված այդ հարցը։ Մյուս կողմից էլ Ադրբեջանը պահանջում է հանրաքվեի միջոցով հրաժարվել Անկախության հռչակագրից, որպեսզի իրենք փաստ ունենան, որ Հայաստանի ժողովուրդն է հրաժարվել, ոչ թե այս կամ այն իշխանությունը, այլ՝ Հայաստանի ժողովուրդը։ Այո, և այստեղից է գալիս այդ խնդրի ակտուալությունը՝ ինչո՞ւ են Հայաստանն ու Ադրբեջանը նման կտուկ ձեւով հանում այդ հարցը։

Այսինքն՝ ՀՀ իշխանությունները գտնում են, որ սա միակ ձեւն է, որպեսզի Ադրբեջանի հետ «խաղաղություն հաստատվի», ասում են՝ Անկախության հռչակագիրը «կոնֆլիկտային» էր։ Ադրբեջանն էլ ասում է՝ այո, բայց պիտի ժողովուրդը դա ասի, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ մենք ոչ թե գործ ունենք ինչ-որ պատմական փաստի հետ, մենք գործ ունենք իրականության մեջ գործող քաղաքական ֆենոմենի հետ։

Ես չեմ կարծում, որ Հայաստանում շատերն են խորը հասկացել այդ գաղափարի իմաստը, շատ-շատերը չեն հասկացել, հասկացողներից շատերն էլ հենց 1988 թվականից դա չէին ընդունում։ Բայց Ադրբեջանը՝ սկսած իրենց նախագահից, շատ լուրջ է վերաբերվում այդ Միացումի գաղափարին։ Իլհամ Ալիեւն անընդհատ խոսում էր այդ մասին։ Երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի ճանապարհը, Ալիեւը ելույթ է ունեցել հենց Լաչինում, դիմել է Հայաստանի իշխանություններին ու ասել՝ «Միացում գրքի վերջին էջը փակված է, դա լուրջ հասկացեք, որովհետեւ մենք այստեղ նստած ենք ու նայում ենք ձեր գյուղերին։ Եթե ուզում եք հանգիստ ապրել, ուրեմն, լուրջ վերաբերվեք իմ խոսքին»։

Դրանից հետո Ադրբեջանի բազմաթիվ պաշտոնյաներ անդրադարձել են այդ հարցին, որ Միացումն է հիմքում, Միացումը պետք է հայ ժողովրդի գլխից դուրս գա։ Ասում են, թե իրենք իրենց «երկաթե բռունցքով» պետք է ստիպեն հայ ժողովրդին՝ հրաժարվել այդ գաղափարից։

Հայաստանում դրա մասին խոսող չկա, կարծես թե հայերի համար դա գոյություն չունի, եթե խոսում էլ են, որպես պատմություն են խոսում, բայց որպես քաղաքական ֆենոմեն այստեղ այդ հարցը երբեք չի քննարկվել։ Բայց ադրբեջանցիները չեն մոռանում, որ սա է խնդիրը՝ հայ ժողովուրդը պիտի հրաժարվի Միացումից։ Ես բազմիցս խոսել եմ այս հարցի մասին, փորձել եմ հայ ժողովրդի ուշադրությունը հրավիրել Միացում գաղափարի խորքային էության վրա։ Եթե այսօր խնդիր են դնում եւ փորձում ժողովրդին ստիպել այդ գաղափարից հրաժարվել, դա նշանակում է, որ մենք ոչ թե գործ ունենք պատմության հետ, այլ գործ ունենք գործող քաղաքական ֆենոմենի հետ։

-Ինչպե՞ս ծնվեց Միացումի գաղափարը, եւ այսօր ի՞նչ իրավիճակում ենք։

Ես փորձեմ մանրամասնել․ երբ Խորհրդային միությունը քայքայվում էր, ռուսական «պերեստրոյկա» կոչված քաղաքականություն էր իրականացվում, որի նպատակը Խորհրդային միությունը վերացնելն էր։ Սա շատ կարեւոր բան է, այսինքն՝ Ղարաբաղյան շարժումը հերթական անգամ որպես քաղաքական խնդիր ի հայտ եկավ այն ժամանակ, երբ Խորհրդային միությունը գաղափարապես ճաքել էր։

1987 թվականից մենք բարձրացրել ենք Ղարաբաղյան խնդիրը։ Այսօր շատերն են խոսում, թե աշխարհը ռադիկալ փոխվել է, այն, ինչ կոչվում է «սառը պատերազմ», վերանում է։ Փաստորեն Խորհրդային միության քայքայումը եղել է դրա բաղկացուցիչ մասը։ Այն ժամանակ շատ դժվար էր ընկալել, թե ինչ է նշանակում Խորհրդային միության քայքայում։

Մի պրիմիտիվ ապաքաղաքական մոտեցում կար, թե՝ կապիտալիզմն ու կոմունիզմը բախվել են իրար հետ, ի վերջո Սովետական միությունն այդ առճակակատման մեջ տանուլ տվեց, դրա համար քայաքավում է, կապիտալիզմը հաղթեց, աշխարհը դարձավ միաբեւեռ։ Նման պատկերացում Հայաստանի մեծամասնությունն էլ ուներ։ Ի՞նչ պետք է աներ հայ ժողովուրդը՝ կամ պիտի ենթարկվեր ուրիշների ասածներին, կամ պիտի ինքն ի հայտ գար իր գաղափարով, թե ոնց է իրեն դրսեւորելու։

Այդ ժամանակ մի քանի գաղափար կար, օրինակ, Խորհրդային միությունում այդ չարիքի կայսրության դեմ դիսիդենտական՝ այլախոհության շարժում կար։ Եվ 1970-1980-ական թվականներին այդ շարժումը լավ տարածում էր գտել, մտել էր մինչեւ անգամ մարդկանց խոհանոցներ։ Չարիքի կայսրության դեմ խոսելն ու դրա վերջին սպասելը դարձել էր ինչ-որ միաստիկ երեւույթ։

Երբ արդեն 1988 թվականին պարզ երեւում էր, որ այդ ճաքը մեծանում է, այս մարդիկ շատ էին ակտիվացել։ Եվ այդ դիսիդենտական գաղափարից է ծնվել, թե ինչ անի հայ ժողովուրդը։ Դրա իմաստն այն էր, որ ամեն կերպ պետք է նպաստել, որ Արեւմուտքի ճնշման պայմաններում ԽՍՀՄ-ը խելոքանա կամ վերանա, եւ սովետական ժողովուրդնեը ձեռք ձեռքի տված գնան դեպի Արեւմուտք։ Գաղափարներից մեկը հենց դա էր։

Այդ գաղափարին մի քիչ մոտիկ կար ավելի քաղաքականացված գաղափար, այն էր, որ ԽՍՀՄ-ը քայքավելու պահից մենք պետք է հաշտվենք մեր հարեւանների հետ, ուրիշ խնդիր չկա։

Եղել է նաեւ ուրիշ գաղափար, որը Պարույր Հայրիկյանն էր առաջ մղում, ասում էր՝ եթե Խորհրդային միությունը վերանա, 1915-1923 թվականի գենոցիդի հետեւանքները պետք է վերացնենք, մեր ազգի ռազմավարությունը պետք է լինի դա։

Եվ եղել է նաեւ գաղափար, որը այդ ժամանակ հաղթեց, դա այն էր, որ մեր երկու հայկական միավորումները՝ ստեղծված Խորհրդային միության Սահմանադրության հիման վրա, պետք է միանան ու մեկ պետություն սարքեն եւ հետագայում գնան անկախության։

Այս մեկը հաղթեց, ի վերջո 1988 թվականին հաստատվեց այն գաղափարը, որ պետք է գնանք միացման, մեկ պետություն ստեղծենք։ Միցումի գաղափարի հիման վրա ազգային ինքնորոշում էր գնում։ Ժողովուրդը, գենոցիդից հետո գտնվելով ցաքուցրիվ վիճակում, եկավ այն գաղափարին, որ պետք է միասնություն լինի։

Այդ խնդիրը մեծ մասին համոզեց, Ղարաբաղ կոմիտեն ստեղծվեց։ Բայց զուգահեռ անընդհատ գոյություն ուներ նաեւ թուրքերի հետ հաշտվելու այդ թեզը։ Երկու գաղափարներն էլ 1988 թվականից զուգահեռ աշխատում էին, ինչ-որ ներքին պայքար կար դրանց մեջ։

Մինչեւ այսօր էլ այդպես է։ Ինչո՞ւ են ադրբեջանցիները եւ թուրքերն այդքան մտահոգված Միացումի գաղափարով, որովհետեւ կոնկրետության մեջ որպես քաղաքականություն խնդիրը եղել է Արցախի եւ Հայաստանի միացումը՝ որպես ինքնորոշում, այսինքն՝ սեփական ռազմավարություն։ Մյուս տարբերակը սեփական ռազմավարություն չէր, այլ ենթադրում էր ենթարկվել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրին։

Այս ամենի խորությունն՝ այս ռազմավարության էությունն էր, որ հայերը ԽՍՀՄ-ը քանդվելուց հետո Միացումի համահայկական գաղափար են դրել, Շարժումն էլ այդպես սկսվեց՝ Հայոց համազգային շարժում։ Չնայած մեծ մասը դեմ էին դրան, բայց այդ անունով կուսակցություն ստեղծեցին, սա նշանակում էր, որ հայերն իսկապես գնում են գենոցիդի հետեւանքները վերացնելու ճանապարհով։ Դա ունիկալ խնդիր էր թուրքերի եւ ադրբեջանցիների համար, ավելի խորքային, քան կոնկրետ Արցախի հարցը։

1989 թվականին դեկտեմբերի 1-ին ընդունվեց Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին որոշումը։ 1990 թվականին միասնական պառլամետ ընտրվեց։ 1990 թվականին նույն պառլամենտը՝ ներառյալ արցախցի պատգամավորները, ընդունեցին հռչակագիր, որն Անկախության հռչակագիր էր կոչվում, բայց Անկախության հռչակագիր չէր։ Անկախության հռչակագիրը փաստի մասին է խոսում, որ այս տարածքի ժողովուրդը հայտարարում է նման պետություն նման սահմաններով եւ անկախություն։ Նման բան մենք չունենք, մենք ունենք ընդամենը Հանրապետության մասին հռչակագիր։

1990 թվականին ընդունված հռչակագիրը դա անկախության մասին չէ, դա պետություն ստեղծելու մասին է։ Այնտեղ գրված է, որ սրանով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբն է դրվում։ Ընդգծել են, որ սա անկախ պետություն չէ, ընդամենն անկախության սկիզբն են դնում։

1991 թվականին ԽՍՀՄ-ը վերջապես քայքայվեց։ Ի՞նչ եղավ Հայաստանի հետ, Հայաստանում հանրաքվե անցկացվեց։ Այդ հանրաքվեի ժամանակ Հայաստանն առաջին անգամ հետ կանգնեց Միացումի գաղափարից, հայտարարեցին, որ միայն Սովետական Հայաստանի տարածքում են անելու հանրաքվե։ Արցախին էլ ասացին՝ գնացեք, դուք ձեր համար Հանրապետություն հռչակեք։ Մինչ այդ, Արցախն արդեն Հանրապետություն հռչակեց, հետո դեկտեմբերի 10-ին հանրաքվե անցկացրեց։

Հանրաքվեից հետո Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեին Անկախության հռչակագիր, բայց Հայաստանը դա չի արել։ Մինչեւ հիմա ոչ ոք չգիտի, թե ինչո՞ւ Հայաստանը դա չի արել, չէ՞ որ դուք ուրիշ տարածքում եք հանրաքվե արել, դրա հիմքով անկախ պետություն ստեղծել, եւ պետք էր Անկախության հռչակագիր ընդունել։ Բայց Հայաստանն ընդամենը պառլամենտում հայտարարել է, որ մենք հավատարիմ ենք մնում 1990 թվականի Անկախության հռչակագրին, որը, ինչպես ես արդեն ասացի, Անկախության հռչակագիր չէ։ Հայաստանը մինչեւ այսօր չունի Անկախության հռչակագիր։ Արցախն Անկախության հռչակագիր ընդունեց, այն էլ մի կերպ, Հայաստանի իշխանություններին համոզելով։

Լավ, Արցախը գնացել է անկախության, ի՞նչ պետք է աներ Հայաստանը, պետք է ճանաչեր այդ անկախությունը։ Հարցն այդպես էլ դրված էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի անկախությունը։ Բայց դա էլ չեն արել։ Հայաստանի իրավաքաղաքական հիմքերը լրիվ լղոզվել են, Միացումը ոչ միայն անջատումի վերածվեց, վերածվեց մի շատ վատ երեւույթի, որը ես անվանել եմ միացում՝ ազնիվ խոսքի հիման վրա, ոչ թե իրավական հիմքով։ Դա քանդեց հայ ժողովրդի հոգեբանությունը, այսինքն՝ Միացումից հեռանալը չբերեց որեւէ կառուցողական իրավական գաղափարի, այլ բերեց ավտորիտար, քրեական, մաֆիոզ գաղափարի։ Սա հիմք դրեց նրան, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն կորցրեց այն իրավական հիմքը, որով պետք է վերածվեր իրավական պետության։

Այս ամենը հանգեցրել է նրան, որ արդեն վեճ է սկսվել՝ երբ մարդկանց պետք է եղել, Արցախի անկախությունն են մեջտեղ բերել, երբ պետք էր, Միացումի մասին էին խոսում, Սփյուռքը սկսեց ջլատվել, հակադրվել Հայաստանի իշխանություններին։ Այսինքն՝ քաղաքական միտքն ու էլիտաները սկսեցին արդեն այլասերվել։ Ի վերջո 2003 թվականից այդ այլասերումը բերեց նրան, որ ամբողջ ազգային հարստությունը կենտրոնացավ ինչ-որ մարդկանց ձեռքին, ովքեր իրավունքի մասին էին խոսում։ Այս մարդիկ ստեղծեին պայմանագրային օլիգարխիա, ամեն գաղափար վերացավ, բացարձակ ոչ մի գաղափար չէր աշխատում։ Այդ օլիգարխիան հաստատեց իր օրենքն այս երկրում, մեծահարուստների ակումբի միջոցով պետության զավթում էր տեղի ունեցել։

Միացումի դուրս գալուց հետո մնաց օլիգարխիան, այսինքն՝ կատարյալ ապագաղափարական պետություն, որտեղ աշխատում է այդ օլիգարխիկ քրեական օրենքը։ Եվ հետո մենք տեսանք 2018 թվական։

2018 թվականը եղել է օլիգարխիկ համակարգի ապամոնտաժման հեղափոխություն, դա 100 տոկոսով ապամոնտաժվել է, ժողովուրդը դուրս է եկել փողի իշխանության դեմ ու փլուզել է այդ իշխանությունը, բոլորին շպրտել է փողոց։ Ի՞նչ է եկել դա տեղը, ոչ մի բան։ Դուրս է եկել մի ուժ, որն ընդամենը հակաօլիգարխիկ ուժ էր եւ ասել է՝ բոլորի թալանածը բերելու ենք, տանք ժողովրդին։ Եվ կես բերան ասել է՝ լինելու են խոսքի ազատություն եւ ազատ ընտրություններ։ Այսինքն՝ շատ ընդհանուր ասվել է, որ այս երկրում լինելու են ազատ ընտրություններ եւ խոսքի ազատություն։

Գաղափարը եկել է շատ պրակտիկ մակարդակի, բայց մոբիլիզացիայի գաղափարը ո՞րն էր՝ չկա Միացումը։ Եվ մի քանի տարի հետո եղել է Արցախյան պատերազմը, Արցախի վերացումը եւ հայտարարություն, որ չի շարունակվելու Ղարաբաղյան շարժումը։ Այսինքն՝ Միացում չի լինելու, այդ գաղափարը վերանում է, դեմ եք, հեղափոխություն արեք։

Սա ֆունդամենտալ հայտարարություն է, ինչո՞ւ է հենց դրա վրա է կանգ առնում Նիկոլ Փաշինյանը։ Ըստ իրեն՝ ինքն անում է այն, ինչը կնպաստի, որ ինքը հարաբերություններ ստեղծի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Բայց ո՞ւր կտանի դա․ միակ փաստաթուղթը, որն մի բան է ներկայացնում Հայաստան պետության համար, Հայաստան պետության իրավաքաղաքական հիմքն է՝ 1990 թվականի հռչակագիրը։ Որեւէ ուրիշ փաստաթուղթ չկա, հերիք է այդ փաստաթղթից հրաժարվես, վաղը ցանկացած պետություն կասի՝ մենք ձեզ չենք ճանաչում։ Իրենք դա ինչ-որ պահի հասկացել են, դրա համար են ասում՝ մենք ձեռք չենք տալիս Անկախության  հռչակագրին, ընդամենը Սահմանադրության նախաբանում դրան հղում չենք անելու։ Ադրբեջանցիներն ասել են՝ ոչինչ, մենք դրան էլ ենք համաձայն, միայն թող ժողովուրդը համաձայնություն տա։

ՔՊ-ն նախորդ տարի հայտարարեց, թե չորրորդ հանրապետության հիմքն են դնում։ Այդ չորրորդ հանրապետությունը պետք է լիներ Միացումից դուրս ինչ-որ մի բան, իրենք կոչել են «իրական Հայաստան»։ Բայց այդ «իրական Հայաստանը» մոբիլիզացնող գաղափար չէ, իրական Հայաստանի համար ժողովուրդը գնալո՞ւ է կռվի։ Միացյալ Հայաստանի համար հայերը գնացել կռվել են, հազարավոր մարդիկի իրենց կյանքը տվել են, իսկ այս մեկի համար ո՞վ է գնալու կռիվ։ Սրանք ֆունդամենտալ հարցեր են։ Ես չեմ տեսնում, որ իշխանությունների մոտ համոզմունք կա, որովհետեւ Ադրբեջանն անընդհատ ուրիշ պայմաններ է դնում, ինքն ուզում է հասնել նրան, որ ժողովուրդը հրաժարվի։

Զուգահեռ հայերի միջեւ պառակտում է դրվում՝ մենք ուրիշ ենք, դրսի հայը ուրիշ է, արցախցիների նկատմամբ ատելություն է գեներացվում։ Արցախցիներին ատում են, որովհետեւ Միացումի սիմվոլ են, չեն ենթարկվում թուրքերին, մարդկանց ասում են՝ գնայիք Աղդամով բերված հացը վերցնեիք, ուտեիք։ Եվ ստեղծել են մթնոլորտ, որ ամբողջ ժողովուրդն ատի նման երեւույթը, թուրքերի հետ չբարիշողին պետք է ատել։

Հայ ժողովրդի մոտ եղել է մտածողություն, որ ոչ մի բան էլ չի ստացվի, Բաքուն էլ վերցնենք, չի ստացվի։ Երկրորդ մտածողությունը եղել է դարասկզբի գենոցիդի սինդրոմը, որ գենոցիդը եղել է նրա համար, որ մենք  ուզել էինք միացում, պետություն, ազգային ինչ-որ բան ստեղծել, դրա համար մեզ կոտորել են։ Բացարձակ սուտ, այդ սուտը ոնց են հայ գիտնականնները խցկել օրակարգ։ Իրականում մենք տանուլ ենք տվել, որովհետեւ հրաժարվել ենք անկախությունից, գենոցիդը եղել է այն պատճառով, որ մենք հրաժարվել ենք անկախությունից, բայց տեսեք, թե ոնց են հակառակը ներակայացնում։

Մարդկանց ներարկում են՝ տեղներդ վեր ընկեք, սսկվեք, պայքարել եք, դրա համար այս է եղել, այն է եղել։ Ալիեւը հակառակն է ասում՝ օրերս էլ բողոքեց, ասաց՝ սաղ տալիս էին հայերին, մենք պայքարել ենք դրա համար, ասում է՝ ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան էլ ասում էին՝ սա Հայաստանինն է։ Մերոնք հակառան են ասում։ Տեսեք, թե այդ գաղափարական խառնաշփոթն ինչքան խորն է, որն այսօր սկսել է վարակել ամբողջ ազգին։

Ես ուզում եմ ընդգծել, որ կայսրությունների փլուզումից հետո ժողովուրդն ազգային ինքնորոշման մեկ ճանապարհ ունի, դու պետք է որոշի քո սեփական կոլեկտիվ ես-ը։ Եթե ժողովուրդը որոշում է ընտրել իր սեփական ես-ը, մենք-ը, կայսրությունը փլուզվում է, ինքը մնում է։

Ռոզա Հովհաննիսյան