
Step1.am-ի զրուցակիցն է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը
-Տիկին Ղարագյոզյան, արցախցիների բնակապահովման պետական ծրագրի ընթացքն ինչպե՞ս եք գնահատում, վերջերս կառավարության նիստում վիճակագրություն հնչեցվեց, ըստ որի՝ հավաստագիր ստացել էր 6125 ընտանիք, որից 2835-ն իրացրել են դրանք։ Արդյոք սա այն ցուցանի՞շն է, որն ակնկալում էր կառավարությունը, ինչո՞ւ է դանդաղ ընթանում ծրագիրը։
-Գուցե առաջին հայացքից թվերը փոքր են թվում, սակայն մենք այդդպես չենք գնահատում։ Ես նաև ներկայացնեմ այս պահի դրությամբ թվերը, և շատ ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում մենք մեծ տարբերություն ունենք։ Այս պահին արդեն 7331 ընտանիք ստացել է հավաստագիր, խոսքը շուրջ 30 200 անձի մասին է, և 3675 ընտանիք՝ շուրջ 17 000 անձ իրացրել են հավաստագրերը։ Տարբերությունն ակնհայտ է, ինչը նշանակում է, որ ծրագրի թվերը ամիս առ ամիս, նույնիսկ շաբաթ առ շաբաթ աճում են, եւ ունենք հսկայական աճի տեմպ, ինչին, իհարկե, նպաստում են մեր բարեփոխումները։ Մենք ականջալուր ենք լինում, նախորդ 3 կամ 6 ամսվա ընթացքում մեզ ներկայացրած դժգոհություններին, ուղղակիորեն շահառուների հետ ենք աշխատում՝ և թեժ գծից ենք վերլուծություն հանում, թե հիմնականում որ հարցերով են դիմում, և պաշտոնական գրագրությունն ենք վերլուծում, և, իհարկե, ամենօրյա շփում ունենք տեղահանվածների հետ։ Բոլոր խնդիրները վերլուծում են, և բոլոր այն խնդիրները, որոնք իրականում օբյեկտիվ են, լուծվում են, բայց, ցավոք, ունենք նաև խնդիրներ, որոնք սուբյեկտիվ են։
-Իսկ ի՞նչ խնդիրներ են հիմնականում բարձրաձայնում արցախցիները։
-Օրինակ՝ խնդիր էր, որ ընտանիքի մի անդամը չունի քաղաքացիություն, ինչի հետեւանքով ընտանիքի մնացած մասը չի կարողանում դիմել ծրագրին։ Մենք հունիս ամսվա վերջին փոփոխությամբ նոր կետ ավելացրեցինք, որ եթե ընտանիքի մեկ անդամը, օրինակ, քաղաքացիություն ստանալու հետ կապված խնդիր ունի, չի դիմի ներկայում, հետո հնարավորություն կունենա իր հավաստագիրը միավորել ընտանիքի նույնիսկ իրացրած հավաստագրին, այսինքն՝ ընտանիքի մնացած կազմը որևէ կերպ չի սահմանափակվի, ինչպես հավաստագրի ստացման, այնպես էլ դրա իրացման հարցում։
Սա վերաբերում է հատկապես այն ընտանիքներին, որտեղ կան տարեց անձինք և ովքեր ունեն փաստաթղթերի հետ կապված խնդիրներ՝ ծննդյան վկայականների և այլն։ Ընտանիքը հիմնական կազմով դիմում է, այնուհետև մյուս անդամները կդիմեն։
Ունենք խնդիր ամուսնալուծված ծնողների հետ կապված, երբ հստակ չէր, թե անչափահաս երեխաները որ ծնողի հետ պետք է լինեն, որովհետև քանի դեռ անչափահաս երեխայի իրավունքը իրացված չէ ծնողներից մեկի հետ, մենք մյուս ծնողին չէինք թողնում, որ ինքը դիմի առանձին։ Հիմա մենք հստակեցրել ենք՝ եթե կա դատարանի որոշում, այդ իրավունքը վերագրվում է դատարանի որոշմամբ որոշված ծնողին, եթե չկա այդ դատարանի որոշումը, ավտոմատ իրավունքը վերագրվում է մայր ծնողին։ Հայր ծնողներն էին հիմնական դժգոհողը, որ ամուսնալուծվելուց հետո երեխաները մայր ծնողի հետ են, բայց իրենք չեն կարողանում դիմել ծրագրից օգտվելու համար, և այս խնդրը նույնպես լուծվեց։
Տարբեր խնդիրներ ունեինք հավաստագրերի իրացման պրոցեսում բանկերի ընթացակարգերում։ Ժամկետանց վարկային պարտավորություն ունեցողները՝ հիմնականում ԴԱՀԿ-ում հայտնված շահառուները չէին կարողանում իրացնել հավաստագիրը, բայց վերջին փոփոխությամբ դա ևս կարգավորեցինք, որ եթե վարկը 100 տոկոսով սուբսիդավորվող է, այլևս նույնիսկ ԴԱՀԿ-ն չի խոչընդոտի, որպեսզի անձը հիփոթեք ձևակերպի։ Այսինքն՝ այսպիսի բազմաթիվ ընթացակարգային խնդիրներ են լինում ժամանակի ընթացքում։
–Իսկ կառավարության կատարած փոփոխությունները նպաստո՞ւմ են, որ ծրագրին դիմողների թիվը մեծանա։
-Միանշանակ, նպաստում են։ Ծրագրի մեկնարկից հետո բնակապահովման ծրագիրը 8 անգամ արդեն վերանայվել է։ Գուցե կողքից նայողը մտածի, որ ծրագիրը սխալ է գրվել, դա է վերանայման պատճառը, բայց ոչ, սա աննախադեպ ծավալի ծրագիր է եղել և ի սկզբանե հնարավոր էլ չէր լինի գրել այնպես, որ ինքը լիներ գերազանց, այսինքն՝ որևէ խնդիր չունենար։ Բայց այս փոփոխությունների փուլերը ցույց են տալիս, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և կառավարությունն ականջալուր են լինում ընթացքում ծագած բոլոր խնդիրներին և լուծում ենք տալիս։
–Օրինակ՝ արցախցի պաշտոնյաներն ասում են՝ եթե ի սկզբանե մեզ կանչեին, մեզ հետ քննարկեին բնակապահովման ծրագիրը, հնարավոր կլիներ հասցեական ու հնարավորինս անթերի ծրագիր ունենալ։ Արցախցիների հետ քննարկումներ եղե՞լ են այս ծրագիրը մշակելիս, ի նկատի ունեմ այն պաշտոնյաներին, ովքեր լավ տիրապետում են այս խնդիրներին եւ կարող էին օգտակար խորհուրդներ տալ այս հարցում։
-Քննարկումները պարբերաբար եղել են, այդ թվում՝ նախարարի տեղակալի մակարդակով, բազմաթիվ հենց արցախցի և պաշտոնյա, և ոչ պաշտոնյա, սովորական քաղաքացիների հետ։ Բազմաթիվ անգամներ եղել են հանդիպումներ, և այդ ձևաչափը շարունակական բնույթ է կրում, բայց պետք է տարբերակենք առաջարկների և դժգոհությունների որակը։ Այսինքն՝ եթե դրանք այնպիսի դժգոհություններ են, որոնք չեն հակասում մեր որդեգրած քաղաքականությանը, մեր հնարավորություններին, այլ հարց է։
Այս ամենի տակ հսկայական միլիարդներով դրամներ են, և պետական բյուջեն պիտի կարողանա իրականացնել դա, այսինքն՝ մենք չենք կարող կայացնել այնպիսի որոշում, որը հետո չենք կարողանա իրականացնել։ Եվ այն պահանջը, որ պիտի Երևանում էլ աջակցության չափը վերանայվի, բնականաբար, ընդունելի չէ։
Իսկ կան պահանջներ, որոնք մենք ուղղակի անձի խորհրդով չէինք կարող իրականացնել՝ մինչև մենք իրավակիրառ պրակտիկայում չկիրառենք և չհասկանանք, որ այստեղ կարող են ծագել խնդիրներ։ Ցանկացած առաջարկ, որը ներկայացվում է կառավարությանը, պետք է ունենա հիմնավորում, երբ դու հիմնավոր ներկայացնում ես, որ այս-այս փուլերն անցանք և արձանագրեցինք այս խնդիրները, դրանց վերանայումը և ճիշտ լուծում գտնելը շատ ավելի հեշտ է, քան ենթադրյալ լուծումների մասին խոսելը։ Մեր պրակտիկան ցույց տվեց, որ այս ձևաչափը շատ արդյունավետ է։
Եվ, հաշվի առնելով ներկայում ունեցած արձագանքը, թվերը, շահառուների տրամադրվածությունը, դիմելիության աճը, ես վստահ եմ, որ հիմնական բոլոր խնդիրները, որոնք ներկայացվել են մեր շահառուների կողմից, լուծված են։ Թերևս միակ չլուծված խնդիրը Երևանում աջակցության չափի վերանայումն է, որն, իհարկե, չի քննարկվում, չի քննարկվել և չի էլ քննարկվի, քանի որ դա հակասում է կառավարության որդեգրած քաղաքականությանը, որը տարածքային համաչափ զարգացումն է։ Մենք չենք կարող ամբողջ պոտենցիալը և բնակչությունը կենտրոնացնել Երևանում՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված։ Մենք միայն տվյալ ծրագրում չունենք այս մոտեցումը, մեր բոլոր բնակապահովման ծրագրերում այս մոտեցումը կա՝ ինչքան Երևանից հեռու կգտնվի գույքը, այնքան աջակցության չափն ավելի մեծ կլինի։
-Երբ փոխվեց երևանամերձ բնակավայրերի համար սահմանված գինը, և մեկ անձի հաշվով 3 մլն դրամը սահմանվեց 4 մլն դրամ, մարդիկ, իհարկե, ուրախացան, բայց այստեղ էլ խնդիր ծագեց, քանի որ բնակարանների գները միանգամից բարձրացան։ Պարզ է, որ առաջարկ-պահանջարկի սկզբունքն է գործում, բայց արդյոք մեխանիզմներ չկա՞ն, որպեսիզ հնարավոր լինի վերահսկել այդ իրավիճակը։
-Ցավոք, մեխանիզմներ չկան, որովհետև, այո, դուք նշեցիք, որ սա տնտեսագիտությունից մեզ հայտնի առաջարկի և պահանջարկի օրենքն է, և որևէ մեկը որևէ մեկին չի կարող արգելել, որ ինքն իր գույքը վճարի իր երազած գնով։ Գուցե կհայտնվի մեկը, ով կգնի այդ գնով, այսինքն՝ պետությունը նման արգելք դնել ուղղակի չի կարող որևէ մեկի առաջ, պետական որևէ մեխանիզմ այստեղ կիրառել չենք կարող։
Բայց բնակապահովման ծրագրերի իրականացման մեր փորձը՝ սկսած դեռևս 2020 թվականից, ցույց է տալիս, որ գների այս պիկը շատ կարճատև է և ինքը ինքնակարգավորվող գործընթաց է։ Այսինքն՝ վաճառողները ոգևորվում են՝ ծրագրերի գործոնով պայմանավորված և կարծում են, որ թանկ կարող են վաճառել։ Նույնը տեղի ունեցավ նախկինում՝ պատերազմներից հետո, ոչ միայն Ղարաբաղի մասին է խոսքը, նաեւ Ռուսաստանից քաղաքացիների մեծ հոսքի պայմաններում այստեղ տեսանք, թե ինչպես բարձրացան վարձակալության արժեքները։
Գուցե մեր շահառուների, սովորական քաղաքացու տեսանկյունից այս երևույթը բացասական է, այո, բացասական է, բայց առհասարակ երևույթը նորմալ է, օրինաչափ է ամեն ինչ, և ինքը ինքնակարգավորվող պրոցես է։ Եվ այսօր մենք, իհարկե, զրոյական վիճակի չենք հասել արժեքների առումով, բայց արդեն այն պիկն էլ չէ, որն էապես կխոչընդոտի հավաստագրերի իրացմանը։ Այդ մասին վկայում են մեր ցուցանիշները։ Հենց երեւանամերձ մարզերում հավաստագրի արժեքի բարձրացմամբ պայմանավորված միանգամից աճեցին այդ մարզերի ցուցանիշները։ Ամենաերեւանամերձ մարզը Կոտայքն է, և հավաստագրերի իրացման ամենամեծ թիվն ունենք հենց Կոտայքի մարզում՝ 903 ընտանիք։ Արարատում ունենք 432 ընտանիք, Արմավիրում ունենք 597 ընտանիք։ Եվ շատ կարևոր ցուցանիշ ունենք Երևանում՝ 394 իրացված հավաստագիր։ Թվում էր, թե բոլորը պետք է գույք ձեռք բերեն Երևանում, բայց այս պահին ընդամենը 394 հավաստագիր է իրացվել Երեւանում։ Եվ սա վկայում է այն մասին, որ այնպես չէ, որ բոլորը հակված են գույք ձեռք բերել Երևանում։ Մեր երևանամերձ մարզերը հատկապես այսօրվա պայմաններում որևէ կերպ Երևանից չեն տարբերվում։
–Եթե լուծվի զբաղվածության հարցը, շատերը կցանկանան բնակվել մարզերում, այդպես են ասում նաեւ բռնի տեղահանվածները։
-Այո, բարեբախտաբար, այսօր մենք արդեն զբաղվածության բնագավառում ունենք նոր նախաձեռնություններ, ունենք զբաղվածության ռազմավարություն, որից բխող միջոցառումների ցանկ ունենք, իհարկե, նաև տեղացիների համար, քանի որ այնպես չէ, որ զբաղվածության խնդիրը միայն տեղահանվածների շրջանում է։ Այսօր այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են արվում, և վստահ եմ, որ առաջիկայում այդ դժգոհությունը, որ մարզերում հավաստագրերի իրացմանը խոչընդոտում է զբաղվածության լուրջ խնդիրը, մենք այլևս չենք ունանա։
Շարունակելի
Ռոզա Հովհաննիսյան