
Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել»: Այս մասին այսօր «Ազատությանը» հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը:
Իրավապաշտպանը նշեց, որ այդ մտահոգիչ տեղեկությունները թեև ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն, ըստ նրա, դրանք արժանահավատ են և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով:
Սիրանույշ Սահակյան. – Ընտանիքները մեզ ևս հայտնում են վատթարացող առողջական վիճակի մասին տվյալներ, առանձին դեպքերում լուրջ ահազանգեր ունենք և եթե այդ տվյալները ստույգ են, դրանք կարող են նաև կյանքի հետ անհամատեղելի լինել:
«Ազատություն». – Այսինքն ծանր դեպքեր ունե՞նք այս պահի դրությամբ:
Սահակյան. – Այո, նման ահազանգեր մենք ստացել ենք լուրջ վնասվածքների վերաբերյալ: Ինքնուրույն ստուգելու հնարավորություն չունենք, իհարկե չեմ կարծում, որ ընտանիքները ունեն շարժառիթ սխալ կամ սուտ տեղեկություն ներկայացնելու, այս պահին մենք վստահում ենք այդ տեղեկատվությանը:
«Ազատություն». – Ի՞նչ վնասվածքների մասին է խոսքը:
Սահակյան. – Այդ թվում կոտրվածքներ:
«Ազատություն». – Այսինքն բռնությա՞ն հետևանքով կոտրվածքներ:
Սահակյան. – Չենք բացառում: Պատճառները չենք կարող վեր հանել, բայց մի քանի ահազանգի պարագայում դա եղած առողջական վիճակի սրման ահազանգ է, բայց կան դեպքեր, որոնք բռնության կամ միջամտության տարրեր կարող են ենթադրել:
Այն, որ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների առողջական վիճակը օր օրի վատթարանում է, «Ազատությանն» ահազանգում են հենց գերիների հարազատները: «Ազատությունը», սակայն, այս տեղեկությունները ինքնուրույն կամ այլ անկախ աղբյուրներից ստուգելու հնարավորություն չունի: