Ատելության խոսքի փոխարեն՝ Բերդավանում կառուցում են կամուրջներ

Մինչ հաճախ խոսում ենք բաժանարարների մասին, Տավուշի մարզի Բերդավանը ցույց տվեց, թե ինչպես կարելի է կառուցել կամուրջներ։ Այստեղ «Շեն մնանք միասին» նախաձեռնության շրջանակում մեկ հարկի տակ հավաքվել էին Բերդավանում բնակություն հաստատած արցախցիներն ու տեղի բնակիչները՝ ոչ միայն միմյանց ճանաչելու, այլև լսելու, հասկանալու և միասին մշակութային հիշողություն կիսելու համար։

Միջոցառումը հագեցած էր երգով, խոսքով, բարբառով ու հիշողություններով։ Խոսվում էր Տավուշի և Արցախի բարբառների նմանությունների, սովորույթների, ընտանեկան արժեքների ու կենցաղային ընդհանրությունների մասին։ Շատերի համար բացահայտում էր, թե որքան մոտ են երկու տարածաշրջանների խոսքն ու մշակույթը, իսկ բարբառը ոչ թե բաժանում, այլ միավորում է մարդկանց։

Հանդիպման ընթացքում արցախցիներն ու տեղացիները կիսվում էին իրենց պատմություններով, հիշում հայրենի գյուղերը, պատմում նոր համայնքում հաստատվելու ճանապարհի մասին։ Իսկ երբ խոսքը հասնում էր պատերազմներին, արդեն կարևոր չէր՝ ով Տավուշից էր, ով՝ Արցախից։ Բոլորը նույն ցավով էին հիշում այն տղաներին, ովքեր այլևս տուն չվերադարձան։

Մշակութային ծրագրի ավարտին արցախցի կանայք հյուրասիրեցին իրենց թոնրի հաց ու ժենգյալով հացը։ Այդ հյուրասիրությունը հայրենիքի համն էր, հիշողությունն ու մշակույթը, որը մարդիկ բերել են իրենց հետ՝ նոր բնակավայրում ևս պահպանելու և փոխանցելու համար։

Այսպիսի նախաձեռնությունները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Դրանք վերականգնում են վստահությունը, քանդում են կարծրատիպերը և ստեղծում մի միջավայր, որտեղ մարդիկ ճանաչում են միմյանց ՝ոչ թե լսած կարծիքներով, այլ անմիջական շփման միջոցով։

Այն օրերին, երբ հասարակության մեջ երբեմն ավելի բարձր են հնչում բաժանող խոսքերը, քան միավորողը, Բերդավանը ցույց տվեց, որ հնարավոր է ընտրել մեկ այլ ճանապարհ։ Ճանապարհ, որտեղ մարդիկ չեն մրցում, թե ում ցավն է մեծ, այլ կիսում են այդ ցավը։ Որտեղ չեն կենտրոնանում տարբերությունների վրա, այլ բացահայտում են այն ընդհանրությունները, որոնք վաղուց գոյություն ունեն։

Թող Բերդավանի այս նախաձեռնությունը օրինակ դառնա Հայաստանի մյուս համայնքների համար։ Այսօր մեզ առավել, քան երբևէ, անհրաժեշտ է ոչ թե բաժանման ու ատելության խոսք, այլ փոխադարձ հարգանք, համերաշխություն և մարդկային ջերմություն։ Որովհետև հենց նման հանդիպումներից է սկսվում այն հասարակությունը, որտեղ բոլորս կարող ենք իսկապես շեն մնալ միասին։

Մարիամ Սարգսյան