Ինչ քայլեր է անում Ամերիկայի Հայ դատը հանուն արցախցիների իրավունքների

Արցախի հարցը և արցախցիների իրավունքները շարունակում են մնալ միջազգային օրակարգի կենտրոնում։ Step1.am-ին տված հարցազրույցում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կառավարական  հարաբերությունների գծով տնօրեն Թերեզա Երեմյանը պատմում է ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպության կատարած աշխատանքի, արցախցիների աջակցությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների և Ադրբեջանի նկատմամբ ճնշումների մասին։ Նա առանձնահատուկ անդրադարձ է կատարում 907-րդ բանաձևին (ուղղմանը), ադրբեջանցի պաշտոնյաների դեմ հնարավոր պատժամիջոցներին, հայ գերիների ճակատագրին, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հետ համագործակցության վերաբերյալ «Հայ Դատի դիրքորոշմանն ու TRIPP ծրագրին։

Տիկին Երեմյան, Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությունից հետո վերադարձի իրավունքի հարցը շարունակում է մնալ ամենակարևորներից մեկը։ Ձեր կարծիքով՝ միջազգային իրավունքի ո՞ր մեխանիզմները կարող են ապահովել այդ իրավունքի իրականացումը, և ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայ Դատը այս ուղղությամբ։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) արցախահայության՝ իրենց բնօրրան` Արցախ, վերադառնալու իրավունքը դիտարկում է թե՛ որպես միջազգային իրավունքով համընդհանուր ճանաչված սկզբունք և թե՛ որպես ցանկացած տևական կարգավորման համար քննարկման ենթակա պարտադիր նախապայման:

Այն մեխանիզմները, որոնց վրա հենվում ենք, ներառում են ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի բռնի տեղահանված անձանց իրավունքներին վերաբերող շրջանակային համաձայնագրերը, Ռասայական խտրականության վերացման կոնվենցիայի շրջանակում Արդարադատության միջազգային դատարանում ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի հայցը (որը ներառում է 2023 թվականի սեպտեմբերին էթնիկ զտումների հետ կապված պահանջներ), ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ Մագնիտսկու թիրախային պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև ԱՄՆ օրենսդրական լծակները՝ առաջին հերթին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը:

Հայ Դատի գործնական քայլերի թվում են 2027 թվականի Ազգային անվտանգության և Պետդեպարտամենտի հատկացումների խթանումը, որով 100 միլիոն դոլարի հումանիտար աջակցություն է նախատեսվել Արցախից տեղահանվածների համար և սահմանվել վերահսկողական հատուկ պահանջներ: Նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնած՝ օտարերկրյա պետություններին հասցեագրված արտաքին օգնության նամակը, որը ստորագրել է ավելի քան 45 կոնգրեսական, ինչպես նաև 2026 թվականի սեպտեմբերին Կապիտոլիումում «Հաշվետվողականություն 2026. Արցախ՝ արդարադատություն։ Ազատություն։ Վերադարձի իրավունք» միջոցառումը, որը նախատեսվում է կազմակերպվել միջանկյալ ընտրություններից 50 օր առաջ՝ առավելագույն ազդեցություն ապահովելու համար։

Վերադարձի իրավունքի նախապայմանը նաև այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունների առանցքն է, որոնց շուրջ Հայ Դատը սերտորեն համագործակցում է իրեն աջակցող կոնգրեսականների հետ: Այն ներառում է HR 6840 «Հայաստանի անվտանգության գործընկերության ակտը», որտեղ հստակ նշված է, որ այս օրենքի ընդունումից հետո Ադրբեջանի կառավարությունը պետք է շոշափելի քայլեր ձեռնարկի Արցախի հայերի վերադարձի իրավունքը ճանաչելու և պատմամշակութային ու կրոնական կոթողները պահպանելու պարտավորություն ստանձնելու համար:

Վերադարձի իրավունքը նաև Կոնգրեսի երկկուսակցական հայկական հանձնախմբի՝ 2025 թվականի հուլիսին պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հղված նամակի առանցքային կետերից էր, որտեղ ընդգծված էր. «չնայած ԱՄՆ-ն մշակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր, մենք կոչ ենք անում ձեզ ներգրավել այս չլուծված հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովելու համար բռնի տեղահանված հայերի կոլեկտիվ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց բնիկ հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ»։

Ադրբեջանը շարունակաբար փորձում է հասնել ԱՄՆ-ի «Ազատության աջակցության ակտի» (Freedom Support Act) 907-րդ ուղղման չեղարկմանը, որը 1992 թվականից ի վեր արգելում է ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ չի վերացվել Հայաստանի և Արցախի շրջափակումը, և քանի դեռ Բաքուն չի հրաժարվել ուժի կիրառման քաղաքականությունից։ Մինչ օրս ԱՄՆ-ի ոչ մի վարչակազմ չի չեղարկել 907-րդ ուղղումը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Միացյալ Նահանգները շարունակում պահպանել այդ սահմանափակումը։

907-րդ հոդվածը երբեք չի չեղարկվել, որովհետև դրա հիմնարար հիմնավորումը՝ չկարգավորված հակամարտությունը, հայ պատանդների շարունակվող ապօրինի պատանդառումը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան, մնում է ուժի մեջ:

Միևնույն ժամանակ, օրենքի գործնական ուժը թուլացվել է. 2001 թվականից ի վեր երկու կուսակցությունների նախագահներն էլ ավանդաբար կիրառել են ազգային անվտանգության ամենամյա շրջանցման (waiver) իրավունքը: Վերջին անգամ դա արել է նախագահ Թրամփը՝ 2025 թվականի օգոստոսին՝ վկայակոչելով ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը և Ադրբեջանի դերը սահմանային անվտանգության հարցում: Չնայած նախագահ Բայդենը 2021 և 2022 թվականներին չեղյալ հայտարարեց 907-րդ հոդվածը, նրա վարչակազմը վերականգնեց բանաձևը 2023 թվականին Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումներից հետո: Նախագահ Թրամփը այն ժամանակավոր դադարեցրեց 2025 թվականի օգոստոսին։

Այսօր 907-րդ հոդվածը շարունակում է ենթարկվել հարձակումների: Վաշինգտոնում օտարերկրյա շահեր սպասարկող լոբբիստներն այն ավելի ու ավելի հաճախ են անվանում «անցյալի մնացուկ»: Ֆլորիդայից հանրապետական կոնգրեսական Լունան նույնիսկ ներկայացրել է HR 6534 «907-րդ հոդվածի չեղարկման ակտը», որն ունի ընդամենը 7 աջակից: Թեև հավանականությունը, որ նրա օրինագիծը աջակցություն կստանա և կընդունվի, փոքր է, այնուամենայնիվ, այն ցույց է տալիս Ադրբեջանի աճող ագրեսիվությունը: Հայ Դատը տասնամյակներ շարունակ առաջնահերթություն է համարել 907-րդ հոդվածի կիրառումը և շարունակելու է հետամուտ լինել դրա լիարժեք կիրարկմանը այս Կոնգրեսում, թե հետագայում:

Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։ Այսօր միջազգային ո՞ր մեխանիզմներն են առավել արդյունավետ նրանց ազատ արձակման համար, և ի՞նչ աշխատանք է տանում Ամերիկայի Հայ Դատը այս ուղղությամբ։

Հայ դատի հանձնախումբը հայ ռազմագերիների ազատ արձակումը դարձրել է օրենսդրական գերակայություն։ Ընդամենը օրերս՝ 2026 թվականի հուլիսի 22-ին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 44 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց HR 9086 օրինագծում կոնգրեսական Շերմանի լրացումը, որով Կոնգրեսը պաշտոնապես պահանջում է Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների անվերապահորեն ազատ արձակումը: Այս լրացումն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ՝ շնորհիվ Հայկական խմբակցության փոխնախագահ Շերմանի ղեկավարության և նախագահ Բրայան Մաստի աջակցության։

Օրենսդրական դաշտում ներկայումս ամենահստակ գործիքը մեր աջակցած HR 5369 օրինագիծն է («Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման ակտ»), որը ներկայացրել են կոնգրեսականներ Թայթուսը և Բիլիրակիսը: Այն ինքնաբերաբար պատժամիջոց չի սահմանում, այլ ստիպում է վարչակազմին 180 օրվա ընթացքում պաշտոնապես հայտարարել՝ արդյոք ցուցակում նշված 53 ադրբեջանցի պաշտոնյաներից յուրաքանչյուրը համապատասխանում է «Գլոբալ Մագնիտսկու» պատժամիջոցների կամ վիզայի արգելքի իրավական չափանիշներին: Խոսքը հրամանատարների, բանտային պաշտոնյաների, սահմանապահ ծառայության աշխատակիցների, և ամենամտահոգիչը, Բաքվի այն դատավորների մասին է, որոնք շինծու դատավարություններ են վարել Արցախի նախկին ղեկավարների՝ Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի նկատմամբ: Ոչ մի պատշաճ գործընթաց, առանց անկախ դիտորդների, հետին թվով հորինված մեղադրանքներով:

Ընդ որում, օրինագիծը չի հենվում միայն մեր պնդումների վրա. այն հղում է անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին, ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցներին, Human Rights Watch-ին, Freedom House-ին և Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի պարտադիր որոշմանը: Անցյալ օգոստոսի դրությամբ հաստատված էր առնվազն 23 գերու և պատանդի առկայությունը, թեև անկախ դիտորդները կարծում են, որ իրական թիվն ավելի բարձր է, որովհետև Ադրբեջանը հստակ տվյալներ չի տրամադրում: 2025 թվականի մարտին նրանք վտարեցին Կարմիր խաչին, որը միակ կազմակերպությունն էր, որն իրավասու էր մուտք գործել այս մարդկանց մոտ: Եվ երբ հրապարակվեցին խաղաղության համաձայնագրի պայմանները, այնտեղ ոչինչ չկար, որը երաշխավորեր նրանց ազատ արձակումը։ Ոչինչ։

Հայ Դատի խնդիրն այս ամենի հետևում կազմակերպչական աշխատանք տանելն է. մենք այս օրինագիծը ներկայացրել ենք Կապիտոլիում անցյալ սեպտեմբերին կազմակերպված մեր քարոզարշավի օրերին, շարունակում ենք ճնշում գործադրել յուրաքանչյուր քվեարկությունից առաջ և շարունակում ենք պնդել, որ գերիների ազատ արձակումը չի կարող դիտարկվել որպես «ինքնաբերաբար լուծվող հարց» խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Այն պետք է լուծվի որպես առանձին, անհետաձգելի պահանջ՝ հենց հիմա:

Գործնականում գերիների ազատ արձակման հարցը Կապիտոլիումի օրենսդրական աշխատանքների առանցքն է եղել թե՛ այս, թե՛ անցյալ տարի: 2025 և 2026 թվականների ամռանը Հայ Դատի «Լեո Սարգսյան» ամառային ծրագրի փորձնակները լայնածավալ իրազեկման արշավ իրականացրեցին օրենսդիրների շրջանում: Նրանք, հայ գերիների նկարներով դաջված շապիկներով, այցելեցին Կոնգրեսի բոլոր 535 գրասենյակները՝ աշխատակազմերին ներկայացնելու ապօրինի պատանդառված հայերի վիճակը: Այս ամառ լրացավ նաև նրանց անազատության 1000-րդ օրը, ինչը նշանավորվեց կոնգրեսական Շերմանի գլխավորած ասուլիսով՝ բարձրացնելու հարցի միջազգային հնչեղությունը:

Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է Արցախի հարցը շարունակում մնալ ամերիկացի քաղաքական գործիչների և զանգվածային լրատվության միջոցների օրակարգում։ Ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը պահպանվի արցախահայության իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ։ Կա՞ արդյոք գիտակցում, որ 1988 թվականին հենց Արցախից սկսվեց ԽՍՀՄ ապակոմունիզացման, մասնավոր սեփականության և շուկայական հարաբերությունների վերականգնման գործընթացը, իսկ 2020 թվականից՝ Արցախից սկսվեց աշխարհում ագրեսիվ պատերազմների մի շարք՝ Ուկրաինայում, Գազայում և Իրանի շուրջ։

Կոնգրեսական մակարդակում Հայ Դատը կարող է փաստել, որ հարցը չի փոշիացել. դրա վկայությունն են հանձնաժողովում 44 «կողմ» ձայների քվեարկությունը, Հայաստանին տրամադրվող աջակցության և TRIPP ծրագրի վերահսկողության վերաբերյալ օրենսդրական լրացումները, ինչպես նաև Հայկական հանձնախմբի նամակը՝ ավելի քան 45 ստորագրությամբ:

Լրատվամիջոցների ուշադրության հարցում վիճակն ավելի բարդ է. Արցախի թեման ստիպված է մրցակցել Ուկրաինայի, Գազայի և Իրանի իրադարձությունների հետ: Հայ Դատի ռազմավարությունը՝ Կապիտոլիումում մեր ուժերի մոբիլիզացումը միջանկյալ ընտրություններից 50 օր առաջ ժամանակացույցով, այն հաշվարկով, որ տվյալ ժամանակահատվածը մշտական ուշադրություն է ապահովում՝ պահանջելով նպատակային ազդեցություն ընտրական ցիկլի վրա։

Հայ Դատը մշտական աշխատանք է տանում ընտրովի պաշտոնյաների, հոգևորականության և լայն հանրության շրջանում՝ իրազեկելով Հայաստանի, Արցախի, մեր քրիստոնեական ժառանգության, անկախության համար մեր պայքարի, մեր ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան գործողությունների մասին՝ սկսած 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից, 1988-ի ջարդերից մինչև 2023 թվականի էթնիկ զտումները:

ԱՄՆ-ի Կոնգրեսում ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ կամ քաղաքական որոշումներ կարող են նպաստել Արցախի բռնի տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանությանը, հայ գերիների ազատ արձակմանը և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար պատասխանատվության ապահովմանը՝ ընդհուպ մինչև անհատական պատժամիջոցների կիրառումը։

Այս օրենսդրական նստաշրջանում Հայ Դատի ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական նախաձեռնություններն են.

– Կոնգրեսական Շերմանի լրացումը HR 9087 օրինագծում:

– Կոնգրեսական Կոստայի երկու փոփոխությունները HR 8595 օրինագծում, որոնք Ադրբեջանին ռազմական/անվտանգային աջակցությունը պայմանավորում են շոշափելի քայլերով (գերիների ազատ արձակում, Հայաստանի տարածքից զորքերի դուրսբերում, հայկական պատմամշակութային ու քաղաքացիական գույքի պաշտպանություն) և պահանջում են հաշվետվություն՝ հայկական նախկին բնակավայրերի քանդման և վերակառուցման մեջ օտարերկրյա ներդրումների վերաբերյալ:

– 2027 ֆինանսական տարվա NSRP հատկացումների օրինագծում Հայաստանին տրամադրվող աջակցության և TRIPP ծրագրի վերահսկողության դրույթները:

– Շարունակական լոբբինգը՝ ադրբեջանցի կոնկրետ պաշտոնյաների նկատմամբ Մագնիտսկի պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ:

Այս բոլոր նախաձեռնությունների երկու հիմնական պահանջներն են՝ 907-րդ հոդվածի լիարժեք կիրառումը և Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության վերջնական դադարեցումը:

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ խոսում են Արցախի մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության մասին։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ կարող են միջազգային մեխանիզմները պաշտպանել մշակութային ժառանգությունը այն տարածքներում, որտեղ իրականացվել է էթնիկ զտում։

Այս ոլորտում Հայ Դատի հանրային քարոզչության առանցքն են կազմում.

– ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական մանդատը (թեև Ադրբեջանը դիմադրում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելությունների մուտքին),

– Հաագայի կոնվենցիան՝ հակամարտությունների գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ,

– Արդարադատության միջազգային դատարանում ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի հայցում ներառված մշակութային ոչնչացման փաստերը,

– Անկախ արբանյակային մոնիտորինգի տվյալները (օրինակ՝ Caucasus Heritage Watch կազմակերպության կողմից),

– Կոնգրեսական Կոստայի փոփոխություններում տեղ գտած հաշվետվողականության պահանջները, որոնք թիրախավորում են օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկյան առևտրային ընկերությունների ներգրավվածությունը հայկական տարածքների վերակառուցման մեջ:

Հայ Դատի ընդհանուր դիրքորոշումն այն է, որ այս մեխանիզմներն արդյունավետ են այնքանով, որքանով կա դրանք կիրառելու քաղաքական կամք, և որ փաստաթղթավորման ջանքերը, առանց պարտավորեցնող հետևանքների, մինչ օրս գերազանցել են տեղում իրական պաշտպանություն ապահովելու ընթացքից:

Ինչպե՞ս եք գնահատում Ամերիկայի Հայ Դատի, Հայաստանի պաշտոնական իշխանությունների և ընդդիմության միջև համագործակցության մակարդակը Արցախի հարցերի շուրջ։ Կա՞ ընդհանուր պատկերացում արցախահայության իրավունքների պաշտպանության, բնակչության վերադարձի և հայ գերիների ազատ արձակման ուղիների վերաբերյալ։

Ցավոք, Հայաստանի կառավարությունը թշնամական դիրքորոշում է որդեգրել վեց մայրցամաքների տասնյակ մայրաքաղաքներում Հայ Դատի հանձնախմբերի կողմից իրականացվող հայանպաստ համաշխարհային աշխատանքի նկատմամբ: Փոխանակ ներկայացուցիչների հետ զուգահեռ կամ փոխլրացնող աշխատանք տանելու (կամ առնվազն լռություն պահպանելու այն հարցերի շուրջ, որոնցից նախընտրում է խուսափել), Երևանն ակտիվորեն փորձում է հարվածի տակ դնել մեր հայրենիքում և Սփյուռքում լայն աջակցություն վայելող առաջնահերթությունները՝ սկսած Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուց և հայ պատանդներին ազատ արձակելուց, մինչև արցախահայության անվտանգ վերադարձի ապահովումը:

Փաշինյանի անհեռատես մոտեցումը Սփյուռքի քարոզչական աշխատանքներին բարդացնում է մեր գործը, բայց չի շեղում մեզ մեր առաքելությունից: Հայ Դատը ներկայացնում է ամերիկահայության և մեր դաշնակիցների տեսակետներն ու արժեքները. ամերիկյան գործընկերներ, որոնք հավատացած են, որ անհնար է հասնել տևական խաղաղության՝ առանց Ադրբեջանի հանցագործությունների պատասխանատվության: Մեր ուղենիշը մնում է նույնը՝ Հայաստանի անվտանգությունը, արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը, բոլոր հայ գերիների անպայման ազատ արձակումը, ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրսբերումը և Արցախի կրոնական ու մշակութային կոթողների պաշտպանությունը:

Ինչպե՞ս է Հայ Դատը վերաբերվում Հայաստանի իշխանությունների մտադրությանը՝ ընդունելու նոր Սահմանադրություն և դրանից հանելու Հայաստանի Անկախության հռչակագրին և Հայաստանի ու Արցախի վերամիավորման վերաբերյալ 1989 թվականի որոշմանը կատարվող հղումները։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հայ ժողովուրդը հրաժարվում է Միացման գաղափարից։

Հայաստանի Սահմանադրության մեջ ցանկացած փոփոխություն պետք է կատարվի հայ ժողովրդի ժողովրդավարական մասնակցությամբ, այլ ոչ թե Բաքվի, Անկարայի, ԱՄՆ-ի կամ Եվրոպայի արտաքին ճնշումների պատճառով:

Ինչպե՞ս է Հայ Դատը վերաբերվում TRIPP նախագծին և հայ-իրանական սահմանի փաստացի կառավարման նպատակով ամերիկյան ընկերությունների ներգրավման գաղափարին։

Հայ Դատի դիրքորոշումը միանշանակ է. մենք կտրականապես մերժում ենք ցանկացած նախաձեռնություն, որը թուլացնում կամ խաթարում է Հայաստանի ինքնիշխանությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում, մասնավորապես վկայակոչելով այն, որ Սյունիքի տրանսպորտային ենթակառուցվածքի վարձակալությունը և դրա հետ կապված հանքարդյունաբերության մասին համաձայնագրերը լուրջ մտահոգություններ են առաջացնում ազգային անվտանգության և ինքնիշխանության վերաբերյալ՝ առանց արդար կամ տևական խաղաղության հաստատման:

Նման պայմանավորվածությունները կարող են կյանքի կոչվել միայն համապարփակ խաղաղության պայմանագրից հետո, որը պետք է ներառի հայ պատանդների ազատ արձակումը, արցախցի փախստականների վերադարձը և Հայաստանի տարածքից ադրբեջանական օկուպացիոն զորքերի դուրսբերումը:

Հայ Դատի աջակցությունը վայելող Կոնգրեսի հայկական հանձնախմբի նամակի միջոցով մենք հասել ենք նրան, որ Կոնգրեսը խիստ վերահսկողություն սահմանի՝ ապահովելու լիակատար թափանցիկություն, բարձրացնելու անհրաժեշտ հարցադրումները և ներդնելու պաշտպանական անհրաժեշտ մեխանիզմներ:

Արսեն Աղաջանյան