
Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սուրեն Զոլյանը։
–Պարոն Զոլյան, Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումն այսօր ուժի մե՞ջ է։ Մենք տեսնում ենք, որ մեր թշնամիները Հայաստանի իշխանություններին պարտադրում են հրաժարվել Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում անելուց, հետեւաբար, սա փաստում է, որ Միացումի հարցը փակ չէ՞։
– Այդ հարցին բազմաթիվ անգամ անդրադարձել եմ և իմ հոդվածներում, և «Нагорный Карабах: проблема и конфликт» գրքում։ Երկար կարելի է խոսել, սկսենք հիմնականից։ Նախ՝ թշնամի բառից սկսենք՝ 1988 թ․-ին ինձանից տարիքով գործընկերս, երբ բողոքում էինք Ադրբեջանի գործողություններից, ասաց` ամենավերջին բանը դա թշնամուց բողոքելն է։ Թշնամին գործում է այնքան, ինչքան դու թույլ ես տալիս իրեն գործել։ Դրա համար եկեք Ադրբեջանից չբողոքենք, այդ պետությունն իր հարցերն է լուծում, և պետք է հասկանանք, թե նպատակը որն է։ Նույն ձևով, երբ հռչակվեց Միացումը, հայ ազգն իր խնդիրներն էր լուծում։ Եվ դա եղել է ոչ թե 1988 թ․-ին, այլ 1920 թ․-ին, պետք է հասկանալ, որ դա եղել է ոչ միայն Արցախի հարցը, դա ընդհանուր Հայ դատի շարունակությունն է։ Իհարկե, խոսքը չէր գնում Արևմտյան Հայաստանի մասին, բայց ընդհանուր գաղափարը հետևյալն էր, որ հայ ազգը վերջ ի վերջո պիտի ներուժ հավաքի և կարողանա տեր կանգնել իր ճակատագրին։ Եվ սկսվեց։
Ես հիշում եմ, 1990 թ․-ին, երբ դեռ ԽՍՀՄ-ը կար, և արդեն շատ ծանր պահ էր, մենք մի խումբ պատգամավորներով քննարկում էին՝ ի՞նչ անել, ոնց որ թե փակուղու մեջ ենք, Հայաստանը ոչ մի բան չէր կարողանում անել, Արցախը մեկուսացված էր։ 1990-1991 թվականներին եւս շատ ծանր տարիներ էին Արցախի համար, նույն բանը կրկնվում էր՝ և բլոկադա էր, և Հայաստանի ներուժը չէր հերիքում, չուներ լծակներ, Ադրբեջանը կարողանում էր իր կամքը թելադրել Միութենական մարմիններին։ Պատգամավորներից մեկն ասաց՝ ով այդ գործը սկսել է, թող ինքն էլ պատասխան տա։ Մոտավորապես այսպիսի դաժան բան ասեց, և ներկա գտնվող Սոս Սարգսյանը, որն այն ժամանակ Միութենական խորհրդարանի պատգամավոր էր, ասաց՝ իսկ դուք կարո՞ղ եք ասել՝ ո՞վ է դա սկսել, միգուցե պա՞պս, որ մեռնելուց առաջ ասաց՝ միայն թե Արցախը Հայաստան լինի։ Ո՞վ է սկսել, դա սկսել է Հայաստանի ժողովուրդը, դա եղել է ոչ թե այս կամ այն քաղաքական գործչի գաղափարը, այլ՝ իսկապես համազգային շարժում։
Աշոտ Ոսկանյանը, որը մեր լավագույն փիլիսոփաներից է, շատ ճիշտ է ասել՝ Երրորդ Հանրապետությունը փաստորեն Արցախյան Հանրապետություն էր, որովհետեւ ոչ միայն սկզիբ է առել Ղարաբաղյան շարժումից, այլ նաեւ Ղարաբաղյան խնդիրը լուծելու համար։ Եվ այն, որ Անկախության հռչակագրում իրոք ամրագրված է այդ թեզը, դա պատահական չէ, դրանք ոչ թե գեղեցիկ խոսքեր են եղել, այլ, իրոք, դա ծնվել է Շարժումից։ Եվ անկախության գաղափարն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Խորհրդային Միության կազմում Խորհրդային Հայաստանը Ղարաբաղի հարցն ի վիճակի չէ լուծելու։
Երբ հիմա ասում են՝ Խորհրդային Միությունում ստրուկ ենք եղել, հայերին ճնշել են, սուտ է, շատ էլ լավ ապրում էինք, ամեն ինչ լավ էր, բայց կար երկու հարց, որտեղ հայ ժողովրդի հիմնախնդիրները լուծում չէին ստանում։ Դա Ցեղասպանության ճանաչումն էր և Արցախի հիմնահարցը։ Այսինքն՝ Երրորդ հանրապետությունը ստեղծվել է եւ հիմնված է այս երկու հիմնաքարի վրա։ Մենք այս առումով պիտի արժանին մատուցենք ադրբեջանական և թուրքական ղեկավարությանը, որովհետեւ նրանք շատ լավ հասկանում են, ինչի մասին է դա։ Ոչ թե քմահաճույք է, երբ ասում են՝ Սահմանադրության մեջ փոխեք այս կամ այն բառը, այլ կոնկրետ ռազմավարական նպատակ է։
Ասեմ ավելին, այս պահանջն առաջ դրված չէր։ Երբ ես բանակցությունների ժամանակ հանդիպում էի թուրքերի հետ, նրանք այդ մասին չէին խոսում, ոչ էլ Ադրբեջանն էր խոսում։ Թուրքերը խոսում էին այն մասին, որ հիշատակվում է Արևմտյան Հայաստան տերմիմը։ Նրանց համար մտահոգիչ էր ոչ թե Ցեղասպանության հիշատակումը, դա նրանք կարող էին ընդունել, եթե նշված լիներ, որ Ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում է իրականացվել, ինչպես ԱՄՆ-ի եւ շատ այլ պետությունների բանաձևերոմ է գրված։ Բայց մեզ մոտ հստակ նշված է եղել՝ Արևմտյան Հայաստան, և դա էր Թուրքիայի պնդումը, թե իբր Հայաստանի Սահմանադրոըթյունը, հիշատակելով Հռչակագիրը, անուղակիորեն տարածքային պահանջ է ներկայացնում Թուրքիային։ Այժմ Թուրքիան լռում է, սակայն դրա տեղը Ադրբեջանն է ակտիվացել։
Իրոք, այսօր ընթանում է Հայաստանի Հանրապետության կազմաքանդումը։ Սակայն պաշտոնապես որևէ մեկը Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը չեղյալ չի համարել։ Ուրեմն, պետք է համարել, որ դա իրավաբանորեն գործում է։ Ուստի, Հայաստանը, ի դեմս իր բարձրագույն իշխանության մարմինների, երբևիցե չի հրաժարվել այդ Միացումի գաղափարից։ Եվ բնական է, որ ոչ թե պետք է մեղադրենք Ադրբեջանին, որ իրենք այդ հարցը բարձրացնում են, այլ պետք է հասկանալ, որ, իրոք, միացման գաղափարը պետականորեն ամրագրված է։
Այլ բան, որ տանելով ջայլամի քաղաքականություն և մոռանալով ամեն ինչ, անգամ Հայաստանի Հանրապետության գոյության հիմնարար փաստաթուղթը, մենք որևէ հարց չենք լուծում։ Մենք կարող ենք դա մոռանալ, ամեն ինչ մոռանալ, բայց Ադրբեջանում, ինչպես հասկանում եք, այդ ամենը չեն մոռանում։
Ավելին, շատերն են ասել, անգամ Փաշինյանն է դա ասել, որ նույն Ադրբեջանի Սահմանադրությունը շատ ավելի կոնկրետ տարածքային պահանջներ ունի Հայաստանի Հանրապետության հանդեպ, քան այդ հիշատակումը։ Ադրբեջանի Սահմանադրությունում կոնկրետ ասված է, որ Ադրբեջանը 1918-1920 թվականների հանրապետության իրավահաջորդն է։ Իսկ այնտեղ, դուք գիտեք, թե ինչ պահանջներ են ներկայացված Հայաստանի Առաջին Հանրապետության տարածքի վերաբերյալ։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի շատ վերլուծաբաններ, այդ թվում՝ նախկին արտաքին գործերի նախարար Զուլֆուգարովը, որի հետ նույնպես հանդիպել եմ, նախկինում ասում էին՝ «եթե դուք վերադարձնեք 5 շրջանները, 7 շրջանների մասին ոչ ոք չի խոսելու», հիմա ասում են, թե Հայաստանի սահմաններն ուրվագծված են «Ալեքսանդրոպոլի պայմանագրով»։
Եվ այն, որ այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» մասին են խոսում, դա բավականին մտածված և երկարաժամկետ ծրագիր է։ Իրենց պահանջն է ստիպել հայությանը առհասարակ մոռանալ, թե ինչպես է ստեղծվել Երրորդ Հանրապետությունը։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ այս Երրորդ Հանրապետությունը, իրոք, կազմաքանդման փուլում է, այդ գործընթացը շարունակվում է, բնական է, մեկ օրում դա չի ավարտվի։ Դա սկսվել է դեռ անմիջապես 44-օրյա պատերազմից հետո, երբ այն ժամանակվա Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ նոր գաղափարով՝ Չորրորդ Հանրապետություն։ Ճիշտ է, հիմա Չորրորդ Հանրապետություն չեն ասում, որովհետև դրանով պիտի Երրորդ Հանրապետության գոյությունն ինչ-որ ձևով լեգիտիմացնեն, հիմա խոսում են «իրական Հայաստան»-ի գաղափարի մասին, բայց իրականում դա «արևմտյան Ադրբեջան» դոկտրինի քողարկված ձևն է։
-Այս վտանգավոր գործընթացները կանխելու ճանապարհ տեսնո՞ւմ եք, ի՞նչ պետք է անել այդ իրավիճակում։
-Եթե տեսնեի, հանդես կգայի ինչ-որ ծրագրով, բայց ես ճանապարհ չեմ տեսնում, որովհետև հանրության մեջ չկա դիմադրության ցանկություն։ Խորհրդային Միության քաղաքներում մենք բավական ապահով էինք, չէինք վախենում տեղական խուժանից, որը սովորություն ուներ 10 հոգով մեկի վրա հարձակվել։ Այդ խուժանը գիտեր, որ հայերի հետ պետք չէ գործ ունենալ, զգուշանում էին, որովհետև գիտեին, որ կողքից մյուս հայերը կգան օգնության։ Այսօր բոլորին այլ մոտեցում է՝ այն համերաշխությունը, որով հայությունը պետք է միասնական հանդես գա, չկա։ Անգամ կենցաղային մակարդակով տեսնում ենք՝ մեկին սպանում են, մնացածները հեռախոսներով նկարում են, որ հետո Ֆեյսբուքում հրապարակեն։
–Գուցե հենց մտածվա՞ծ են արել այսպես, որ այս ծրագրերն անխոչընդոտ կյանքի կոչեն։
-Շատ բնական է, ամեն ինչը սկսվում է կրթությունից, մշակույթից։ Եթե մարդկանց սովորեցնում են՝ «հարկերը տուր ու քեզանից էլ ոչ մի բան չենք ուզում», «հարստացիր և լավ ապրիր», «կրթվիր, որ լավ ապրես», բնական է, այսպես պետք է լիներ։ Ես տեսել եմ «կրթվիր, որ լավ ապրես» բովանդակությամբ պաստառ, այսինքն՝ կրթությունը կարծես թե լավ ապրելու ձև է, այլ ոչ թե մարդու ինքնակատարելագործման միջոց։ Եվ բնական է, որ այս պայմաններում Ռուբեն Վարդանյանի մասին մտածում են, թե ինքը երևի «ռուսական շպիոն» է եղել, թե ինչ, որովհետև այդ մարդը լավ էլ ապրում էր, ինչո՞ւ գնաց և կամովին այդպիսի ճակատագիր ընտրեց։ Այն, որ այդ մարդը կարող էր ազգի մասին ավելի շատ մտածել, քան իր անձնական բարեկեցության մասին, դա այդ զանգվածի մտքով չի անցնում։ Եթե ամեն տեղ տեսնում ենք՝ «կրթվիր, որ լավ ապրես», բնական է, մի քայլ այն կողմ է՝ «իշխանություն ունեցիր, որ բոլորին կարողանաս կողոպտել կամ պարգևավճար ստանալ»։ Այսինքն՝ համընդհանուր դեգրադացիայի դեպքում ոչ մի լուծում հնարավոր չէ գտնել, լավագույն լուծումն անգամ չի աշխատի։
-Իշխանությունը ներկայացնում է, թե «Ղարաբաղի հարցը թոկ էր Հայաստանի համար»։ Սա՞ էլ այս ծրագրի մի մաս է, այսինքն՝ իրենք դիտավորյա՞լ են հասարակությանը ներկայացնում, որ Ղարաբաղի հարցը միայն խնդիրներ էր ստեղծում մեզ համար։
– Եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ, պիտի պատրաստ լինես, որ խնդիրներ պետք է լինեն, և այդ խնդիրները դու պետք է լուծես։ Եթե դու քաղաքականության սուբյեկտ ես, բնական է, խնդիրներ կունենաս։ Բայց խնդիրները նաեւ լուծում ունեն, այդ լուծումը կար՝ մենք գիտենք ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թվականի ծրագրի մասին, որով Արցախը պիտի բաղկացած լիներ 7 շրջանից և ունենար կիսաանկախ, կիսաճանաչված կարգավիճակ։ Եվ 5 շրջաններում պետք է տեղակայված լիներ միջազգային կամ ռուսական խաղաղապահ զորք։ Այսինքն՝ այնտեղ ադրբեջանական զինուժ չպետք է մտներ։
Հիմա ո՞րն է ավելի պրոբլեմատիկ Հայաստանի Հանրապետության համար՝ այս իրավիճա՞կը, երբ անգամ ՀՀ տարածքները՝ թե Ջերմուկում, թե Սև լճում օկուպացված են, թե՞ այն ժամանակվա ծրագիրը, ըստ որի՝ այդ 7 շրջաններում պետք է լինեին խաղաղապահ ուժեր, և Հայաստանն ու Արցախը միասնական մի տարածք պիտի կազմեին՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված։ Եթե հիշում եք, այդ փաստաթղթերում կար նաև այս ամենը վավերացնող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը։
Պետք է շեշտել, որ արցախցիների վերադարձի իրավունքը միշտ էլ կա, ինչպես հրեա ժողովուրդն իր վերադարձի իրավունքը պահպանեց՝ չունենալով պետություն, 2000 տարի անց իրականացրեց այդ ամենը։ Դրա համար արցախցիները ավելի կազմակերպված պիտի լինեն և կոմպակտ բնակության համար մի բնակավայր ընտրեն՝ լինի Հայաստանում, Ռուսաստանում, չգիտեմ, Իրանում, սակայն դա շատ կարևոր է։ Պետք է լինի ինչ-որ տեղ, որտեղ Արցախը կշարունակի իր գոյությունը։
Շատ քչերը գիտեն, թե ինչու Մոնթեն տարաձայնություն ունեցավ և հեռացավ ԱՍԱԼԱ-ից։ Նա ասում էր՝ ավելի լավ է մենք քրդերի հետ պայմանավորվենք, Արևմտյան Հայաստանում մի բլուր գրավենք, մեկ շաբաթ այդ բլուրը պահենք և դա հռչակենք Արևմտյան Հայաստանի Հանրապետություն, դրանից շատ ավելի մեծ արձագանք կլինի, քան թուրք դեսպանների սպանություններից։ Այսինքն՝ այդպիսի լուրջ մտածող մարդը հասկանում էր, որ Արևմտյան Հայաստանն ոչ թե ահաբեկչական ակտերով պիտի լինի, այլ նաև գոնե մի քանի քառակուսի կիլոմետր տարածք, որը կունենա այդ անունը։
Մենք շատ կարող ենք խոսել վերադարձի իրավունքի մասին, բայց պետք է լինի մի տարածք, որտեղ կասեն՝ սա մենք ենք և պահանջում ենք։ Գոնե մի թաղամաս լինի, ենթադրենք Երևանում, իսկ եթե դա կղզի լինի Նոր Զելանդիայում, միգուցե շատ ավելի լավ կլինի, որպեսզի չխանգարեն։
Ռոզա Հովհաննիսյան