Արցախյան ՀԿ-ներ․ ինչպես են մշակույթն ու քաղաքացիական նախաձեռնությունները պահպանում համայնքը

2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո արցախահայությունը կորցրեց ոչ միայն հայրենիքը, այլև այն միջավայրը, որտեղ ձևավորվել ու գործում էին տասնյակ հասարակական կազմակերպություններ։ Եթե նախկինում դրանք աշխատում էին համայնքների զարգացման, կրթության, մշակույթի, սոցիալական աջակցության և մարդու իրավունքների ոլորտներում, ապա տեղահանությունից հետո կանգնեցին նոր իրականության առաջ՝ վերագտնել իրենց տեղը Հայաստանում, վերակազմակերպվել և գտնել նոր ֆինանսավորման աղբյուրներ։

Պաշտոնական վիճակագրություն չկա, թե այսօր Հայաստանում քանի արցախյան հասարակական կազմակերպություն է շարունակում գործել։ Սակայն ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ՝ ակտիվ գործունեություն է ծավալում մի քանի տասնյակ կազմակերպություն, որոնցից մի մասը կարողացել է վերականգնել աշխատանքը, մյուսները՝ դադարեցրել են գործունեությունը կամ գործում են միայն կամավորական ջանքերով։

Այսօր նրանց գործունեությունը վաղուց դուրս է եկել ավանդական ՀԿ-ների շրջանակներից։ Դրանք դարձել են համայնքների համախմբման, մշակութային հիշողության պահպանման, սոցիալական աջակցության և շահերի պաշտպանության կենտրոններ։

Ֆինանսավորումը՝ գոյատևման հիմնական մարտահրավերը

Տեղահանությունից հետո արցախյան ՀԿ-ների առջև ծառացած առաջին խնդիրը ֆինանսավորման կորուստն էր։ Արցախում գործող բազմաթիվ ծրագրեր դադարեցին, իսկ կազմակերպությունները ստիպված եղան նորից կառուցել իրենց գործընկերային ցանցը Հայաստանում։

Աջակցության հիմնական աղբյուրները դարձան Եվրոպական միությունը, ՄԱԿ-ի գործակալությունները, սփյուռքի եւ տեղական հիմնադրամները, անհատ բարերարներն ու պետական ծրագրերը։

Եվրոպական միությունը 2023 թվականից ի վեր հայտարարել է ավելի քան 78 միլիոն եվրոյի աջակցության մասին, որի մի մասը՝ շուրջ 9 միլիոն եվրոն, ուղղվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին։ Դրանք ներառում են սոցիալական ինտեգրման, զբաղվածության, կրթության, հոգեկան առողջության, համայնքային զարգացման և շահերի պաշտպանության նախաձեռնություններ։

Միաժամանակ գործում են նաև այլ ֆինանսավորման մեխանիզմներ։ «Արցախ միությունը» Իզմիրլյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ ստեղծել է արցախյան բիզնեսների տեղեկատվական շտեմարան՝ աջակցելով տեղահանված ձեռներեցների տնտեսական ակտիվությանը։ Մշակութային ոլորտում կարևոր դեր է ստանձնել նաև ռուս-հայկական «Դիալոգ» կազմակերպությունը, որի աջակցությամբ շարունակել են գործունեությունը մի շարք ստեղծագործական խմբեր, իրականացվել են հրատարակչական, գիտական և մշակութային ծրագրեր։ Վերջին տարիներին ակտիվացել են նաև ReArmenia-ի դրամահավաքային հարթակի միջոցով իրականացվող նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տվել մի շարք արցախյան կազմակերպությունների ֆինանսավորել իրենց ծրագրերը հանրային նվիրատվությունների միջոցով։

Սակայն, ինչպես նշում են ՀԿ-ների ղեկավարները, ծրագրային դրամաշնորհները հաճախ լուծում են կարճաժամկետ խնդիրներ և չեն ապահովում կազմակերպությունների երկարաժամկետ կայունությունը։

Երբ մշակույթը դառնում է դիմադրության ձեւ

Տեղահանությունից հետո մշակութային կազմակերպությունների դերը փոխվեց։ Եթե նախկինում նրանք հիմնականում զբաղվում էին մշակութային կյանքի կազմակերպմամբ, ապա այսօր նրանց գործունեությունը դարձել է ինքնության պահպանման գործիք։

Հենց այդ անհրաժեշտությունից էլ ծնվեց «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Կազմակերպությունը ստեղծվել է 2023 թվականի բռնի տեղահանումից անմիջապես հետո, երբ ակնհայտ դարձավ, որ վտանգված են ոչ միայն Արցախի պատմամշակութային հուշարձանները, այլև ոչ նյութական մշակութային ժառանգությունն ու դրա կենդանի կրողները՝ երգիչները, երաժիշտները, պարողները, դերասաններն ու ստեղծագործական խմբերը։

«Մեր նպատակն էր մեկ հարթակում համախմբել արցախյան մշակութային ներուժը, ապահովել պետական և ստեղծագործական համույթների գործունեության շարունակականությունը և անել ամեն հնարավորը, որպեսզի արցախյան մշակույթը չընդհատվի, այլ շարունակի ապրել, զարգանալ և փոխանցվել հաջորդ սերունդներին»,- նշում է կազմակերպության ղեկավար Ապրես Մարգարյանը։

Այսօր կենտրոնի կազմում գործում են շուրջ տասը արցախյան մշակութային համույթներ։ Սակայն դրանցից միայն մեկն ունի պետական կայուն ֆինանսավորում, իսկ մյուսները շարունակում են աշխատել ծրագրային աջակցության, դրամաշնորհների և բարեգործական նախաձեռնությունների շնորհիվ։

Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ մշակույթի պահպանումը շատ ավելի լայն հասկացություն է, քան միայն երգն ու պարը։

«Խոսքը մեր բարբառի, բանահյուսության, ազգային նվագարանների, ավանդույթների, ծեսերի, ձեռարվեստի, խոհանոցի, մշակութային հիշողության պահպանման մասին է։ Այսօր, երբ Արցախը բռնի հայաթափվել է, մշակույթը շարունակում է ապրել իր կրողների միջոցով»։

Այս գաղափարի ամենավառ արտահայտություններից մեկը դարձավ «Մենք կանք» կրթամշակութային նախաձեռնությունը։ Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերին Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ համախմբելով Արցախի պետական և ստեղծագործական համույթներին։ 2026 թվականին այն ներկայացվեց արդեն նոր ձևաչափով՝ արցախյան կոլեկտիվների կողքին ներգրավելով նաև Հայաստանի տարբեր ստեղծագործական խմբերի։ Այժմ նախաձեռնությունը տեղափոխվել է նաև մարզեր՝ նպատակ ունենալով ներկայացնել արցախյան մշակույթը Հայաստանի տարբեր համայնքներում։

Կազմակերպությունը փորձում է ներգրավվել նաև միջազգային ծրագրերում։ Այն արդեն ներկայացրել է մի շարք դրամաշնորհային հայտեր և ստացել միջազգային մշակութային փառատոների մասնակցության հրավերներ։ Սակայն, ինչպես նշում են կենտրոնում, նույնիսկ միջազգային հրավերները հաճախ մնում են անկատար՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։

«Դիզակ ԱՐՏ». երբ համայնքը վերակառուցվում է մշակույթի շուրջ

Մշակույթը համայնք պահելու միջոց է դարձել նաև «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության համար։

Այն ստեղծվել է 2021 թվականին՝ Հադրութի բռնի տեղահանումից հետո, իսկ 2023 թվականից հետո վերածվել է ամբողջ Արցախի տարբեր շրջաններից տեղահանված մարդկանց միավորող հարթակի։

Այսօր կազմակերպությունը համախմբում է Հադրութի, Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի և այլ համայնքների ներկայացուցիչներին։

Կազմակերպության ղեկավար Երազիկ Ավանեսյանի խոսքով՝ իրենց գործունեությունը վաղուց դուրս է եկել մշակութային միջոցառումների կազմակերպման շրջանակներից։

Այսօր իրականացվում են անվճար կրթամշակութային ծրագրեր երեխաների համար, ցուցահանդեսներ, համերգներ, թատերական ներկայացումներ, ինչպես նաև հավաքագրվում և հանրահռչակվում են Արցախի երգերը, բարբառներն ու բանահյուսությունը։

Ներկայում «Դիզակ ԱՐՏ»-ը գործում է Երևանում և Աբովյանում, ունի ավելի քան 160 սան, սեփական թատերախումբ, «Դիզակ Ֆոլկ Բենդ», իսկ 2025 թվականից կազմակերպում է նաև «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումը։

Կազմակերպության առաջին աջակիցը եղել է «Երազանք» հիմնադրամը, սակայն մինչ այժմ այն չի մասնակցել Եվրոպական միության դրամաշնորհային ծրագրերին։

«Մեր ամենամեծ խնդիրը մշտական տարածքի բացակայությունն է։ Մեզ անհրաժեշտ է սեփական մշակութային կենտրոն, որտեղ երեխաները կկարողանան սովորել, ստեղծագործել և պահպանել Արցախի մշակույթը»,- ասում է Ավանեսյանը։

Սոցիալական աջակցությունից մինչև շահերի պաշտպանություն

Եթե մշակութային կազմակերպությունները հիմնականում պահպանում են հիշողությունն ու ինքնությունը, ապա սոցիալական ուղղվածության ՀԿ-ները փորձում են լուծել տեղահանվածների առօրյա խնդիրները։

«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է կրթական, համայնքային և ծնողական աջակցության ծրագրեր։

Կազմակերպության նախագահ Մարիամ Աբրահամյանի խոսքով՝ արցախյան ՀԿ-ների համար ամենամեծ մարտահրավերներից մեկն այսօր միջազգային ֆինանսավորման սահմանափակ հասանելիությունն է։

«Միջազգային կազմակերպությունները հիմնականում շարունակում են աշխատել այն ՀԿ-ների հետ, որոնց հետ տարիներ շարունակ համագործակցել են։ Արցախի կազմակերպությունների հետ համագործակցությունը դեռևս մեծամասամբ սահմանափակվում է փորձի փոխանակմամբ և տեղեկատվական աջակցությամբ»։

Նրա կարծիքով՝ ժամանակի ընթացքում այս իրավիճակը պետք է փոխվի, քանի որ հենց արցախյան ՀԿ-ներն են ամենալավը ճանաչում տեղահանվածների իրական խնդիրները և կարող են առաջարկել առավել արդյունավետ լուծումներ։

Շահերի պաշտպանություն՝ միջազգային գործընկերների հետ

Տեղահանվածների խնդիրների բարձրաձայնման գործում կարևոր դեր են ստանձնել նաև համայնքային խորհուրդները։

Հունիսի 27-ին Դիլիջանում կայացած Երևանի և Դիլիջանի փախստականների համայնքային խորհուրդների համատեղ նիստում քննարկվել են բնակապահովման, քաղաքացիության, զբաղվածության, կրթության, առողջապահության և համայնքային ինտեգրման հարցերը։

Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի և «Քըմիթ Գլոբըլ» կազմակերպության կողմից։ Այս համագործակցությունը ցույց է տալիս, որ միջազգային ծրագրերն աստիճանաբար տեղափոխվում են մարդասիրական օգնությունից դեպի տեղահանվածների իրավունքների պաշտպանություն և նրանց մասնակցության խթանում։

Արցախյան ՀԿ-ների գործունեությունն այսօր վաղուց միայն ծրագրեր իրականացնելու մասին չէ։ Դրանք դարձել են այն հարթակները, որտեղ պահպանվում են մշակութային հիշողությունը, վերականգնվում են համայնքային կապերը, ձևավորվում է փոխօգնության միջավայրը և ներկայացվում են տեղահանվածների շահերը։

Միևնույն ժամանակ, բոլոր հարցազրույցների մեջ կրկնվում է նույն միտքը. առանց կայուն և երկարաժամկետ ֆինանսավորման, սեփական տարածքների, ինստիտուցիոնալ աջակցության և միջազգային դոնորների հետ ուղղակի համագործակցության նույնիսկ ամենաակտիվ կազմակերպությունները դժվարությամբ կկարողանան պահպանել իրենց գործունեությունը։

Արցախյան ՀԿ-ների պատմությունը, փաստորեն, դարձել է ոչ միայն քաղաքացիական հասարակության գոյատևման պատմություն, այլ նաև ինքնության պահպանման պայքարի մի մասը։ Այս կառույցները փորձում են անել այն, ինչ անհնար էր թվում 2023 թվականի սեպտեմբերից հետո՝ պահպանել մի մշակույթ, որը զրկվել է իր աշխարհագրական տարածքից, բայց շարունակում է ապրել մարդկանց հիշողության, ստեղծագործության և համատեղ աշխատանքի միջոցով։

Մարիամ Սարգսյան