
Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը, երբ ցուցահանդեսից հեռացվել էր Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը պատկերող աշակերտի աշխատանքը, լայն հասարակական արձագանք առաջացրեց։ Թեև դպրոցի տնօրինությունը հետագայում պարզաբանեց, որ աշխատանքը հեռացվել է ներքին կարգապահական կանոնների խախտման պատճառով, միջադեպի շուրջ առաջացած քննարկումները դուրս եկան մեկ կրթական հաստատության սահմաններից՝ վերածվելով արցախյան մշակութային հիշողության պահպանման վերաբերյալ ավելի լայն հանրային քննարկման։
Step1.am-ի հետ զրույցում «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ապրես Մարգարյանը նշեց, որ խնդիրը չի սահմանափակվում մեկ առանձին դեպքով։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում նկատվում է արցախյան մշակութային հիշողության և ինքնության աստիճանական մարգինալացման միտում, որն արտահայտվում է ինչպես պետական մակարդակում միջազգային պաշտպանության մեխանիզմների ոչ լիարժեք կիրառմամբ, այնպես էլ առանձին հաստատություններում արձանագրվող դեպքերով։
Մարգարյանի խոսքով՝ հատկապես մտահոգիչ է այն, որ հանրային դաշտում կուտակվում են տեղեկություններ տարբեր մշակութային հաստատություններում «Արցախ» անվան կամ արցախյան խորհրդանիշների կիրառման սահմանափակումների, ինչպես նաև հիշողության պահպանման տարբեր ձևերի նկատմամբ զգուշավոր վերաբերմունքի մասին։ Նրա գնահատմամբ, նույնիսկ եթե նման երևույթները չեն բխում կենտրոնացված հրահանգներից, դրանք ձևավորում են այնպիսի միջավայր, որտեղ առանձին պաշտոնյաներ կամ հաստատություններ սկսում են ինքնուրույն խուսափել Արցախի թեմայի հանրային ներկայացումից։
Ապրես Մարգարյանը նաև ընդգծեց, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը պարզապես արվեստի գործ կամ զբոսաշրջային խորհրդանիշ չէ։ Այն տասնամյակներ շարունակ եղել է Արցախի ամենաճանաչված մշակութային խորհրդանիշներից մեկը և դարձել հայության հավաքական հիշողության կարևոր բաղադրիչ։ Նրա գնահատմամբ՝ եթե նման խորհրդանիշի պատկերումը կրթական միջավայրում կարող է ընկալվել որպես անընդունելի, ապա խոսքն արդեն միայն մեկ վարչական որոշման մասին չէ, այլ հասարակությանը փոխանցվող ավելի լայն ազդակի։
Քննարկման կարևոր բաղադրիչներից է նաև արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցը։ Եթե Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում հիմնական վտանգը վերաբերում է եկեղեցիներին, հուշարձաններին և այլ նյութական արժեքներին, ապա Հայաստանի ներսում առաջնային նշանակություն է ստանում մշակութային հիշողության, պատմական անվանումների, խորհրդանիշների, լեզվական և մշակութային ինքնության պահպանումը։ Մասնագետների գնահատմամբ՝ մշակութային ժառանգության շարունակականությունը կախված է ոչ միայն ֆիզիկական հուշարձանների գոյությունից, այլև այն բանից, թե որքանով են այդ արժեքները պահպանվում կրթության, արվեստի և հանրային կյանքի մեջ։
Step1.am-ին տված հարցազրույցում Մարգարյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի կողմից դեռևս ամբողջությամբ չեն օգտագործվում միջազգային իրավական այն հնարավորությունները, որոնք կարող են ծառայել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության նպատակին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հետևողականորեն փաստագրել խախտումները, դրանք ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին և այլ միջազգային կառույցներին, ինչպես նաև կիրառել միջազգային իրավունքի ընձեռած մյուս գործիքները։
Միաժամանակ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» հիշեցնում է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված 2023–2027 թվականների մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մշակութային իրավունքների պաշտպանությունն ու ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը սահմանվել են որպես պետական առաջնահերթություն։ Սակայն, ըստ կազմակերպության, առանձին դեպքերը ցույց են տալիս, որ ռազմավարական նպատակների և գործնական իրականության միջև դեռևս առկա է զգալի անհամապատասխանություն։
«Մենք ենք մեր սարերը» նկարի շուրջ ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ արցախյան մշակութային ժառանգության պահպանման հարցը վերաբերում է ոչ միայն անցյալին, այլև ապագային։ Այն, թե որքան հետևողականորեն կպահպանվեն Արցախի պատմական խորհրդանիշները, մշակութային հիշողությունն ու ինքնության բաղադրիչները Հայաստանի հասարակական և մշակութային կյանքում, մեծապես կորոշի, թե արդյոք հաջորդ սերունդները կկարողանան պահպանել կենդանի կապը այդ ժառանգության հետ։ Այդ պատճառով խնդիրը պահանջում է ոչ միայն առանձին միջադեպերի գնահատական, այլև համակարգային քաղաքականություն՝ ուղղված արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու սերունդներին փոխանցմանը։
Արսեն Աղաջանյան