
Արցախցի հասարակական գործիչ, «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղում, ապա ուսումը շարունակել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի պետական համալսարանում՝ ավարտելով կառավարման ֆակուլտետը։
Հաստատվել է Սամարայում, աշխատել տարբեր պետական կառույցներում, ստեղծել հաջողված բիզնես և կայացած կյանք։ Սակայն, ինչպես ինքն է ասում, հայրենիքի հետ կապը երբեք չի կտրվել։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին նա վերադարձել է Արցախ, իսկ պատերազմի ավարտից հետո որոշել է մշտապես բնակվել այնտեղ։ 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո, հազարավոր արցախահայերի պես, ստիպված լքել է հայրենի հողը։
Այսօր նա շարունակում է պայքարել Արցախի ժողովրդի իրավունքների, վերադարձի գաղափարի և պետական ինստիտուտների պահպանման համար։
«Այս պայքարը իմ անձնական որոշումն է»
Անաստաս Իսրայելյանն ասում է, որ իր պայքարը սեփական խղճի առաջ ունեցած պարտավորություն է։
«Իմ պայքարը իմ անձնական որոշումն է։ Այն ծնվել է իմ սրտում ու հոգում։ Այն ամենը, ինչ անում եմ, անում եմ, որպեսզի տարիներ անց կարողանամ ինքս ինձ և իմ երեխաներին պատասխան տալ՝ ի՞նչ եմ արել Արցախի համար, երբ նա հայտնվել էր ծանր իրավիճակում։ Ո՞րն է եղել իմ դերակատարությունը՝ որպես արցախցու»։
Նրա խոսքով՝ թեև ընտանիքով երկար տարիներ բնակվել է Սամարայում, սակայն մշտապես այցելել է Արցախ։
«Ծնողներս, քույրս գյուղում էին ապրում, այնտեղ էին իմ նախնիների գերեզմանները։ Կապս հայրենիքի հետ երբեք չի կտրվել։ Ամեն դժվար ժամանակ փորձել եմ օգտակար լինել, թեկուզ հեռվից»։
2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում աջակցել է ֆինանսապես, իսկ 2020 թվականի պատերազմի ժամանակ որոշել է անձամբ մեկնել Արցախ։
«Մոտ 700 հազար դոլարի օգնություն հասցրի Արցախ»
Պատերազմի առաջին օրերից Իսրայելյանը կազմակերպել է լայնածավալ մարդասիրական աջակցություն։
«Պատերազմը սկսվելուց մի քանի օր անց կազմակերպեցի մոտ 700 հազար ԱՄՆ դոլարի բարեգործական օգնություն և անձամբ հասցրեցի Ստեփանակերտ։ Այդ միջոցները իմ և ընկերներիս աջակցությամբ էին հավաքվել»։
Նրա նախաձեռնությամբ Արցախի իշխանություններից հավաքագրվել է առաջնահերթ անհրաժեշտ ապրանքների ցանկը։
«Կապ հաստատեցին Ստեփանակերտի քաղաքապետարանից, հիվանդանոցներից, Պաշտպանության բանակից։ Արցախ հասցրեցինք մոտ 100 տոննա ալյուր, որի մի մասը տրամադրվեց բանակի հացի արտադրամասերին։ Հիվանդանոցներին փոխանցեցի երկու մեծ մեքենա դեղորայք, իսկ Պաշտպանության բանակին նվիրեցի վեց ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա։ Այդ ամենի վերաբերյալ ունեմ պաշտոնական փաստաթղթեր»։
Բացի նյութական օգնությունից, նա նաև զգալի գումար է փոխանցել Արցախի իշխանություններին։
«Ինձ մոտ նաև կանխիկ միջոցներ կային։ Ինքս դիմեցի իշխանություններին, որպեսզի ներկայացնեն հաշվեհամար, և փոխանցեցի 18 միլիոն ու ևս 5,5 միլիոն ռուսական ռուբլի՝ պատերազմի կարիքների համար։ Ամեն ինչ իրականացրել եմ բաց ու թափանցիկ ձևով։ Մինչև վերջին օրը մնացել եմ Արցախում։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օգնությունը չէինք տեղափոխում մեծ շարասյուններով։ Ամեն անգամ անձամբ Երևանից երկուական բեռնատար մեքենաներով բեռներն էի հասցնում Արցախ»։
Պատերազմից հետո նա սկսել է զբաղվել նաև հասարակական գործունեությամբ՝ համագործակցելով Արցախի պետական կառույցների և այն ժամանակվա պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։
«Բլոկադայի օրերին ոչ ոք չէր մտածում հեռանալու մասին»
Անաստաս Իսրայելյանի համոզմամբ՝ արցախցին մինչև վերջին պահը պատրաստ էր մնալ սեփական հողում։
«Մեր կատարած բարեգործությունը ոչինչ է հազարավոր մարդկային կորուստների համեմատ։
44-օրյա պատերազմից հետո փորձում էինք նորից ոտքի կանգնել։ Նույնիսկ շրջափակման ամենածանր օրերին մարդիկ չէին մտածում հեռանալու մասին։ Բոլորը պատրաստ էին մինչև վերջ մնալ իրենց հողի վրա»։
Նրա գնահատմամբ՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախը մնաց միայնակ։
«Դա ես դավաճանություն եմ համարում։ Եթե պատերազմից հետո ճիշտ շարունակվեր մեր պայքարը, համոզված եմ՝ Արցախը կմնար հայկական։
Այսօր մեզ մեղադրում են, թե չենք պայքարել, չենք մնացել։ Բայց եթե ասում են, որ Արցախը գիտակցաբար զոհաբերվել է Հայաստանի անկախության համար, ապա ինչպե՞ս կարելի է արցախցիներին մեղադրել չմնալու համար։
Ես ուզում եմ պատասխաններ ստանալ՝ որպես արցախցի, որպես իմ հայրական տան շարունակող»։
Նրա խոսքով՝ հազարավոր արցախցիներ նույն հարցերն ունեն։
«Սա միայն արցախցիների հարցը չէ։ Արցախի մշակույթը, պատմությունը, հողը ամբողջ հայ ժողովրդինն են։
Ցավով եմ տեսնում, որ շատերն արդեն կարծես հարմարվել են այս իրավիճակին։ Ես չեմ կարող դա ընդունել։ Եթե ինչ-որ մեկը հարցնում է՝ ո՞վ է Անաստաս Իսրայելյանը, ապա իմ պատասխանը մեկն է՝ ես այն մարդն եմ, ով փորձում է մինչև վերջ պայքարել իր ժողովրդի համար։ Իսկ դուք ի՞նչ եք անում»։
«Պետք է պահպանել Արցախի պետական ինստիտուտները»
«Մեր վերադարձը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ժողովուրդը համախմբված մնա Հայաստանում և չկորցնի հավաքական վերադարձի գաղափարը։
Պետք էր ստեղծել համախմբման դաշտ, որի շուրջ կհավաքվեին պահանջատեր մարդիկ։ Ցավոք, այսօր շատ դեպքերում տեսնում եմ մարդկանց, որոնք չեն կարող պատասխանատվություն վերցնել։ Խնդիրը որակի մեջ է»։
Նա նշում է, որ վերջին երեք տարիներին ժողովրդի վստահությունը պետական կառույցների նկատմամբ զգալիորեն նվազել է։
«Այսօր Արցախի պետական ինստիտուտների թուլացումը լուրջ հարված է վերադարձի գաղափարին և մեր իրավունքների պաշտպանությանը»։
Իսրայելյանի համոզմամբ՝ միջազգային հանրությունը տարիներ շարունակ համագործակցել է Արցախի պետական կառույցների հետ, և դրանց պահպանումը կարևոր քաղաքական ու իրավական նշանակություն ունի։
«Այսօր ոչինչ չի խանգարում պահպանել այդ ինստիտուտները։ Խնդիրը ոչ Սահմանադրության մեջ է, ոչ օրենքներում։ Դրանք հնարավորություն են տալիս ընտրել նախագահ, Ազգային ժողովի նախագահ։ Խնդիրը մարդկանց միջև առկա հակասություններն են։
Ադրբեջանի բոլոր պահանջները կառուցված են կեղծ պատմության վրա։ Իսկ Արցախը հազարամյակներով հայկական է եղել։ Դա գիտի ամբողջ աշխարհը։
Այսօր գուցե իրավիճակը ծանր է, բայց աշխարհաքաղաքական իրողությունները կարող են փոխվել։ Այդ դեպքում վերադարձի իրավունքը կրկին կարող է դառնալ իրական հնարավորություն։ Դրա համար մենք պարտավոր ենք պահպանել Արցախի պետական ինստիտուտները»։
Հասարակական գործիչը նշում է, որ պարբերաբար հանդիպում է Արցախի ղեկավարության ներկայացուցիչների հետ և մշտապես բարձրացնում է այս հարցը։
«Որպես պահանջատեր արցախցի պատրաստ եմ անձամբ պատասխանատվություն վերցնել՝ հասկանալով բոլոր դժվարություններն ու վտանգները։
Սակայն զգում եմ, որ շատերը պարզապես չեն ցանկանում տեսնել, որ ժողովրդի շարքային ներկայացուցիչը կարող է կանգնել ժողովրդի կողքին և առաջնորդել այդ գործընթացը։
Վերջին հանդիպման ժամանակ ինձ վստահեցրել են, որ օգոստոսի երկրորդ կեսին նախատեսվում է նիստ, որտեղ քննարկվելու է Արցախի նախագահի թեկնածության հարցը։
Սպասում եմ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Իսկ հետո, եթե անհրաժեշտ լինի, կրկին հանդես կգամ»։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ