Հուշերի տունը՝ վերադարձի հավատով. Ինարայի ցավոտ արվեստը

Մասնագիտությամբ նկարիչ Ինարա Հայրապետյանը ծնվել է Արցախի Ճարտար քաղաքում։ Ավարտել է Արցախի պետական համալսարանի կերպարվեստ-գծագրություն բաժինը, ապա մագիստրոսական կրթությունը շարունակել մանկավարժության ուղղությամբ։ Մինչև բռնի տեղահանությունը նա աշխատում էր Ճարտարի արվեստի դպրոցում՝ որպես կերպարվեստի ուսուցչուհի, իսկ 2020 թվականի պատերազմից հետո դասավանդում էր նաև Սոսի և Քերթի արվեստի դպրոցներում՝ երեխաներին փոխանցելով արվեստի հանդեպ իր սերն ու գիտելիքը։ Արցախում Ինարան զբաղվում էր նաև կիրառական արվեստով՝ նկարազարդելով շապիկներ, բաժակներ և այլ իրեր, կատարելով բազմաթիվ պատվերներ։

Սակայն 2023 թվականի բռնի տեղահանությունը նրա կյանքում փոխեց ամեն ինչ։ Կորցնելով տունը, հայրենի քաղաքն ու տարիներով ստեղծած աշխարհը՝ նա երկար ժամանակ չէր կարողանում վերագտնել ստեղծագործելու ուժը։ Ամենամեծ ցավը, սակայն, կապված էր ոչ թե իր, այլ որդու հետ։

«2023 թվականի տեղահանությունից հետո, երբ կորցնելով ամեն ինչ՝ նորից փորձում էինք ապրել, ինձ համար ամենացավալին այն էր, որ երեք տարեկան որդիս կարող էր մոռանալ մեր տունը, մեր քաղաքը։ Մեկ տարի անց որոշեցի թղթե կարտոնից կառուցել մեր տունն ու բակը, որպեսզի երեխաներս միշտ հիշեն, թե որտեղից են»,- պատմում է Ինարան։

Այդ առաջին մակետը ստեղծվել էր միայն իր ընտանիքի համար՝ որպես հիշողություն և որպես կամուրջ դեպի հայրենի տուն։ Սակայն երբ Ինարան լուսանկարները հրապարակեց սոցիալական ցանցերում, արձագանքը սպասվածից շատ ավելի մեծ էր։ Անծանոթ մարդիկ անգամ զանգահարում ու գրում էին՝ խնդրելով պատրաստել նաև իրենց հայրենի տները։

«Սկզբում հրաժարվում էի։ Ասում էի, որ սա արել եմ միայն իմ երեխաների համար։ Բայց մարդիկ շարունակում էին գրել, խնդրել։ Երկար մտածելուց հետո ընդունեցի առաջին պատվերը։ Ստեփանակերտից մի ընտանիքի համար պատրաստեցի նրանց տունը, հետո արդեն սկսեցին հաջորդ պատվերները։ Մարդիկ ուղարկում են իրենց տների լուսանկարները, իսկ ես փորձում եմ հնարավորինս ճշգրիտ վերականգնել դրանք»։

Այսօր Ինարայի արվեստանոցը դարձել է հիշողությունների վերածննդի փոքրիկ աշխարհ։ Նրա ձեռքերով վերակառուցված յուրաքանչյուր տուն պարզապես մանրակերտ չէ։ Դրանք մարդկանց մանկությունն են, ընտանիքի պատմությունը, բակի ծառերը, պատուհաններից բացվող տեսարանը, այն ամենը, ինչ մնացել է հայրենիքում։ Այդ փոքրիկ տները դառնում են անցյալի շոշափելի մաս, որը մարդիկ պահում են իրենց աչքի առաջ՝ չկորցնելու համար վերադարձի հավատը։

«Թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես շատ ծանր աշխատանք է։ Ամեն տան հետ նորից ապրում եմ մարդկանց պատմությունը։ Բայց միևնույն ժամանակ հանգստություն եմ զգում, որովհետև կարողանում եմ մարդկանց թեկուզ փոքրիկ ուրախություն ու հույս պարգևել։ Առանձնապես հուզիչ է այն պահը, երբ մակետի ներսում վառվում են տան լույսերը։ Այդ լույսերի հետ կարծես մարդկանց հույսն էլ է կրկին վառվում»։

Յուրաքանչյուր աշխատանք պահանջում է մեծ համբերություն, ճշգրտություն և վարպետություն։ Ինարան օգտագործում է տեխնոպլեքս, քար, ցեմենտ, գիպս, տարբեր տեսակի սոսինձներ և այլ նյութեր՝ ընտրելով դրանք ըստ տան կառուցվածքի ու ամենափոքր մանրամասների։ Նրա ստեղծած մակետներում պատահական ոչինչ չկա. յուրաքանչյուր պատուհան, տանիք, աստիճան կամ ցանկապատ հիշողության մի մասնիկ է, որը նա վերածում է արվեստի գործի։

Այսօր ընտանիքը շարունակում է ապրել վարձով՝ փոքր բնակարանում, ինչը սահմանափակում է աշխատանքի հնարավորությունները։

«Եթե հնարավորություն ունենայի ունենալ ավելի մեծ ու սեփական տուն, ավելի մեծ ծավալով աշխատանքներ կկարողանայի անել և ավելի շատ մարդկանց կպարգևեի այդ ուրախությունը»։

Պատվերների շարքում կան նաև ամենածանր խնդրանքները։ Շատերը ցանկանում են, որ նա վերակերտի նաև իրենց հարազատների գերեզմանները, սակայն Ինարան խոստովանում է, որ այդ ցավին դեռ պատրաստ չէ։

«Մարդիկ անգամ գերեզմանների նկարներն են ուղարկում, որ պատրաստեմ։ Դա չափազանց ծանր է, և ես մեծ ուժ եմ գործադրում, որպեսզի մի օր կարողանամ անել նաև դա։ Այս պահին դեռ պատրաստ չեմ»։

Ինարա Հայրապետյանի ստեղծած փոքրիկ տները պարզապես ճարտարապետական մանրակերտներ չեն։ Դրանք հիշողության պահապաններ են, կորցրած հայրենիքի կենդանի պատկերներ և վերադարձի սպասման խորհրդանիշներ։ Երբ դրանց ներսում լույս է վառվում, կարծես մի ամբողջ տուն է կրկին շունչ առնում՝ մարդկանց սրտերում պահպանելով այն համոզմունքը, որ մի օր այդ լույսերը նորից կվառվեն արդեն իրենց իսկական տներում՝ հայրենի Արցախում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ